Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՄԵՐ ԱՄԵՆԱՎԱՏ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ

ՄԵՐ ԱՄԵՆԱՎԱՏ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
15.10.2010 | 00:00

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կազմակերպված շախմատի համաշխարհային օլիմպիադան պատմություն է դարձել, սակայն այդ ստուգատեսի մասին դեռ երկար կխոսվի, գնահատականներ կտրվեն Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթներին: Օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալ, միջազգային մրցավար ԱՇՈՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ սիրով համաձայնեց այս առնչությամբ իր դիտարկումները ներկայացնել «Իրատես de facto»-ին։
-Օլիմպիադայում ի՞նչ պարտականություն էր դրված Ձեր ուսերին:
-Փաստորեն, կատարում էի տղամարդկանց հավաքականների բաց մրցաշարի գլխավոր մրցավարի պարտականությունը: Մրցաշարը կոչվում է բաց, քանի որ թիմերի կազմերում տղամարդկանց կողքին թույլատրվում է հանդես գալ նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:
-Մեր երկրի պատվիրակների մրցելույթների մասին ի՞նչ կասեք:
-Նախ, նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչներն իջևանել էին «Յուգորսկայա դոլինա» հյուրանոցում, որտեղ մնում էին նաև ՖԻԴԵ-ի համաժողովի պատգամավորները, Ռուսաստանի առաջին և երկրորդ, Վրաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի հավաքականները: Այնպես որ, կազմակերպիչներն առանձնահատուկ պայմաններ էին ստեղծել մեր երկրի պատվիրակների համար, քանի որ ընտրվել էր Խանտի Մանսիյսկի լավագույն հյուրանոցը: Մյուս մասնակիցներին հյուրընկալել էր «Օլիմպիական» հյուրանոցը: Ինչ վերաբերում է Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցելույթներին, ապա դրանցում բացակայում էր կայունությունը: Մերոնք հանդես եկան փոփոխակի հաջողություններով, ինչն էլ իր հետքը թողեց ընդհանուր արդյունքի վրա: Գերազանց դրսևորեց իրեն Լևոն Արոնյանը, որն առաջին խաղատախտակի վրա ցույց տվեց երկրորդ արդյունքը: Նա 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Արոնյանն իր անհատական վարկանիշը բարձրացրեց և ներկայումս միջազգային դասակարգման աղյուսակում 3-րդն է: Ի դեպ, այդ աղյուսակը երկար ժամանակ գլխավորող նորվեգացի Մագնուս Կառլսենն օլիմպիադայում երեք պարտություն կրեց, ընդ որում, զիջեց թույլ շախմատիստներին: Իսկ Հայաստանի տղամարդկանց ընտրանու կազմում ակնհայտ էր, որ Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը լավագույն մարզավիճակում չեն: Բոլորին է հայտնի, որ նախորդ երկու օլիմպիադաներում Հայաստանի հավաքականը կարողացել է հաղթել հենց այս երկու շախմատիստների արդյունավետ խաղի շնորհիվ: Հայաստանի հավաքականի համար հատկապես կարևոր է Գաբրիել Սարգսյանի մրցելույթը: Այս անգամ ինչ-ինչ պատճառներով երկուսի խաղն էլ չստացվեց: Ի դեպ, Վլադիմիր Հակոբյանն օլիմպիադայի որոշ պարտիաներում այնպիսի համառություն ցուցաբերեց, որ զարմանալ կարելի էր: Նա, չլինելով լավ մարզավիճակում, կարողացավ մի քանի պարտիաներում խուսափել պարտությունից, երբ թվում էր, թե միայն հանձնվելն է ելքը: Նրան օգնեցին շախմատային իր տաղանդը, նաև պայքարելու տենչը: Այդ ամենը հանգեցրեց այն բանին, որ Հայաստանի հավաքականը մինչև օլիմպիադայի վերջին օրը հավակնում էր մրցանակային տեղի:
-Ի դեպ, օլիմպիադայում քանիցս մեր երկրի հավաքականի սպիտակ խաղաքարերով հանդես եկող շախմատիստներն արագ խաղաղ դաշն էին կնքում, մինչդեռ սև ֆիգուրներով խաղացող նրանց թիմակիցները ստիպված էին պայքարել, որպեսզի հավաքականը չպարտվի: Դա փոքր- ինչ տարօրինակ չէ՞ր:
-Սպիտակներով խաղացող շախմատիստները պարտիայի ընթացքում ձգտում են որոշակի դիրքեր, առավելություն ստանալ, և եթե սկզբնախաղից հետո դա նրանց չի հաջողվում, նախընտրում են բախտախնդիր քայլերի չդիմել: Ինքս էլ նկատել եմ, որ օլիմպիադայում Հայաստանի հավաքականի մրցամարտերում եղել են դեպքեր, երբ սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստներն արագ ոչ-ոքի են խաղացել, մինչդեռ սև ֆիգուրներով խաղացող նրանց թիմակիցներն ստիպված են եղել պայքարել դժվարին վիճակներում: Սակայն այդ ամենը տեղավորվում է շախմատային տրամաբանության մեջ, և արտասովոր ոչ մի բան չպետք է փնտրել: Նույն բանը կարելի է ասել վերջին տուրում Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ անցկացրած մրցամարտի մասին: Թվում էր, թե Հայաստանի հավաքականը հեշտորեն կհաղթի մրցակցին, ընդ որում, եթե մեր ընտրանին առավելության հասներ 3:1 հաշվով, ապա թիմը կբաժաներ 3-րդ տեղը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով մեդալակիր կդառնար: Ի դեպ, դրա հավանականությունը մեծ էր, առավել ևս, երբ առաջին խաղատախտակի առջև հանդես եկող Արոնյանը հաղթեց Ֆրանսիայի ուժեղագույն շախմատիստին` Վաշիե-Լագրավին, մինչդեռ Հակոբյանը, համարձակ քայլի դիմելով, ի վերջո պարտվեց Ֆրեսինեին, և մրցամարտն էլ ավարտվեց Հայաստանի ներկայացուցիչների համար անցանկալի` 2:2 հաշվով:
-Հայաստանի այս տարվա ուժեղագույն շախմատիստ Ավետիք Գրիգորյանն օլիմպիադայում միայն մեկ անգամ նստեց խաղասեղանի առջև, այն էլ այն դեպքում, երբ մեր ընտրանին խաղում էր Կոստա Ռիկայի թույլ թիմի հետ: Ի՞նչն էր պատճառը:
-Մասնագիտորեն հստակ պատասխանել չեմ կարող, քանի որ, ի վերջո, հավաքականի կազմը որոշում է թիմի գլխավոր մարզիչը: Այնպես որ, դա Արշակ Պետրոսյանի հայեցողությամբ է կատարվել: Իսկ Ավետիք Գրիգորյանը հունվարին փայլուն էր հանդես եկել Հայաստանի առաջնությունում, որն էլ նրան իրավունք էր վերապահել ընդգրկվելու մեր երկրի հավաքականի կազմում: Ընդ որում, դրանից հետո նա լրջորեն էր նախապատրաստվել օլիմպիադային, միջագային մրցաշարերի էր մասնակցել: Ավետիքը ցանկություն ուներ լիարժեք ներգրավվելու թիմում և նպաստելու այն բանին, որ Հայաստանի հավաքականը հաջողության հասնի, և իր խաղացած միակ պարտիայում հաղթեց Ռուիս Բլաիսին: Ճիշտ է, հակառակորդը շատ ուժեղ չէր, սակայն մեր շախմատիստը վստահորեն խաղաց: Դրանից հետո Գրիգորյանը խաղալու հնարավորություն այլևս չստացավ: Թերևս, պատճառն այն էր, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին ճնշել էր այն փաստը, որ վերջին երկու օլիմպիադաներում հաղթած շախմատիստներ ունի թիմում, և առաջին հերթին պետք էր ապավինել նրանց ուժերին: Կարծում եմ, երբ պարզվեց, որ Հակոբյանն ու Սարգսյանն իրենց խաղը չեն վերագտնում, հարմար պահին անհրաժեշտ էր Ավետիքին խաղալու հնարավորություն տալ: Եվ չէր բացառվում, որ մեր թիմի արդյունքն այլ լիներ:
-Հայաստանի տղամարդկանց հավաքականի զբաղեցրած 7-րդ տեղը կարելի՞ է նորմալ համարել:
-Վերջին 5 օլիմպիադաներում Հայաստանի հավաքականն ամենացածր արդյունքը ցույց տվեց, քանի որ երկու անգամ չեմպիոն դառնալուց առաջ մերոնք երկու անգամ էլ բրոնզե մեդալներ էին նվաճել, այսինքն` մրցանակակիրների թվում էին եղել: Որպես թվաբանական արդյունք, մերոնք մրցանակային տեղերից բավականին ցածր դիրքում են հայտնվել, բայց Հայաստանի հավաքականը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հզոր թիմ է: Բանն այն է, որ երբ վիճակահանությունից հետո պարզվում էր, թե որ թիմն է մրցելու մեր երկրի ներկայացուցիչների հետ, բոլորն էլ խոստովանում էին, որ ամենահզոր հակառակորդի հետ են խաղալու: Ընդ որում, մրցակիցները ներդնում էին բոլոր ուժերը, որ Հայաստանի հավաքականի հետ հնարավորինս լավ խաղան: Այդ է պատճառը, որ կատարվածը միայն մասնակի անհաջողություն պետք է համարել: Ես կարծում եմ, որ Հայաստանի հավաքականն առաջիկա փորձություններից կրկին պատվով դուրս կգա:
-Հայաստանի շախմատիստուհիների հավաքականը և՞ս չարդարացրեց սպասելիքները:
-Թիմի կազմում փայլուն հանդես եկավ միայն առաջատարը` Էլինա Դանիելյանը, ընդ որում, եթե նա Սլովակիայի հավաքականի հետ մրցամարտում Ռեպկովայի հետ պարտիայում նպաստավոր դիրքում չսխալվեր և չպարտվեր, ապա հնարավորություն ուներ օլիմպիադայում շախմատիստուհիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվողների թվում հայտնվելու: Կարծում եմ` Հայաստանի կանանց հավաքականն այս անգամ ավելի լավ էր պատրաստված, քան երկու տարի առաջ, սակայն բավարարվեց 11-րդ տեղով: Բանն այն է, որ պահեստային շախմատիստուհու հիմնախնդիր ունենք: Մեր հավաքականի պահեստային շախմատիստուհին` Անահիտ Խառատյանը, իր խաղամակարդակով ակնհայտորեն հետ է մնում թիմակիցներից: Ի դեպ, նա էլ մեկ պարտիա խաղաց և հաղթեց, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Անաստասյանը պարզապես չէր կարող անվստահ հանդես եկող Լիլիթ Մկրտչյանին և Լիլիթ Գալոյանին փոխարինող գտնել: Այդուհանդերձ, Հայաստանի կանանց ընտրանին ևս հավակնում էր լավ տեղ զբաղեցնելու, սակայն բախտն ուղեկից չեղավ, վրիպումները խանգարեցին: Այդուհանդերձ, մեր մարզուհիների արդյունքը կարելի է նորմալ համարել:
-Ի՞նչ կասեք մյուս երկրների պատվիրակությունների կազմերում Խանտի Մանսիյսկ ժամանած մեր հայրենակիցների մասին:
-Ինչպես տեղյակ եք, Յուրի Դոխոյանի գլխավորությամբ Ռուսաստանի կանանց առաջին հավաքականը դարձավ չեմպիոն: ԱՄՆ-ի կանանց հավաքականի կազմում էր Տաթև Աբրահամյանը: Շնորհաշատ այդ շախմատիստուհուն ներկայումս, թերևս, խանգարում է աստեղային հիվանդությունը: Համոզված եմ, որ եթե նա փոքր-ինչ փոխի իր այդ կեցվածքը, մեծ հաջողությունների կհասնի: Կայուն խաղ ցուցադրեց Սլովակիայի ներկայացուցիչ Սերգեյ Մովսիսյանը:
-Հնարավո՞ր է, որ նա տեղափոխվի և ուժեղացնի Հայաստանի հավաքականը:
-Խնդիրը բարդ է, սակայն դա չպետք է բացառել: Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականը կարիք ունի այնպիսի խաղացողի, որը կարող է Արոնյանի նման բարձր արդյունքներ ցույց տալ:
Զրույցը` Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ