Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Խադիջա Իսմայիլովա. Իգլեսիասը, Բրաունն ու ՈՒիլյամսը կարող են

Խադիջա Իսմայիլովա. Իգլեսիասը, Բրաունն ու ՈՒիլյամսը կարող են
19.06.2016 | 11:19

Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, որ Ալիևների հանցավոր ռեժիմի ակտիվ քննադատներից մեկն է ու այժմ գտնվում է պայմանական ազատության մեջ, The Washington Post-ում գրել է. «Այս շաբաթ հին Բաքվի փողոցներով անցնելու է «Ֆորմուլա- 1»-ի Գրան պրին, ինչի կապակցությամբ Ֆարել ՈՒիլյամսը, Քրիս Բրաունը, Էնրիկե Իգլեսիասն ու նրանց նմանները հրավիրվել են մրցարշավի երկրպագուներին զվարճացնելու, Ալիևների ղեկավարած երկիրը որպես երջանիկ ու նորմալ ազգ ներկայացնելու համար: Սակայն Ադրբեջանը կոռուպցիայով առաջնորդվող երկիր է, որտեղ պաշտոնյաներին կարելի է առնել ու ծախել, որտեղ կարելի է հանուն մեծ փողերի աչք փակել հանցավորության վրա: Միակ բանը, որ նրանք չեն կարող գնել, խոսքի ազատությունն է»: Իսմայիլովան հիշեցնում է իր` կեղծ ու զավեշտալի մեղադրանքների հիման վրա բանտարկության մասին` ընդգծելով, որ իրեն ազատությունից զրկելու միակ պատճառն Ալիև ընտանիքի հանցագործությունների մասին գրելն էր:

«Բանտից դուրս գալու միակ տարբերակն այսուհետ լռություն պահպանելու ու լրագրողական հետաքննություններով չզբաղվելու խոստումն էր: Սակայն ես դրան չհամաձայնեցի ու, նույնիսկ ճաղերի հետևում գտնվելով, շարունակեցի գրել: Երբ ինձ հարցրին, թե կցանկանա՞մ, որ ընտանիքիս անդամները նամակով դիմեն նախագահին ու խնդրեն ինձ ազատ արձակել, ես ասացի` ոչ: Քանի որ համաձայնելու դեպքում ես կդառնայի մեծ ստի մի մասը, իսկ ես չեմ ուզում լինել բռնաճնշումների մեքենայի բաղադրիչներից մեկը»,-շարունակում է Իսմայիլովան` հիշեցնելով, որ ինքը պայմանական ազատության մեջ է հայտնվել միջազգային հանրության ու տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերով միայն: Լրագրողը նկատում է, որ Ադրբեջանի իշխանությունները վախենում են իր պես լրագրողներից ու ակտիվիստներից, քանի որ չեն կարող ենթարկել իրենց:

Ըստ նրա՝ իշխանությունները հուսահատ փորձեր են անում, որ Ադրբեջանն աշխարհին ներկայացնեն լիբերալ ու բազմակարծությունը խրախուսող երկիր, սակայն այդ ամենը զավեշտալի է ու հակասում է քաղբանտարկյալների նման մեծ թվին: Նրանք երկրի չունեցած փողերով (նավթի գների անկման պատճառով եկամուտները կտրուկ նվազել են) միջազգային մակարդակի խոշոր մարզական միջոցառումներ են կազմակերպում` փորձելով զարմացնել աշխարհին: «Հետաքրքիր է` արդյոք Ֆարել ՈՒիլյամսն ու մյուս հրավիրված աստղերը մի պահ կշեղվե՞ն մարզական տոնից ու շարքային ադրբեջանցիներից կհետաքրքրվե՞ն` երջանի՞կ են նրանք իրականում, ուզո՞ւմ են այսպիսի մեգա միջոցառումներ հյուրընկալել մի երկրում, որտեղ բնակիչները չունեն անգամ հիմնական բժշկական ապահովագրություն: Բայց, գուցե, նրանք չեն էլ հարցնի, քանի որ գիտեն` ադրբեջանցիների մեծ մասը, առաջնորդվելով ազատությունից զրկվելու վախով, չի հայտնի իր իրական կարծիքը: Գուցե, նրանք, ում ազատությունը վտանգի տակ է, չեն կարող քննադատել ռեժիմին, բայց Իգլեսիասը, Բրաունն ու ՈՒիլյամսը կարող են: Այսպես վարվելու դեպքում նրանք չեն դառնա ստի քարոզչամեքենայի մի մասը»,- եզրափակել է Իսմայիլովան:

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ