Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը քննարկել են ղարաբաղյան խնդիրը, միջազգային և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է օգտակար լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։
«Մենք ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ Մինսկի խմբի համանախագահ երկիր ենք։ ՈՒզում ենք գտնել պարտադիր քաղաքական լուծում և խուսափել վերջին ամիսների և շաբաթների ողբերգական միջադեպերի կրկնությունից։ Անհրաժեշտ է մշակել մեխանիզմ, որը թույլ կտա իրականացնել դիտորդական առաքելություն և կանխարգելել այն գործողությունները, որոնք խաղաղության դեմ են ուղղված»,- ասել է Ֆրանսուա Օլանդը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում։
Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը։ Հիշելով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով իր «հուզիչ այցը» Երևան, նա շեշտել է.«Ես ցանկանում էի իմ ներկայությամբ հաստատել, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին»։ Օլանդը բարձր է գնահատել Ֆրանսիայի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությունը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ֆրանսիան ունեն նման մոտեցումներ մի շարք, այդ թվում՝ Հարավային Կովկասին առնչվող հարցերի շուրջ։
Բանակցությունների արդյունքում կնքվել են զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված համաձայնագրեր։
Պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ։