Հուլիսի 18-ին` ժամը 14:00, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենան «XVI-XX դարերի արևմտաեվրոպական գծանկարը, կավճանկարը, ջրանկարը, գուաշը և XVII- XIX դարերի Արևելքի արվեստը Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում» ցուցահանդեսի բացումը և կատալոգի շնորհանդեսը:
Ցուցադրությունը, որտեղ միաժամանակ ներկայացված են եվրոպական տարբեր գեղարվեստական դպրոցներ, կազմակերպվում է թանգարանում առաջին անգամ և ընդգրկում է 100-ից ավելի ստեղծագործություն: Ներկայացված են հետևյալ երկրները՝ Իտալիա, Հոլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Ավստրիա, Անգլիա, Բելգիա, Էստոնիա, Լատվիա, Լեհաստան, Շվեյցարիա:
Հավաքածուն ձևավորվել է տասնամյակների ընթացքում` սկսած 1921-ին Հայաստանի պետական կենտրոնական թանգարանի (ՀՊԿԹ) հիմնադրումից:Վերջին համալրումները վերաբերում են 2005-ին: Եվրոպական գծանկարն ունի շուրջ յոթ հարյուր տարվա պատմություն: Այդ ժամանակահատվածում բազմիցս փոխվել են նրա բնույթը, տեխնոլոգիական միջոցները, խնդիրները, նաև` հարաբերությունը կերպարվեստի այլ տեսակների հետ:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև նոյեմբերի 11-ը: