Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

Ոնց էինք ապրում էն տարիներին, երբ էս քաշովի անձեռոցիկները չկային

Ոնց էինք ապրում էն տարիներին, երբ էս քաշովի անձեռոցիկները չկային
13.06.2026 | 12:13

Ես անընդհատ փորձում եմ հիշել, թե ոնց էինք ապրում էն տարիներին, երբ էս քաշովի անձեռոցիկները չկային։ Ախր, ո՜նց կարելի էր առանց դրանց յոլա գնալ։

Հիմա իմ տան բոլոր էն տեղերում, որտեղով կարող ա ես թեկուզ պատահաբար անցնեմ, մի տուփ դրանցից դրված ա՝ բացած, պատրաստ։ Եթե պետք էլ չի, մեկ ա՝ անցնելիս երբեմն ձեռքս գցում, մի հատ քաշում-հանում եմ։ Մի ավելորդ անգամ բերանը սրբելը ոչ մեկին չի խանգարի։ Բերանը պետք ա միշտ մաքուր լինի։

Խոհանոցումս, որ մի քանի մետր ա, երկու տեղ դրված ա, որ ձվածեղ ուտելիս չշրջվեմ դեպի պատը, իսկ պատի մոտ սոխ կտրատելիս չշրջվեմ դեպի ձվածեղը։ Չհաշված՝ բացած պոպոքի մուրաբայի ու թեյի գդալի վերևում պատին ամրացրած էն ռուլոնավոր անձեռոցիկը։ Ու չհաշված՝ դրա կողքը կախած սրբիչները։

Անպայման կա անկուղնուս կողքը, հյուրասենյակում, գրասեղանիս։ Ախր, ո՜նց կլինի առանց դրա։ Րոպեն մեկ պետք ա գալիս։ Իմ կենսագործունեության թափոնների կեսից շատը հենց էդ անձեռոցիկներն են։ Իսկ երբ մի երկու օրով հիվանդանում եմ, ու քթիցս սկսում ա հոսել, արդեն դրանց օգտագործումն արդյունաբերական ծավալների ա հասնում։ Եթե վառարան ունենայի, կարելի էր դրանցով հանգիստ տաքացնել տունը։

Էն տարիներին ո՜վ էր իրան նման շռայլություն թույլ տալիս։ Հա՛, կային անձեռոցիկներ՝ խնամքով ծալված, որ տոն օրերին ամուր խցկում էինք նեղ ամանի մեջ ու դնում սեղանին՝ հյուրերից հեռու։ Ոչ մի հյուր իրան թույլ չէր տա՝ ձեռքը մեկներ ու էդ ամանի միջից անձեռոցիկ հաներ, որովհետև էնքան նեղ էր, որ՝ մեկը քաշում էիր, հետը մյուսներն էլ էին դուրս գալիս ու թափվում սեղանին։ Դե, արի՛ ու կարմրի՛ քո անշնորհքությունից, որ ուրիշի տանն անձեռոցիկ ես թափել սեղանին։ Դրա համար՝ լուռ, հանգիստ թևքով սրբում էին բերաններն ու գնում իրանց տուն։ Իսկ դու տանում-պահում էիր, մինչև մյուս տոնը։

Զուգարանի թուղթ էլ կար, որն իր նշանակությամբ թանգարանային ցուցանմուշի հավասար բան էր։ Կախում էինք մայիսի 1-ին՝ աշխատավորների միջազգային տոնին՝ ունիտազի կողքը գտնվող չհրկիզվող ամանի մեջ։ Հյուրերը՝ զուգարանի բաց դռան կողքով անցնելիս, աչքի պոչով նկատում ու գնահատում էին էդ շքեղությունը։ Դա համարյա նույնն ազդեցությունն էր ունենում, ինչ ծնունդիդ գան ու տեսնեն՝ Ալլա Պուգաչովան բազմոցին նստած թթու վարունգ ա ուտում։

Զուգարանի թուղթն էն տարիներին ոչ թե ցելյուլոզա-թղթային արդյունաբերությունն էր ապահովում, այլ կոմկուսի պրոպագանդիստական բաժինը։ Սովետական մարդը երեք աչք ուներ, ու երրորդը քաղաքականապես ամենագրագետն էր։

Դրա համար՝ եթե հանկարծ մի կախարդ գա ու ինձ ասի՝ ուզու՞մ եմ վերադառնալ էն տարիներ։ Կասեմ՝ չէ՛։ Ես արդեն առանց քաշովի անձեռոցիկների կյանք չունեմ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ