ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Լավագույնները` մարտի մեկի դրությամբ

Լավագույնները` մարտի մեկի դրությամբ
03.03.2015 | 12:35

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն գրոսմայստերների վարկանիշային նոր աղյուսակը: Առաջատար տասնյակը շարունակում է մնալ նույնը, փոխարենը տեղաշարժեր են եղել այն կազմածների դասավորությունում: Նախորդ ցանկի համեմատ գերգրոսմայստերական 2800-ի սահմանանիշը հաղթահարածները նվազել են երկուսով. դիրքերը զիջել են Տոպալովն ու Գրիշչուկը: Այստեղ առաջինն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն է, երկրորդը` Ֆաբիանո Կարուանան:
Տասնյակում ամենամեծ թռիչքը Նակամուրայինն է: Նա տասներորդից հայտնվել է երրորդ հորիզոնականում:
Մեկ քայլով նահանջել է Արոնյանը: Մեր գրոսմայստերը եզրափակում է լավագույն տասնյակը:
Հետաքրքրական է, որ ամբողջությամբ նույնն են մնացել արագ և կայծակնային շախմատների վարկանիշային աղյուսակների առաջին քառյակները: Երկուսում էլ առաջինը Կառլսենն է, երկրորդը` Նակամուրան, երրորդը` Գրիշչուկը, չորրորդը` Արոնյանը:
Արոնյանից զատ, դասական շախմատի առաջին հարյուրյակում են Հայաստանը ներկայացնող ևս հինգ շախմատիստ` Հրանտ Մելքումյանը, Տիգրան Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը:
ՈՒժեղագույն երկրների դասակարգման մեջ Հայաստանի տղամարդկանց ու կանանց ընտրանիների դիրքերը մնացել են անփոփոխ: Տղամարդիկ յոթերորդն են, կանայք` տասնիններորդը: Հիշեցնենք, որ այստեղ հաշվարկը կատարվում է տասը լավագույն շախմատիստների կտրվածքով:
Հայաստանը ներկայացված է նաև պատանիների հաշվարկում: Մեր չեմպիոն Կարեն Գրիգորյանը տասներկուերորդն է: Առաջին հարյուրյակում են նաև Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Հարությունյանը:
Ի դեմս ԱՄՆ-ը ներկայացնող աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանի, հայերս այստեղ ունենք ևս մեկ ներկայացուցիչ:
Մեր երկիրը ներկայացված է նաև ուժեղագույն աղջիկների հարյուրյակում: Այդ շախմատիստուհին ՀՀ պատանեկան չեմպիոն Սոնա Գաբոյանն է:
Հետաքրքիր ևս մեկ փաստ: Կանանց վարկանիշային աղյուսակն առաջին անգամ գլխավորել է չինուհի Հուիֆանը: Մինչ այդ, քսանվեց տարի շարունակ, այստեղ գահակալել է հունգար աշխարհահռչակ շախմատիստուհի Հուդիթ Պոլգարը, ով հայտարարել է, որ այսուհետ չի մասնակցելու պաշտոնական մրցաշարերին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ