«Վերջին օրերին շատ եմ մտածել Հայաստան այցելելու մասին, բայց իրականացվող ձերբակալություններն ինձ չեն քաջալերում իմ քայլերն ուղղելու դեպի Հայրենիք…»
Ամբողջ գիշեր չքնեցի և մտածեցի Ձերդ սրբության՝ այս տողերի շուրջ։
Վեհափառ տե՛ր, մենք կարող ենք ունենալ և արտահայտել տարբեր կարծիքներ, բայց մենք՝ շարքային քաղաքացիներս։
Ամեն մեկն ունի իր հայրենասիրության, եկեղեցասիրության և աստվածպաշտության չափելի սանդղակը։
Բայց Դուք, որ կոչված քահանայապետ եք, և առաջին պաշտպանը եկեղեցվո ու Ձեր՝ կաթողիկոս եղբոր, Ձեր՝ երկու եպիսկոպոս եղբայրների, ովքեր այսօր կալանքի տակ են, Դուք առաջինը պետք է լինեիք Մայր Աթոռում, սատար կանգնեիք Վեհափառ Հայրապետին և եպիսկոպոսաց դասին։
Այնինչ՝ Դուք «չեք քաջալերվել Ձեր քայլերն ուղղելու դեպի Հայրենիք, Ձեզ վհատեցրել են ձերբակալությունները»։
Անասելի ցավ զգացի այս տողերից Վեհափառ տեր։ Համայն Ռուսիո Պատրիարքը և Տիեզերական Պատրիարքը կարող են հեռվից գոռալ «ԱՄՈ՛Թ, ԱՄՈ՛Թ….», բայց Դու՛ք Վեհափա՛ռ, այսօր, և դեռ մի բան էլ ավելի շուտ, պետք է լինեիք Մայր Աթոռում, Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի կողքին՝ սատար և նեցուկ։
Ցավում եմ, որ ձեր՝ երբեմնի հիացական և խրոխտ ձայնով՝ այսօր բավարարվեցիք միայն «երկխոսության կոչով և ամո՛թ, ամո՛թ-ով», այնինչ եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ հունիսի 27-ին եկել են «սրով», և դեռ պատրաստվում են։ Հուսով եմ, որ դեռ չեք ուշանա, այլապես Անլթիլիասը ևս կվերածվի դիտորդի հորդորողի և զուտ ամոթանք տվող մի կառույցի, որը հեռվից նայում է, թե ինչպես են պղծում Մայր Աթոռը։
Հուսով եմ իմ՝ հավատացյալ և հայրենասեր հայորդու այս տողերը կհասնեն Ձեզ։
Որդիական խոնարհությամբ, Մատչիմ ի համբոյր Ձերդ սուրբ և օծյալ աջոյն։
Նիկողոս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ