ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Կոմիտասի երաժշտությունը շատ խոր ու լայնածավալ է, հոգևոր ու մոգական»

«Կոմիտասի երաժշտությունը շատ խոր ու լայնածավալ է, հոգևոր ու մոգական»
21.10.2016 | 10:57

Արամ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում և «Հովեր» երգչախմբի հետ համատեղ համերգով Երևանում էր գերմանացի հայտնի դիրիժոր Ֆլորիան Հելգաթը։ Խաչատրյան և Տերտերյան՝ ահա այն ամենը, ինչ նա գիտեր հայկական երաժշտության մասին մինչ 2015 թվականը։ 2015-ին նա բացահայտեց Կոմիտասին, ում «Պատարագը» անցյալ տարի իր ղեկավարած երգչախմբով ներկայացրել է Մյունխենում։ Կոմիտասյան երաժշտությունը շատ լավ է ընդունել գերմանացի խստապահանջ ունկնդիրը։ Այս ամենն ունի հետաքրքիր նախապատմություն. հայկական և գերմանական արմատներով հայտնի կոմպոզիտոր, կիթառահար Մարկ Սինանը, պարզելով, որ հայկական արմատներ ունի, Ցեղասպանության 100-րդ տարելիցին որոշել էր կայացնել «Կոմիտաս» նախագիծը՝ համագործակցելով Ֆլորիան Հելգաթի հետ: Կոմիտասի «Պատարագը» մատուցվեց իմպրովիզացիայով, տարբեր գործիքների նվագակցությամբ և թատերականացված տարրերով։ Հելգաթին Կոմիտաս ներկայացնելու, Կոմիտասի հետ ծանոթանալու գործում օգնել էր գերմանաբնակ խմբավար Արմինե Բաբայան- Զեյթաղյանը։


Ո՞վ է Կոմիտասը գերմանացի դիրիժորի համար։ Հելգաթի բնորոշմամբ՝ Կոմիտասի երաժշտությունը շատ խոր ու լայնածավալ է, հոգևոր ու մոգական, և՛ շատ պարզ, և՛ միաժամանակ շատ խորիմաստ: Դիրիժորը նկատում է, որ երբ աշխատում ես այդ երաժշտության հետ, զգացվում է Կոմիտաս-հոգևորականի վեհ կերպարը:
Արամ Խաչատրյանի փառատոնի հյուր Ֆլորիան Հելգաթը նշում է, որ տպավորված է խաչատրյանական միջազգային փառատոնով։ Հոկտեմբերի 14-ին «Հովեր» պետական կամերային երգչախմբի հետ Հելգաթը ներկայացրեց Ֆելիքս Մենդելսոնի, Մաքս Բրուխի, Մաքս Ռեգերի, Գուստավ Մալերի, Առնոլդ Շոնբերգի, Հենրիխ Կամինսկու, Վոլֆրամ Բուխենբերգի, Հանս Շանդերլի, Մայքլ Օստրիգայի և Կոմիտասի երգչախմբային ստեղծագործությունները։ Ընդ որում, բացի Կոմիտասից, մյուս բոլոր ստեղծագործությունները Հայաստանում հնչում էին առաջին անգամ։


Նշենք, որ Արամ Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ