CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

Իմ սևազգեստ տատիկը

Իմ սևազգեստ տատիկը
23.04.2026 | 11:02

Մեծ Հայքը, ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացույցի», բաժանված էր 15 նահանգների: Ութերորդը Վասպուրականն էր: Նահանգներն իրենց հերթին բաժանված էին 200 գավառների: Վասպուրականի գավառներից էին Գողթնը (34-րդ) և Նախճավանը (35-րդ): Այս տվյալները վերաբերում են 6-7-րդ դարերին:

Սակայն Նախճավանը կամ Նախիջևանը հայտնի է դեռևս նեոլիթյան շրջանից և մ.թ.ա. II-I հազարամյակներից: Այստեղ կառուցվել են բերդաքաղաքներ, եկեղեցիներ ու քաղաքներ… Տարբեր ժամանակներում Նախիջևանի վրա հարձակվել են արաբ էմիրները, թուրք-սելջուկները, թաթար-մոնղոլները, օսմանյան թուրքերը և Սեֆյան Իրանը: Գալիս էին, կոտորում, կողոպտում, սպանում, թալանում ու այրում՝ ոչնչացնելով ամեն գեղեցիկը և հարյուրավոր գերիներ տանելով:

Գողթն կամ Գողթան գավառի հինավուրց քաղաքներից մեկը Ագուլիսն էր: Այն Հայաստանի ամենահին ու գեղեցիկ քաղաքներից մեկն էր, որը, ավաղ, անմասն չմնաց հարձակումներից ու եղեռնագործություններից: Հայերն աստիճանաբար հեռացան, իսկ եկվորները բոլոր եկեղեցիները վերածեցին ավերակների:

5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացին գրում է, որ Գողթնի հինավուրց բնակատեղիում գուսանները պահպանում էին նախնիների ավանդությունները: Դրանցից մեկի համաձայն՝ ջրհեղեղից հետո Նոյան գերդաստանն արշալույսը հենց այստեղ է դիմավորել, ինչից էլ առաջացել է Այգուլիս - Ագուլիս անունը: Մեկ այլ ավանդության համաձայն՝ Ադամն ու Եվան, դրախտից արտաքսվելով, կարծում էին, թե հավերժ մթություն է տիրելու: Սակայն, երբ հասնում են այն վայրը, ուր այժմ Ագուլիսն է, լույսը բացվում է, և Ադամը բացականչում է. «Այգ լույս…»:

Ագուլիսցիներին անվանում էին նաև զոկեր: Ըստ իս, ինչպես նաև ըստ Ք. Պատկանյանի, զոկերեն բարբառում ցուցական դերանուններն էին՝ հոկ (այս), ոկ (այդ), դոկ (այն), նոկ (նա). այստեղից էլ ծագել է «զոկեր» անունը:

Ամիրյան փողոցի մեր բակի պատշգամբում երեկոյան ժամերին հարևանները հավաքվում էին թեյ խմելու: Տատիկս Ագուլիսից բերած ինքնաեռ (самовар) ուներ: Նրա պատրաստած թեյերը շատ համեղ էին՝ դարչինով, մեխակով… Հարևաններ ունեինք Բիստից, Ցղնայից… Երբ միասին էին, խոսում էին զոկերեն: Ես պատուհանի մոտ նստած գիրք էի կարդում կամ դասերս պատրաստում, բայց թողնում էի ամեն ինչ ու լսում նրանց: Աստիճանաբար սկսեցի հասկանալ զոկերենը: Այդ պահերին նրանք պատմում էին իրենց գլխով անցած տխուր պատմությունները: Ես լսում էի ու տխրում: Իսկ տատիկս, հայրս ու մայրս մեզ ոչինչ չէին պատմում. խնայում էին մեզ:

Պատմական աղբյուրների վկայությամբ՝ Ագուլիսը բաժանված էր երկու մեծ՝ Վերին և Ներքին թաղերի, ինչպես նաև 10 թաղամասերի: Մերոնք ապրել են Վերին Ագուլիսում: Ըստ աղբյուրների՝ քաղաքն ունեցել է «10 հազար տունք Հայոց»:

Անանիա Շիրակացու «Մղոնաչափքում» նշված են Հայաստանով անցնող տարանցիկ առևտրական ուղիներն ու դրանց վրա գտնվող խոշոր քաղաքները, ինչպես նաև հեռավորությունները՝ մղոնաչափով: Օրինակ՝ Դվինից Կարին 200 մղոն է, Դվինից Նախիջևան՝ 70, Երուսաղեմից Ալեքսանդրիա՝ 500: Հիշատակվում է Հայաստանով անցնող 7 առևտրական մայրուղի, որոնցից մեկն անցել է Ագուլիսով (Դվին-Նախիջևան-Գանձակ-Շահաստան ուղղությամբ):

Ագուլիսին առանձնահատուկ հմայք էին տալիս թե՛ եկեղեցիները, թե՛ այգիները, երկհարկ ու եռահարկ պատշգամբավոր տները, բակերի շատրվաններն ու լողավազանները, դպրոցները, գրադարան-ընթերցասրահը: Կային մետաքսի, կաշվի ու ձեթի գործատներ, իջևանատներ, 17 աղբյուր, դեղատներ, բաղնիքներ, շուկաներ և 12 մեկը մեկից գեղեցիկ վանքեր ու եկեղեցիներ: Փոքր եկեղեցիների մի ամբողջ շարք ներդաշնակում էր աստիճանաձև տեղանքին՝ ստեղծելով քաղաքի յուրատիպ պատկերը:

1977 թ. օգոստոսի 16-ի «Ալիք» օրաթերթում խմբապետ Մարտիրոս Աբրահամյանը հուշերում գրում է.

«Եկանք Ագուլիս. հայկական Շվեյցարիա: Հայ ժողովրդի համն ու հոտը Վերին և Ներքին Ագուլիսներն էին, Ցղնան ու Տանակերտը: Առևտրական տարրն էր այնտեղ: Տղամարդ թե կին՝ բոլորը կրթված էին, երևանցիներից շատ ավելի զարգացած»:

Հախնազարյանի «Պատմագրություն և հուշագրություն» (Թեհրան) գրքում նշվում է.

«Տողերս գրողին իրոք խորապես հուզում է այս ճիշտ, բայց անպաճույճ լեզվով կատարված գնահատությունը: Մարտիրոսը դեռ շատ երիտասարդ էր, բայց եղել էր Հայաստանի բազմաթիվ վայրերում, և զարմանալի չէ, որ այսքան դիպուկ նկարագրել է այն քաղաքակիրթ պայմանները, որոնք ստեղծել էին ագուլեցիները՝ լեռների մեջ պարփակված այս հեռավոր ավանում»:

Տասնյոթ աղբյուրներից մեկն էլ մեր տան առջև է եղել: Այդ մասին վկայում է դոկտոր Հովհաննես Հախնազարյանն իր «Գողթան գավառ» գրքում.

«Շատ գեղեցիկ տեսարան ուներ շուկայից ոչ հեռու, գետի ձախ ափին, Ներսիսյան ունևոր ընտանիքի տան առջևից բխող սառնորակ ու առողջարար ջրով հայտնի աղբյուրը: Աղբյուրի մեկ ճյուղը բացվում էր տան բակում ու կենդանացնում վարդի տարբեր տեսակներով հարուստ պարտեզը: Մյուս ճյուղը տան տակից հոսում էր դուրս ու ջուր մատակարարում անցորդներին...»:

Անգլիացի տիկին Շանթրը, որը Ագուլիսում եղել է 19-րդ դարի կեսերին, գրել է.

«Փոքրիկ Փարիզ են կոչում... Ագուլիսի բնակիչները մասնավոր կնիք ունեն: Բարձրահասակ են, շատերը՝ նշանավոր գիտությամբ ու արվեստով, շատերն էլ բժշկական կրթություն են ստացել Եվրոպայում: Ագուլիսը կարելի է համարել հանճարների կենտրոն՝ աշխատասեր, լուսավորյալ և հարուստ ժողովրդով»:

Ագուլիսը, Հին Ջուղայից հետո, Հայքի երկրորդ հարուստ քաղաքն էր: Ազատ խանի հարձակումներից բնակչությունը նոսրացավ. մի մասին սրի քաշեցին, 1200-ին գերի տարան Պարսկաստան: 1752 թ. ավերումից հետո սկսվեց արտագաղթը՝ Կ. Պոլիս, Իտալիա, Շուշի և այլուր: Շուշիում հիմնեցին Ագուլեցիների թաղն ու կառուցեցին եկեղեցի, որը զարդարում էր քաղաքի համայնապատկերը: 18-րդ դարում Ագուլիսը ենթարկվեց մի շարք ավերումների. 1730 թ. օսմանցիների և պարսիկների հարձակման ժամանակ սպանվեց 300 մանուկ ու կին, 800-ից ավելին գերի տարվեցին:

Եվ այսպես շարունակ... դարերի ընթացքում հարձակումներ, թալան ու սպանություններ՝ մինչև մեր օրերը:

1914 թվականին ագուլիսցիները հրավիրում են Մարտիրոս Սարյանին: Հինգ տասնամյակ անց նա մեծ հիացմունքով մտաբերել է.

«...Մոտեցանք կիրճին, որի պռնկին նկատելի էր մանրանկարչական գեղեցկուհին՝ Ագուլիսը... Քաղաքի կենտրոնում Սուրբ Թովմաս եկեղեցին էր՝ Հովնաթանյանների հրաշալի որմնանկարներով»:

(շարունակելի)

Էլեոնորա ՆԵՐՍԵՍՅԱՆ

Երևան 2022 թիվ, ապրիլ

Դիտվել է՝ 136

Մեկնաբանություններ