ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Արցախի վարչապետի հանդիպումները Վաշինգտոնում

Արցախի վարչապետի հանդիպումները Վաշինգտոնում
07.12.2016 | 16:57

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպել է հայկական երկու կազմակերպությունների ղեկավարության հետ և մասնակցել ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը: Հանդիպելով Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարներին՝ վարչապետը նրանց հետ քննարկել է համահայկական նշանակության և Արցախին վերաբերող հարցերում համագործակցության խորացման հեռանկարները: Արա Հարությունյանը կարևորել է երկու կազմակերպությունների դերակատարումը Արցախի վերաբերյալ ԱՄՆ պետական մարմինների որոշումների կայացման և իրազեկվածության բարձրացման գործում: Կողմերը շեշտադրել են ԱՄՆ-ում հայկական շահերը ներկայացնելու և Արցախին համակողմանի աջակցություն ցուցաբերելու հարցում համակարգված աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությունը:


Վարչապետը մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցում էին նաև հոգևոր դասի, հայկական համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ողջունել է Արայիկ Հարությունյանին՝ կարևորելով նրա այցը Սփյուռքում և ԱՄՆ պետական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում: Վարչապետը ներկայացրել է ԼՂՀ պետականաշինության, տնտեսության զարգացման և անվտանգության ապահովման գործընթացները: Նա ընդգծել է Արցախի զարգացման և միջազգային ներկայացվածության գործում Սփյուռքի բացառիկ մասնակցության նշանակությունը՝ միջոցառման մասնակիցներին հորդորելով հնարավորինս աջակից լինել հայրենիքի խնդիրների լուծմանը:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ