Մայիսի 16-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ: Նա շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ և շեշտել, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի համար` ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես արժևորում է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունը և պատրաստ է շարունակել դրանց առավել զարգացման ուղղությամբ աշխատանքը։ Զոհրաբ Մնացականյանը և Ուեսս Միթչելը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ու Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի գործունեությանը. մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակին` նախարար Մնացականյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, այդ թվում ԱՄՆ արժեքավոր հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: