Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ՀՀ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացրել է ԼՂՀ շփման գծի իրավիճակը

ՀՀ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկայացրել է ԼՂՀ շփման գծի իրավիճակը
12.11.2016 | 16:04

Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:


Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2015-2016 թթ. գնահատման զեկույցը: ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանն անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ 2017-ին շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման առաքելություններին: Աշոտ Հովակիմյանը ներկայացրել է Հայաստանում անցկացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական գործընթացը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը: ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է այս տարի իրականացված պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական արդյունքները, կարևորել ռազմական համագործակցության, պաշտպանական կրթության և բարեփոխումների բնագավառներում համատեղ ծրագրերի և ձևաչափերի հետագա զարգացումը։ Որպես առաջիկա տարիների պաշտպանական քաղաքականության առաջնահերթություն՝ նշվել են զինված ուժերում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդման, զինված ուժերի քաղաքացիական և հանրային վերահսկողության ընդլայնման նախաձեռնությունները։

Պաշտպանական բարեփոխումները և պաշտպանության ոլորտի օրենսդրության վերանայումը կիրականացվեն զինված ուժերը՝ որպես Հայաստանի տնտեսության, կրթության ու գիտության զարգացումը խթանող գործոնի դիտարկման տրամաբանության շրջանակներում։ Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրել է նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ապրիլի սկզբին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում: Նրանք աջակցություն են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կարևորելով խնդրի կարգավորումը բանակցությունների հիմքում ընկած երեք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Աշոտ Հովակիմյանը և Դավիթ Տոնոյանը պատասխանել են նաև ՆԱՏՕ-ի պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:


Նիստից հետո հայկական պատվիրակությանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացման հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների: Հայկական կողմը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի հետ շփման գծի երկայնքով լարվածության աճի վրա՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացման նախօրեին։ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով օգնական, դեսպան Ալեխանդրո Ալվարգոնսալեսի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում երկխոսությանն ուղղված քայլերը: Ալեխանդրո Ալվարգոնսալեսն աջակցությունն է հայտնել նոր ԱԳԳԾ-ով համագործակցության առավել խորացման միջոցառումների իրականացմանը։

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ