Տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարներն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, որը զբաղվում է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ՝ Azernews- ին տված էքսկլյուզիվ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները մշտապես տեղեկացված են ղարաբաղյան հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացման բոլոր մանրամասներին ու ամեն օր զբաղվում են այդ հարցով։ «ԵԱՀԿ նախագահությունը մշտապես ուշադրություն է հատկացնում հակամարտությանը, նաև տեղյակ է լինում հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացման մասին։ ԵԱՀԿ գործող նախագահ, նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այցելել է տարածաշրջան, և նրա այցի օրակարգում եղել է նախ և առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը»,- ասել է Կասպրշիկը։
Ղարաբաղյան հակամարտության լուծումը, շարունակել է Կասպրշիկը, քննարկման առարկա է նաև բազմաթիվ միջազգային միջոցառումների ժամանակ։
Հիմք ընդունելով ԵԱՀԿ-ից ստացված տեղեկությունը ՝ Կասպրշիկն ասաց, որ 2016-ի մայիսի վերջից ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում իրավիճակը համեմատաբար կայուն է եղել, չնայած առաջվա պես հայտնել են հրադադարի ռեժիմի խախտման ու կորուստների մասին։ «Յուրաքանչյուր դժբախտ պատահար ողբերգություն է ու վիշտ մահացածի ընտանիքի ու ընկերների համար։ Ես կիսում եմ այդ վիշտը»,- ասել է Կասպրշիկը։
«Կուզեի շեշտել, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում անցկացվող մշտադիտարկումները ինչ-որ հետազոտություն կամ խաղաղաստեղծ գործողություն չեն, մշտադիտարկումները ընդամենը տեղեկություն են հաղորդում ընդհանուր իրադրության մասին։ Մենք կշարունակենք դրանք»,- ասել է Կասպրշիկը։
Նրա խոսքով այդ մշտադիտարկումները պատկերացում են տալիս տեղում իրավիճակի մասին։ Կասպրշիկը նաև ասել է, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը չի անդրադառնա նրա մանդատի ու բուն Կասպրշիկի գրասենյակի գործունեության վրա։