Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը, թե անցած գիշեր ղարաբաղյան կողմը կիրառել է 60 և 82-միլիմետրանոց ականանետեր։
«Հակառակորդ երկրի պաշտոնական քարոզչությունը շարունակում է իրականացնել միջազգային հանրությանը մոլորեցնելու անհաջող փորձեր»,- ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։ «Թեև նոյեմբերի 12-ի ցերեկը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն, այնուամենայնիվ առաջնագծի որոշ հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառելով նաև 120- միլիմետրանոց ականանետ»,- նշված է հաղորդագրությունում։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ «հավատարիմ է մնում հակամարտ կողմերի միջև Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին, և ադրբեջանական կողմին կոչ անում չգնալ իրադրության հետագա լարման»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն