Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

21-րդ դարի մտածող և արարող մարդու աղաղակ

21-րդ դարի մտածող և արարող մարդու աղաղակ
24.11.2025 | 11:15

Անժելա Սահակյանին ճանաչում էի վաղուց, համացանցից՝ որպես վաստակաշատ լրագրողի։ Հետո հանդիպեցինք Երևանում և մտերմացանք, հետո բարեկամացանք, որովհետև ընդհանուր հոգեհարազատություն ունենք և մանավանդ, որ նա արցախցի է, իսկ ես առանձնահատուկ ակնածանք ու գնահատանք ունեմ Արցախի ու արցախցիների հանդեպ։

Ցավոք, այսօր Անժելայի ու մեր սիրելի արցախցիների սիրտը վերք է ցավոտ։ Այդ վերքը նաև ամեն ազնիվ ու գիտակից հայի սրտում է։

Թող տարօրինակ չհնչի, բայց ես Արցախի հանձնումը թշնամուն անդարձ կորուստ չեմ համարում, պատմությունն ապացուցել է, որ հողի կորուստն անդառնալի չէ։

Սա՝ որպես նախաբան։

Անժելայի ֆեյսբուքյան էջում նորից կարդացի նրա հարցազրույցը ժամանակակից ֆրանսիացի փիլիսոփա բանաստեղծ, կյանքը ճանաչելու և զգալու իր բանաստեղծական խորաքնին ընկալումով Աշխարհի քաղաքացի՝ բարոյական բարձր իմաստով, ՍԵՐԺ ՎԵՆՏՈՒՐԻՆԻԻ հետ։

Այդ հարցազրույցը ես կարդացել էի դեռևս 2015 թվին «Ազգ» թերթի հուլիսի 13-ի համարում և ինձ շատ հոգեհարազատ զգացի այդ անծանոթ բանաստեղծին․ նա 1988 թվի ավերիչ երկրաշարժի օրերին եղել է Գյումրիում, ականատես է եղել սոսկալի ազգային և պետական ողբերությանը․

«Մարդկային կյանքեր փրկելու համար ես մի ամբողջ շաբաթ մնացել եմ անքուն և կիսաքաղց այդ քաղաքում։ Հիշում եմ այդ ցրտաշունչ օրերի փոշոտ և մշուշոտ մթնոլորտը։ Լենինականը նման էր ռմբակոծված քաղաքի․․․»։

Ավերված քաղաքում էլ հանդիպում է իր ապագա կնոջը՝ Եղիսաբեթ Մուրադյանին, որ հետո պիտի դառնար նրա ոչ միայն կյանքի ընկերը, այլև գրական-գաղափարական ուղեկիցը։

2014 թվին Սերժ Վենտուրինին մեկնում է Արցախ և հիանում այդ երկրով․ նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ Արցախի՝ որպես Հայկական պատմական և մշակութային տարածքի և արցախցիների՝ որպես համառ, մեծահոգի, հերոսական և գիտական ունակություններով հարուստ ժողովրդի հանդեպ․

«Հիրավի, ինչքա՜ն եմ սիրում ես Արցախը․․․»,-խոստովանում է ֆրանսիացի տաղանդավոր բանաստեղծը։

Հետաքրքիր էր նաև այն, որ մինչ կփորձեր մեր բանաստեղծներին թարգմանել, Սերժ Վենտուրինին կարդացել էր Հայոց հնագույն և նոր պատմությունը և շատ ինքնատիպ եզրակացություն էր արել մեր պատմության և մեր պատմական դեմքերի մասին, և հատկապես հայկական հարցի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

«Ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստան աշխարհին, որ տվել է այնպիսի անձինք, ինչպիսիք են՝ Տիգրան Մեծը, Գրիգոր Նարեկացին, Նահապետ Քուչակը, Սայաթ- Նովան, Կոմիտասը, Եղիշե Չարենցը և շատ ուրիշ մեծեր․․․»։

Եվ նա սկսում է թարգմանել Սայաթ-Նովայի աշուղական երգերը, որոնց բանաստեղծական արվեստի և փիլիսոփայական մտքերի մեջ Սերժ Վենտուրինին հոգեհարազատություն է զգացել։ Մյուս Հայ տաղանդավոր բանաստեղծը, որ գրավել է իր բանաստեղծական արվեստով և առավելապես նաև իր փիլիսոփայությամբ, Եղիշե Չարենցն է։

Սերժ Վենտուրինիի կինը, որ հայուհի է, նույնպես գրական աշխարհի նվիրյալ է և գիտակ, որն իր մասնագիտական խորագիտությամբ ուղղորդել է ամուսնուն դեպի հայի հարուստ աշխարհ։

Այր ու կին՝ մեկ հոգի ու մեկ միտք։

Եվ հայ գրականության մեր երկու հանճարները թարգմանվում են ֆրանսերեն և հասցվում ֆրանսիացի ընթերցողին՝ որպես աշխարհի խաչմերուկից եկող հոգու և ոգու խոսք․․․ այսօր նաև՝ ճիչ։

Ինձ Սերժ Վենտուրինին՝ որպես գրող և բանաստեղծ, ծանոթ էր վերը հիշատակածս հարցազրույզից, և միայն հարցազրույցում արտահայտած նրա մտքերն ու Սայաթ-Նովային ու Չարենցին թարգմանելը ինձ հետաքրքրեցին, քանի որ իմ աշխարհընկալումներին մոտ էին նրա մեկնաբանումներն ու գնահատականները մեր հանճարների հանդեպ։

Անժելայից իմացա, որ ս․թ․հոկտեմբերի 13-ին Երևանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի հյուրընկալ և ջերմ սրահում կազմակերպվելու էր հանդիպում Սերժ Վենտուրինիի հետ, ուր ներկայցվելու էր նրա ստեղծագործական հարուստ աշխարհը։

Եվ ես գնացի։

Սերժ Վենտուրինիի հետ հանդիպմանը իր բացման խոսքում գրադարանի տնօրեն Ռուզաննա Բարսեղյանը հիշեցեց, որ ֆրանսիացի տաղանդավոր բանաստեղծին Իսահակյանի անվան գրադարանը հյուրընկալել է երեք անգամ, և դա մեծ պատիվ է իրենց համար։

Հանդեսը վարող դերասանուհի Գայանեն կարդաց Վենտուրինիի՝ «Հորդացող գետի մասին, Անվերադարձ գետի մասին» էսսե բանաստեղծական ծավալուն գրքի առաջին՝ «Անդառնալին» հատվածը, որը խորհրդավոր մուտքն է դեպի բանաստեղծի հոգու, մտքի, զգացմունքների աշխարհ։

Իր խոսքն ասաց արձակագիր Հովիկ Վարդումյանը, ինչպես վերնագրված է գրքի նախաբանը՝ «Արևագալի զինվորը», հայ գրողն իր խոսքում ասաց, թե որքան խորությամբ է զգում ֆրանսիացի գրողի աշխարհը, մանավանդ, որ նրանք երկար տարիների մտերիմ ընկերներ են, որոնց հոգևոր և մտավոր կապը ավելի է ամրանում․

«Սերժ Վենտուրինիի հոգեկան ցավն ավելի մեծ է, քանզի նա ապրում է ողջ մարդկության ցավը․․․»։

Իր խոսքում քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, որը նույնպես Սերժ Վենտուրինիի մտերիմ ընկերն է և նրա գրքի առաջաբանի հեղինակը՝

«Մտորումներ առաջաբանի փոխարեն » վերտառությամբ, իր խոսքում բացահայտեց փիլիսոփա բանաստեղծի ոչ միայն ներաշխարհը, այլև գրական ոճը, որը իսկապես նոր խոսք է գրական աշխարհում։

Նրանց խոսքը նույնպես գումարվեց ասմունքող Գայանեի ներկայացրած գրքի հատվածներին, և իմ առջև բացվեց ֆրանսերեն գրող մտածողի հույզերն ու երազանքները քնարական շնչով արտահայտող բանաստեղծի հոգեհարազատ և ծանոթ աշխարհը։

Իմ այդ զգացողությունները ես որոշեցի բարձրաձայն արտահայտել, հիշեցի Անժելայի այն խոսքերը, որ ինձ գրել էր իր ֆեյսբուքյան էջում, երբ ես իմ մեկնաբանությունն էի գրել․

«Կեցցե՛ս, Անժելա ջան, անկեղծորեն ինձ համար նոր անուն է՝ որպես բանաստեղծ, Սերժ Վենտուրինին, բայց շատ հարազատ զգացմունքներ արթնացան իմ մեջ։

Ես անպայման կգնամ այդ հետաքրքիր հանդիպմանը»։

«Մարի ջան, Սերժ Վենտուրինիի հետ այս բացառիկ հանդիպմանը քո ներկայությունն անհրաժեշտ է, նույն հայացքներն ունեք»:

Եվ ես որոշեցի իմ տպավորությունները բարձրաձայն ասել։

Հա՛, ինձ հետ տարել էի նաև իմ՝

«Արարում․Տապան փրկության» գիրքը, տեղում ընծայագրեցի և խոսք խնդրեցի։

Երբ ասացի, որ ինձ խորհուրդ է տվել գալ այս հանդիպմանը լրագրող Անժելա Սահակյանը, որ ես երկրորդ անգամ կարդացել եմ Ձեր հարցազրույցը և շատ տպավորված եմ, Սերժ Վենտուրինիի և նրա տիկնոջ՝ Էլիզի դեմքերը պայծառացան, և իմ խոսքն ավելի ուշադիր լսեցին։ Ես, որ մի քանի հատված էի լսել «Հորդացող գետի մասին, Անվերադարձ գետի մասին» բանաստեղծական էսսեից, անմիջապես հիշեցի տարիներ առաջ գրած և տպագրված «Իրատես» օրաթերթում իմ քնարական գողտրիկ պատմվածքը՝ «Գետի ջրերին արցունք մի՛ խառնեք» վերնագրով, որտեղ իմ հերոսը իր անհուն վշտերից հուսահատ գալիս է գետի մոտ և զրուցում է նրա հետ, բայց գետը լուռ հոսում է՝ ասես չի լսում մարդու հեծեծանքը, ու երբ մարդը զայրանում է գետի անտարբերությունից, գետը հանկարծ սկսում է խոսել ու պատմել ի՛ր վշտերի մասին, որոնք աշխարհի ու մարդկանց վշտերն են, որ մարդիկ են միմյանց վիշտ պատճառում։ Գետը խնդրում է մարդուն, որ իր ջրերին արցունք չխառնեն,որովհետև ծովերի արքան զայրանում է գետերի վրա, որ նրանք ծովերի և օվկիանոսների ջրերին, որոնք առանց այն էլ աղի են, մարդկային արցունք են խառնում․․․

Իմ քնարական պատմվածքը ծավալուն չէ, բայց Գետը այստեղ նույնպես հավաքական իմաստով Կյանքը, Աշխարհն է․․․ Մարդն է․․․

Կարդում եմ հիմա Սերժ Վենտուրինիի բանաստեծական էսսեն և հասկանում, որ նրա ապրումները, խոհերն ու հույզերը, երբեմն նաև հուսահատ ու անօգնական լինելը սթափության են մղում ընթերցողին։

Սերժ Վենտուրինիի՝ «Հորդացող գետի մասին, Անվերադարձ գետի մասին» բանաստեղծական էսսեն 21-րդ դարի մտածող և արարող Մարդու Աղաղակն է։

Լսել է պետք ու ընկալել, և Գետի ջրերին արցունք չխառնել։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

24․11․2025թ․

Երևան

Դիտվել է՝ 522

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ