ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկը» շահագրգիռ հարևաններ չունի

Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկը»  շահագրգիռ հարևաններ չունի
14.03.2025 | 11:39

«Խաղաղության խաչմերուկը», որպես տարածաշրջանային տնտեսաքաղաքական-կոմունիկացիոն նախագիծ, կարո՞ղ է արդյոք Հայաստանի համար լինել բանալի՝ տարածաշրջանային փակուղուց դուրս գալու համար: Արտաքուստ բավականին գրավիչ և խաղաղասիրական ու բարիդրացիական բովանդակություն ունեցող այս նախագիծը իրականացման ճանապարհին ունի մի քանի լուրջ խոչընդոտներ: Փորձեմ թվարկել դրանք:

Վրաստանին այն ոչինչ չի տալիս, որովհետև հայ-ադրբեջանական երեք տասնամյակ ձգվող առճակատման և պատերազմների հետևանքով հարավկովկասյան բոլոր ինտեգրացիոն գործընթացները շրջանցեցին Հայաստանը, Վրաստանը դարձավ Թուրքիա-Ադրբեջան նավթագազային և երկաթուղային կոմունիկացիաների կամուրջ, Հայաստան-ՌԴ էներգետիկ ու տրանսպորտային միակ կապուղին և փաստացիորեն այն արդեն խաչմերուկ է դարձել Հարավային Կովկասի և հարևան երկրների համար: Այստեղ մնում է միայն աբխազական երկաթուղու վերագործարկումը: Հետևությունը մեկն է՝ առանձնակի շահագրգռվածություն Թբիլիսին չունի:

Իրանը, այս տարվա հունվարին կնքված ՌԴ-Իրան ռազմավարական համագործակցության պայմանագրով, նախատեսում է տրանսպորտային և էներգետիկ կապուղիները տանել Ադրբեջանի տարածքով, Հայաստանի սահմանը դեպի Վրաստան և Սև ծով իր համար բաց է, նույնը՝ թուրքական և ադրբեջանական սահմանների մասով, իսկ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի իրանական հատվածը Թեհրանի համար որոշակի լծակ և հնարավորություն է միջպետական հարաբերություններում:

Մնացին Թուրքիան և Ադրբեջանը: Ցավոք, Հայաստանի հետ կոնֆլիկտային հարաբերությունները և նրանց գերագույն գլխավոր նպատակը ևս «Խաղաղության խաչմերուկի» իրականություն դառնալուն չեն նպաստում: Գերագույն գլխավոր նպատակը ցամաքային կապի հաստատումն է երկու ազգակից պետությունների միջև՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հանրահայտ հայեցակարգին համապատասխան: Դա նաև թուրքալեզու պետությունների բազմակողմ ինտեգրացիա մեգանախագծի կարևոր պայմաններից մեկն է, որի իրականացման քաղաքականությունը երկար պատմություն ունի և առաջնային պլանի վրա է նաև Էրդողանի կառավարության համար: Երեսնական թվականներին Թուրքիան Իրանի հետ տարածքային փոխանակումների գնաց Նախիջևանի հետ ցամաքային սահման ունենալու համար: Այսինքն՝ արտատարածքային միջանցքը, որը կապահովի կապը Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա գծով, մնում է գերագույն գլխավոր նպատակ: Հիշենք, որ արցախյան երկրորդ պատերազմից հետո շուրջ երկու տարի գործում էր Լաչինի միջանցքը, և կրճատված տարածքով պահպանվում էր ԼՂՀ-ն՝ ռուս խաղաղապահներով: Պարզից էլ պարզ էր՝ Բաքուն և Անկարան պատրաստ էին նույնիսկ համակերպվել այդ իրողության հետ, հանուն «գերագույն գլխավոր» նպատակի: Բայց, քանի որ միջանցքի վերահսկողությունը ամենայն հավանականությամբ պետք է լիներ ռուսական, արևմտյան կենտրոնների ակտիվ ճնշմամբ եղավ այն, ինչին մենք ականատես եղանք: Արցախը կործանվեց և դատարկվեց: Սակայն «գերագույն գլխավոր» նպատակը ոչ միայն դուրս չեկավ օրակարգից, այլ ընդհակառակը՝ ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեցին դրա իրականացման համար: Արևմուտքը, լինելով Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, ցանկացած հարցի լուծման գործում առաջնորդվում է միմիայն հակառուսական նարատիվներով, այլ շահեր և ցավեր, այլ ժողովուրդների ու պետությունների տառապանքներ ստորադասված են գլխավորին՝ ռուսական ազդեցության գոտիների կրճատմանը: Խաչմերուկային ծրագրերը կարող են հետաքրքրել նրանց միայն այդ համատեքստում: Ուստի, ՀՀ-ի առաջարկած ծրագիրը շահագրգիռ հարևաններ չունի:

Աստված տա՝ սխալվեմ, և «Խաղաղության խաչմերուկը» իրականություն դառնա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 10916

Մեկնաբանություններ