ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

«Փաշինյանի գրառումը Մայր Աթոռում և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեադատավարական հարկադրանքի միջոցներ նախաձեռնելու ուղիղ հրահանգ է»

«Փաշինյանի գրառումը Մայր Աթոռում և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեադատավարական հարկադրանքի միջոցներ նախաձեռնելու ուղիղ հրահանգ է»
08.07.2025 | 13:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին վերաբերող այսօրվա գրառման, եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Tert.am-ը զրուցել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանի հետ:

Դանիելյանի կարծիքով, նշված գրառումն անհիմն միջամտություն է ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև իրավապահ մարմինների բնականոն գործունեությանը, այն Մայր Աթոռում և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեադատավարական հարկադրանքի միջոցներ նախաձեռնելու ուղիղ հրահանգ է:

- Պարոն Դանիելյան, Փաշինյանը փաստացի Վեհափառին վերագրում է ապօրինությունները պաշտպանելու մեջ, կարո՞ղ է սա դիտարկվել որպես քաղաքական հետապնդման քարոզչական հիմք։

- Այս ամենն այնքան պարզունակ և միաժամանակ ձևի ու բովանդակության առումով խիստ անընդունելի է, որ պարզաբանման կամ մեկնաբանության որևէ կարիք չկա: Ինչևէ, իշխանությունը շրջանառության մեջ է դնում ոչ միայն անմեղության կանխավարկածը հիմնովին խախտելու, այն իսպառ մոռացության մատնելու, այլև դատաստանի միանգամայն նոր սկզբունք՝ եթե գործադիր իշխանությունը գտնում է, որ տեղի է ունեցել հանցագործություն, ապա իշխանության մյուս ճյուղերը ոչ միայն հնազանդ դա պետք է ընդունեն, այլև իրենց հերթին հրապարակավ կոչ անեն բոլոր հասարակական-քաղաքական միավորումներին՝ դատապարտելու այն: Ըստ այդմ էլ խորհրդարանի բարձր ամբիոնից կոչ արվեց «աներկբա» դատապարտելու Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, ինչպես նաև Հայ Եկեղեցուն իր աջակցությունը հայտնած Սամվել Կարապետյանին՝ սոսկ մինչդատական վարույթում առաջադրված մեղադրանքի հիմքով: Այլ կերպ ասած՝ դատապարտյալ է ոչ թե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվածը, այլ գործադիր իշխանության հայտարարությամբ որպես այդպիսին նշանակված անձը:

Սա դատաստանի միանգամայն նոր նշաձող է, թերևս, հանցակիցներ են նշանակվում բոլոր նրանք, ովքեր կփորձեն հիմք ընդունել ոչ թե դատապարտյալ նշանակելու վերաբերյալ քաղաքական հայտարարությունները, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռները: Այլ կերպ ասած, իշխանական թեզերի ոչ միայն ճշմարտացիությունը, այլև իրավական գերակայությունը կասկածի տակ դնող յուրաքանչյուր մեկը պետք է ևս անխուսափելիորեն ենթարկվի քրեական հետապնդման:

Այն, որ ոչ միայն ահաբեկչությունը, այլև ցանկացած այլ հանցագործություն դատապարտելի է, կասկածից վեր է, սակայն այս դեպքում շեշտադրումն այլ է՝ պահանջվում է նախապես դատապարտել կոնկրետ մարդկանց, որոնց նկատմամբ ընդամենը մինչդատական վարույթ է իրականացվում: Ավելին, միևնույն հայտարարության առնչությամբ

մինչդատական վարույթ իրականացնող մարմինը դրսևորում է ակնհայտ հակասական կեցվածք, ինչը հատուկ ընդգծել են փաստաբանները: Վերջիններս նշել են նաև խիստ կասկածելի ապացույցների մասին, ուստի առավել ևս անթույլատրելի է աճապարելը:

Մասնավորապես, եթե փորձենք դատապարտել Սամվել Կարապետյանին, արդյունքում կունենանք ճիշտ հակառակ պատկերը, քանզի պարզ տրամաբանությամբ ակամա դատապարտելու ենք իշխանությանը:

Ի՞նչ է ասել այդ գործիչը՝ «մեր ձևերով կմասնակցենք Հայ Եկեղեցու պաշտպանությանը»: Մի կողմ թողնենք, որ քաղաքական իշխող ուժը միակամ հանգել է այն ենթադրության, որ այդ «ձևը» միանշանակ իշխանությունը զավթելու կոչն է:

Պարզապես նկատենք, որ մինչդատական վարույթում ակամա ելակետ են ընդունվել այն, որ որևէ այլ սահմանադրական եղանակով կամ «ձևով»՝ խաղաղ հավաքներ, հանրագրեր, վերջապես՝ Հայ Եկեղեցու ներքին կանոնակարգային հարաբերություններին միջամտելու վերաբերյալ դատարանի, այդ թվում՝ միջազգային դատական ատյանի օրինական վճիռ և այլն, ի զորու չեն կանխելու հակաեղեցական կեցվածքը, քանզի կա քաղաքական ուժի աննահանջ որոշումը: Սա շատ հեռու տանող եզրահանգում է, ուստի հարկ է հնարավորինս զուսպ ու համաչափ գործել:

Ընդ որում, Հայ Եկեղեցին միանշանակ իր հայտարարություններում ընդգծել է, որ ոչ թե որևէ կերպ պաշտպանում է ահաբեկչությունը, այլ կոչ է անում զերծ մնալ միջազգային և ազգային իրավունքով ամրագրված անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներից, խտրական վերաբերմունքի և նմանաբնույթ այլ ապօրինի վարքագծի հնարավոր դրսևորումներից:

Ասվածի համատեքստում, ցավոք, անգամ անիմաստ է խոսել դատարանների և դատավորների անկախության և ընդհանրապես արդար դատաքննության որևէ դրսևորման մասին:

- Եկեղեցու պաշտոնական արձագանքը պետք է լինի սթափ, զուսպ ու բարձր մակարդակո՞վ, թե՞ այս իրավիճակում անհրաժեշտ է ավելի կտրուկ դիրքորոշում:

- Ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև ազգային արժեքներին ուղղված ցանկացած նկրտումներին Մայր Աթոռը, իմ խորին համոզմամբ, արձագանքում է Ազգային Եկեղեցուն հարիր և յուրաքանչյուր հավատավորի կրոնական համոզմունքներին համարժեք կեցվածքով: Գուցե շեշտադրումները ճարահատյալ ավելի կտրուկ լինեն, սակայն մի բան հաստատ է, որ Հայ Եկեղեցին երբեք չի տրվի սադրանքների, չի մտնի արհեստական օրակարգեր և չի ստանձնի քաղաքական գործընթացներ:

Չպետք է համազգային բնույթի մտահոգությունները, որոնք անշուշտ ունեն քաղաքական տարրեր, ինչը երաշխավորված է Սահմանադրությամբ, անհարկի շփոթել բուն քաղաքական գործընթացների հետ: Եվ սա անչափ կարևոր է, որ համարժեք գիտակցեն ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության մեջ. Հայ Եկեղեցին Սահմանադրությամբ ամրագրված ինքնավար և ինքնուրույն ազգային կառույց է:

- Կարելի՞ է Փաշինյանի գրառումը դիտարկել որպես եկեղեցու վրա հանրային ճնշում բանեցնելու փորձ:

- Հանրային ճնշման մասին անիմաստ է դատողություններ անել, հանրությունը չի կարող տրվել հակաեկեղեցական նկրտումների, խնդիրն այլ է՝ գուցե փորձել հնարավոր ուժային միջամտությունների համար արտաքուստ օրինականության շղարշ ստեղծել: Այն, ինչ տեղի ունեցավ դեռևս 2018 թվականին, երբ սահմանափակ թվով անձինք Վեհարանում անարգել մուտք գործեցին և զավթելով դիվանատունը, երեք օր շարունակ խափանեցին Մայր Աթոռի բնականոն գործունեությանը, այլևս անցյալում է, մարդիկ նկատելի առավել սթափ են և հեռատես:

Պարզ է, որ թիրախավորված է Հայ Եկեղեցին, իսկ դրանում անհարկի հետևողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային պետականության հիմնասյունների խարխլմանը, ուստի հուսանք և վստահ լինենք, որ դա տեղի չի ունենա, քանզի դա համահունչ չէ համազգային շահերին ու ժողովրդի գերակշիռ մեծամասնության մտածումներին, վերջապես պետք է հաղթահարի ողջախոհությունը:

Կոնկրետ Ձեր մատնանշած գրառումն անհիմն միջամտություն է ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև իրավապահ մարմինների բնականոն գործունեությանը, այն Մայր Աթոռում և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեադատավարական հարկադրանքի միջոցներ նախաձեռնելու ուղիղ հրահանգ է:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ