ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ընտրական գործընթացները վերահսկելու հարցում ընդդիմությունը պետք է ձևավորի միասնական դիրքորոշում

Ընտրական գործընթացները վերահսկելու հարցում ընդդիմությունը պետք է ձևավորի միասնական դիրքորոշում
03.06.2026 | 12:32


Ընտրություններին հաշված օրեր են մնացել: Հետաքրքիր է, թե ընդդիմությունն ինչպես է նախապատրաստվում ընտրական գործընթացի վերահսկողությանը, հնարավոր խախտումները բացահայտելու, հնարավորության դեպքում դրանք բացառելու գործին: Իմ կարծիքով, գոնե այն ընդդիմադիր ուժերը, որոնք մեծ հավանականությամբ խորհրդարան անցնելու շանսեր ունեն, ընտրախախտումների հետ կապված գործընթացները վերահսկելու հարցում պետք է ձևավորեն միասնական դիրքորոշում և բոլոր հնարավոր սցենարների համար մշակեն միասնական համակարգված գործելակարգ: Այդ հարցերը չի կարելի թողնել ինքնահոսի:

Այդ ուղղությամբ աշխատանքները համակարգելու համար նրանք պետք է ձևավորեն ԿԸՀ-ի գործառույթները կրկնօրինակող մի միասնական մարմին՝ միացյալ հանձնաժողով: Ճիշտ կլիներ, եթե նրանք ունենային առանձին տեղամասերի ընտրողների ցուցակները և նախօրոք աշխատած լինեին դրանց հետ: Կարևոր է ստուգել գրանցամատյանները, որպեսզի հայտնաբերվեն կրկնակի ընտրություն կատարելու դեպքերը, պարզվի փաստացի ընտրությանը մասնակցած ընտրողների թիվը: Բնականաբար, այս թիվը պետք է համապատասխանի քվեատուփի մեջ փաստացի գցված քվեաթերթիկների թվի հետ: Ընդդիմության միասնական հանձնաժողովը կարող է ընտրատեղամասերի իրենց պատասխանատուներից ուղիղ ժամանակով ընդունել ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղեկություններ, առաջացած խնդիրների դեպքում օպերատիվ կարգով համապատասխան հաղորդագրություններ տալ ԿԸՀ-ին, իրավապահ մարմիններին, լրատվականներին, դիտորդական առաքելություններին: ԿԸՀ-ի և իրավապահների արձագանքը առանձին կուսակցությունների կողմից ներկայացված բողոքների, պահանջների նկատմամբ կարող է լինել կամ չլինել, լինել ուշացած, իսկ միասնական, կոորդինացված աշխատանքով հնարավոր է հասնել բոլորովին այլ արդյունքի: Ընտրությունների արդյունքների վերաբերյալ, ԿԸՀ-ին զուգահեռ և նրանից արագ, ընդդիմության միասնական մարմինը կարող է իրականացնել ընտրությունների արդյունքների համաժամանակյա հավաքում և, ըստ տեղամասերի, տարածաշրջանների, մարզերի ու ողջ հանրապետության մասշտաբով, արդյունքների ամփոփում: Սա կարևոր է ընտրությունների ամփոփման գործընթացը կառավարելու, հանրությանը այդ ընթացքի մասին հավաստի տեղեկություն տալու, հնարավոր մանիպուլյացիաները կանխելու համար:

Մեկ ոչ երկրորդական հարց ևս: Հաշվի առնելով, որ կառավարությունն այժմ փաստացի տնօրինում է ՀԷՑ-ը, ընդդիմությունը կարող է և պետք է պահանջ դնի և կառավարությունից ստանա համապատասխան երաշխիքներ, որ ընտրությունների ընթացքում և հատկապես ձայների հաշվառման ընթացքում ոչ մի ընտրատեղամասում լույսերի անջատում չպետք է թույլ տա: Եթե կառավարությունը այս կամ այն կերպ կխուսափի այդ հարցում երաշխիքներ տալուց, պետք է մտածել այդ իրավիճակը վերահսկելու հնարավորությունների մասին:

Վահրամ Բայադյան

Դիտվել է՝ 6120

Մեկնաբանություններ