Ութ տարի առաջ այս օրն էր, Թումանյան փողոցով խոսելով իջնում էինք մի քանի ընկերներով: Մաշտոց չմտանք, որովհետև, ճիշտն ասած, էդ էյֆորիան մեզ, մեղմ ասած, չէր ոգևորում: Հեռվից լսվում էր «Աշխարհը մերն ա» ռաբիս երգը, որի տակ ինչ-որ երիտասարդներ էին թռչկոտում: Ճանապարհը փոխեցինք, մտանք Թումանյան փողոց: Խոսում էինք երկրում տեղի ունեցող իրադարձություններից, որոշ կանխատեսումներ էինք անում: Առաջին անգամ հենց այդ օրը ընկերներիս ասացի՝ տղերք, էս ամենից լավ հոտ չի գալիս, լավ չի լինելու, կարծում եմ:
Մեկ էլ տեսնենք՝ մի քանի մեքենա հարյուրի տակ, ազդանշաններ տալով, սլանում են: Մեկը քիչ մնաց մարդու վրաերթ աներ: Չդիմացա, կանգնեցրի: Մի երիտասարդ էր ղեկին, հիմա չեմ գրի, թե ինչ եմ ասել, բայց բանը կոնֆլիկտի չհասավ, որովհետև ընդունեց, որ ճիշտ եմ ասում, ներողություն խնդրեց, գնաց: Վերջում ասացի՝ հանգիստ, ապեր ջան, շատ մի ոգևորվեք: Զարմացած հայացքով նայեց վրաս, քշեց-գնաց:
Հիմա այդ ուրախ-զվարթ երիտասարդներին եմ հիշում ու մտածում եմ՝ տեսնես էդ երեխեքից քանի՞սը չկան, քանի՞սն են հաշմանդամ, քանի՞սն են հիասթափվել, թողել-գնացել, քանի՞սն են գիտակցել, որ մեծերի պատճառով իրենք էլ էին սխալվել և գուցե հիմա պայքարում են այս չարիքի դեմ: Համենայնդեպս, կարծում եմ, որ այլևս չեն լսում «Աշխարհը մերն ա» երգը, չեն թռչկոտում դրա տակ: Գուցե հիմա արդեն աշխարհն ավելի լավ են ճանաչում, քան ութ տարի առաջ էր: Հուսով եմ: Գոնե այդպես լինի: Խեղճ երեխեք, խեղճ երեխեք...
Արամ Աբաջյան