ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նամակ Պետրոս Դուրյանին

 Նամակ Պետրոս Դուրյանին
07.07.2025 | 12:18

Նախաբան

Երբ դպրոցում անցնում էինք Դուրյան, մտածում էի՝

ինչպե՞ս կարող է մարդը լինել այսքան խորքային, այսքան այրված ներսից,

և հանկարծ՝ չլինել։

Եվ այդքան երիտասարդ։

Ես գերզգացմունքային էի, շատ հարցեր ունեի աշխարհին,

ու թվում էր՝ միայն Դուրյանն է այդ հարցերը արդեն լսել ու կրել իր մեջ։

Այդ օրվանից հաճախ եմ խոսել նրա հետ։

Անընդհատ կրկնել՝

«Ոչ ոք ըսավ՝ սա տղին

Բացենք սիրտը տրտմագին…»

Կրկնել, որովհետև չէի ուզում մոռացվեր,

ու գուցե մի օր

ինքս դառնայի մեկը՝ ով սիրտն է կարդում, այլ

ոչ դատում։

«Սիրելի Պետրոս Դուրյանին,

Թույլ տվեք դու-ով դիմել։

Չգիտեմ, լսու՞մ ես արդյոք լճակի այս ափից, բայց գիտեմ՝ քո բառերը դեռ մեզ հետ են։ Դու կաս, որովհետև սիրտդ երբեք մատյան չէր՝ հրդեհ էր։ Եվ հրդեհը մարեց մարմինը, բայց լույս տվեց հազարավոր լռակյաց սրտերի։

Դու ասում էիր՝

«Պատռե՛նք սիրտը տրտմագին,

Նայինք ինչե՜ր գրված կան…»

- Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Մենք քեզ ուշ հասկացանք, գուցե նույնիսկ չհասկացանք մինչև վերջ։ Դու՝ քնքուշ, հիվանդ, սիրո և կարեկցանքի ծարավ մի հոգի, ապրեցիր մի աշխարհում, որտեղ ցավը խուսափում են լսել, իսկ հոգու հրդեհը շփոթում են գունազրկված տատանումների հետ։

Եվ ահա այսօր քո տողերը ընթերցելիս, ուզում եմ ասել՝

այո՛, սիրտդ ոչ մատյան էր, այլ բոց,

բայց այդ բոցով է այրվել քո վկայությունը։

Այդտեղ էին լուռ գարունները,

չհասած սերը,

չասված խոսքերը։

Քեզ չհասկացան, որովհետև անկեղծ էիր։

Քեզ չհասկացան, որովհետև փխրուն էիր՝ նման լճակին, որի հանդարտությունը խորք ունի։

Բայց հիմա մենք կարդում ենք քեզ՝ սրտի վերքերին շոշափելով։

Մենք քեզ սիրում ենք՝ ուշացած, բայց լիարժեք սիրով։

Մնում ես մեզ հետ՝ չշիջող հրդեհով։

Քո ձայնը լսող սերունդից:

Մարի Գ.

Հավելում

Գուցե հենց նրանից էր, որ դպրոցում ուզում էի գրել լճակի մասին։

ՈՒսուցչուհիս ասաց.

«Շատ ես հեռու գնացել, մնա գրքային վերլուծության սահմաններում»։

Բայց ես չէի կարող։

Չէի կարող միայն վերլուծել մի մարդու,

որ ո՛չ վերլուծության, այլ կարեկցանքի կարիք ուներ։

Չէի կարող լռել, երբ նա իր ամենածանր ճշմարտությունը շշնջում էր՝

այն հույսով, որ մի սիրտ

երբևէ կհամարձակվի նայել իր վառված սրտին՝ առանց փախչելու։

Գուցե նաեւ հայրս էր պատճառը, որ միշտ կրկնում էր. «Տիւրեանը չլսուեցաւ ըստ արժանուին»։

Գուցե դա նրանից էր, որ հայրս լսել էր մինչև վերջ։

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ