Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԾ ՖՈՒՏԲՈԼԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ
17.02.2012 | 00:00

Հուրախություն աշխարհում ամենամեծ տարածում ու ճանաչում գտած մարզաձևի սիրահարներիս` մի ամբողջ հավերժություն տևած բաժանումից հետո եվրոպական մեծ ֆուտբոլը վերադարձավ: Վերադարձավ, որ նորից կրքեր փոթորկի, նորից պահի քաղցր սպասումների մեջ, նորից խինդով լցնի մեր հոգիները, պարգևի անանց վայելքի բազմաթիվ պահեր:

ՕՐ ԱՌԱՋԻՆ
Մեծ վերադարձի առաջին հանդիպումների շարքից ամենասպասվածը երևի թե Չեմպիոնների լիգայի «Բայեր»-«Բարսելոն» դիմակայությունն էր, ու դա ոչ միայն նրա համար, որ կատալոնացիներն Իսպանիայի առաջնությունում, կարծես, վերջնականապես հրաժարվել են չեմպիոնության համար պայքարելու մտքից (վերջին խաղում «Օսասունայից» «Բարսելոնի» կրած պարտությունից հետո «Ռեալն» արդեն առաջ է պոկվել տասը միավորով): Հանդիպումը շատ ավելի հետաքրքրական էր մեկ այլ առումով. կկարողանա՞ խմբային փուլում սեփական հարկի տակ միայն հաղթանակներ տոնած «Բայերը» հավատարիմ մնալ որդեգրած կուրսին, թե՞ ընթացիկ Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում միջինը չորս գոլ խփող իսպանական ակումբը կշարունակի «անհարգալից» հյուրի իր ավանդույթը:
Նյութի ձևաչափի թելադրանքով առանձնապես չխորանանք հանդիպման մանրամասների մեջ, միայն փաստենք, որ «Բայերը» որքան էլ փորձեց իր զորավոր մրցակցին լինել համաքայլ, այդուհանդերձ, «Բարսելոնը» նրա ատամի բանը չեղավ: 3:1 հաշիվը Գվարդիոլայի թիմի առաջ փաստացի բացեց մեկ քառորդ եզրափակիչ տանող ճանապարհը, ու թեպետ դեռ կա պատասխան հանդիպման գործոնը, սակայն ավելի շուտ Սահարան կդառնա ծաղկած բուրաստան, քան «Բարսելոնը» ձեռքից բաց կթողնի հնարավորութունը: Այնպես որ` «Բարսան» մեկ քառորդում է:
Եթե հաշվի առնենք ազգային առաջնությունում Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ի բավականին հաջող մրցելույթները, ու սրան գումարենք ինչ-որ տեղ նրա անակնկալ հաղթանակը չեմպիոնների լիգայի խմբային փուլում և սրանց համադրենք «Լիոնի» ոչ միանշանակ ելույթները երկրի ներքին առաջնությունում (իհարկե, աչքաթող չանելով ակումբի եվրոպական մեկ ութերորդ անսպասելի ցատկը), ապա կիպրա-ֆրանսիական դիմակայությունում լիովին իրավունք ունեինք ակնկալելու անչափ հետաքրքիր մրցակցություն: Այդպես էլ եղավ: Ի պատիվ իրեն` «ԱՊՕԵԼ»-ը մարտական կամք ու մարզական համառություն դրսևորեց, ու թեպետ խաղը տանուլ տվեց, նվազագույն 1:0-ն «Լիոնի» համար բնավ էլ չի նշանակում մեկ քառորդի երաշխավորված ուղեգիր:
Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգայի չեմպիոնության համար առաջին օրը պայքարի մեջ մտած թիմերից առաջին երկու զույգի հանդիպումներին, սեփական հարկի տակ հանդես եկած ռուսական «Կազանն» ու պորտուգալական «Բրագան» պարտություն կրեցին. առաջինը 0:1 հաշվով զիջեց հունական «Օլիմպիակոսին», երկրորդը` թուրքական «Բեշիկթաշին» (0:2):

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ
Չափազանց հետաքրքրական ու լարված ստացվեց ռուսական «Զենիթի» ու պորտուգալական «Բենֆիկայի» սանկտպետերբուրգյան հանդիպումը: Այն ավարտվեց 3:2` հօգուտ ռուսական ակումբի: Թեպետ թիմի համար այն բացահայտ առավելություն չի նշանակում պատասխան խաղից առաջ (սեփական դաշտում «Բենֆիկային» միանգամայն կբավարարի 1:0 հաշվով հաղթանակը), այնուամենայնիվ պիտի նշել, որ «Զենիթը» խաղաց բավականին ուշագրավ ֆուտբոլ` դրսևորելով բարոյակամային բարձր հատկանիշներ: Խոստովանենք, ի վերջո, կատակ բան չէ մի հանդիպման ընթացքում նախ վերականգնել խաղի հավասարությունը, ապա երկու անգամ անցնել առաջ: Այնպես որ, այս խաղի ֆոնի վրա այնքան էլ համոզիչ չի ներկայանում նախօրեին «Ռուբինի» կրած պարտությունը, ի թիվս այլ պատճառաբանությունների, նաև եղանակային պայմաններով ու խաղային պրակտիկայի բացակայությամբ արդարացնելու ռուսական զանգվածային լրատվամիջոցների ջանքերը: Խաղ է` կա՛մ հաղթում ես, կա՛մ պարտվում (բնականաբար, չենք բացառում նաև ոչ-ոքիի տարբերակը): Հետևաբար, որքան էլ կյանքի կարևորագույն բաղադրիչների թվակազմից չբացառենք մեր կեցությունը պայմանավորող այնպիսի կարևորագույն գործոն, ինչպիսին հուզականությունն է, դեպքերի, իրողությունների, զարգացումների զգայական ընկալումը, միևնույն է, վերջնահաշվում պատմության «ավարը» վիճակագրական մերկ արձանագրությունն է:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի խաղային երկրորդ օրվա մյուս հանդիպմանը, իտալական «Միլանը» դաժանորեն պատժեց արտագնա խաղի համար երևի թե չափից ավելի զգուշավոր տակտիկա ընտրած անգլիական «Արսենալին»` պատասխան հանդիպումից առաջ ստեղծելով ամրության ավելի քան հուսալի պաշար: Համենայն դեպս, 4:0-ն «Արսենալի» համար չտագնապեցնող հաշիվ չէ և սկզբունքորեն չի էլ կարող այդպիսին չլինել, և իր ֆուտբոլային գործընկերոջը լրջորեն ինչ-որ բան ապացուցելու համար Արսեն Վենգերը գլուխ կոտրելու քիչ բան չունի: Իսկ որ այս մասնագետն Աստծո տված շնորհով ի վիճակի է ինչ-որ բան փոխելու, կասկած չկա: Բացի այդ, ասածներս այնքան էլ ֆանտաստիկայի ոլորտից չեն. եվրոպական ֆուտբոլը նման մեկ դեպք չէ, որ հիշում է: Ի դեպ, նույն «Միլանի» մասնակցությամբ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ