Անթալիայում մեկնարկել է ծանրամարտի տղամարդկանց ու կանանց Եվրոպայի հերթական առաջնությունը: Աչքի տակ ունենալով մի քանի ամսից Լոնդոնում մեկնարկելիք օլիմպիական խաղերը` տարբեր երկրներ տարբեր կերպ են կարևորել խնդիրը: Մի մասը եկել է ուժեղագույն կազմով, մի մասը ոսկե միջինն է համարել ելքը, մի մասի համար էլ այն զուտ փորձարարական է` ռեզերվի ստուգում: Մի խոսքով, ամեն մեկն իր խնդիրներն է լուծում: Այս հենքի վրա միայն մի բան է անհասկանալի մնում` ընդամենը երեք մարզիկով ներկայացված Հայաստանն առաջնությունում ի՞նչ խնդիր է լուծում կամ ինչ շահ է հետապնդում:
ԷՍ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ
Լուրջ մրցակցության խնդի՞ր ենք լուծում: Անլուրջ է:
Ներկայացվածությա՞ն: Նույնպես անլուրջ է, քանզի, այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, մի մարզիկ ուղարկելն էլ լիուլի բավարար կլիներ:
Այս պարագայում, բնականաբար, հարց է ծագում` ի՞նչ կարիք կար նման «շռայլումներ» թույլ տալ` «ամբողջ» երեք հոգի ուղարկելով (բոլոր դեպքերում, հետաքրքիր է, թե մարզիկների ընտրությունն ի՞նչ տրամաբանությամբ է կատարվել), երբ քթներիս տակ խորհրդարանական ընտրություններ են, փողը, ուզես, թե չուզես, ջրի պես գնալու է, որովհետև ընտրազանգված կոչվածի սիրտը շոյելու, աչքը քաղցրացնելու համար նախատեսված ու չնախատեսված հազար ծակուծուկ կա փակելու: Բայց, սպասիր, տղաները (իհարկե, կարդալու դեպքում) կարող է խոսքիս հեգնախառն տոնը չնկատեն ու, լրջորեն վիրավորվելով, նեղացած հակադարձեն. «Ամբողջական թիմ ուղարկելու համար պահանջվող գումարը մենք մի կտոր հաց ուտելիս ենք ծախսում: Էս ի՞նչ է ասում»:
Լավ, տղաների «ախորժակի» հարցը թողնենք մի կողմ ու դառնանք մարզաձևին հատկացված պետական միջոցներին: Դառնալը` դառնանք, բայց այս պարագայում էլ, կարծես, լրիվ ուրիշ թեմա է բացվում` ահագին ջուր քաշող: Մի խոսքով` փայտ է, որի երկու ծայրերը շունը թրջել է, կատուն էլ մեջտեղում իր «գործն» է արել: Տղա եմ ասել, որ կարողանաս առանց կեղտոտվելու բռնել: Բայց եկեք այս հարցը (հիմնախնդրի առումով նկատի ունեմ) առկախենք` թողնելով մեկ այլ առիթի ու դառնանք առաջնությանը, որքան էլ այն մասնակի է մեր մասնակցությամբ:
ՈՒրեմն, մինչ մենք տնտեսում ենք Եվրոպա կիսատ-պռատ մեկնելու հաշվին, Ադրբեջանի ծախսած, ծախսվող, ծախսվելիք փողերն արդեն գործի մեջ են ու ռեալ հատույց են բերում: Առաջնության հենց առաջին օրը Վալենտին Խրիստով Սնեժևն Ադրբեջանի դրոշը բարձրացնելու հիմնը հնչել տվեց` օլիմպիական ոսկի ապահովող 280 (125+155) կիլոգրամ քաշ ցույց տալով, չվախենալով մրցակիցներին ո՛չ իր պատրաստվածության մակարդակը ցույց տալուց, ո՛չ էլ մինչև օլիմպիադա հնարավոր ինքնասպառում-ինքնիրացումից (այս վերջին հավելումներն անում ենք մեր «խորագիտակ» մասնագետների հնարավոր «ծակ» բացատրությունները կամ «բացատրելու» ախորժակը կանխելու համար): Այստեղ (56 կգ քաշային կարգ) երկրորդն ու երրորդը մոլդովացի Օլեգ Սիրհին ու թուրք Գոխհան Կիլիչն էին` երկամարտի 262 (116+146) և 257 (121+136) կիլոգրամ արդյունքով:
Ի դեպ, մրցումների առաջին օրը պակաս հաջողակ չեղավ ադրբեջանական ընտրանու կազմում հանդես եկող բուլղարուհի Սիլվիա Անգելովայի համար (175=78+97), ով իր նոր երկրին բերեց բրոնզե մեդալ: Կանանց այս` 48 կգ քաշային կարգում հաղթեց լեհ Մարզենա Կարպինսկան (187=85+102), արծաթը բաժին հասավ թուրք Նուրդան Կարագյոզին (177=77+100): Այստեղ, թերևս, միջանկյալ նշենք, որ աղջիկների մեր ընտրանին բաց է թողնում այս առաջնությունը ու, երևի թե, խելամիտ է վարվում, որովհետև ներկա պահի դրությամբ մենք չունենք ծանրորդուհի, ով մեծահասակների մրցահարթակում կարողանար քիչ թե շատ արժանապատվությամբ երկիրը ներկայացնել (Մելինե Դալուզյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը պատրաստվում են օլիմպիադային, առաջնությանը նրանց մասնակցությունը ցանկալի չի դիտվել):
53-կիլոգրամայինների մրցավեճում անգերազանցելի էր մոլդովուհի Քրիստինա Իովուն: Երկամարտի նրա 207 կգ արդյունքը գոյացավ պոկում և հրում վարժություններում ցույց տված 91 և 116 կիլոգրամներից: Երկրորդն այստեղ աշխարհամասի նախորդ տարվա չեմպիոն թուրք Այլին Դասդելենն էր (201=88+113): Նույն արդյունքը ցույց տվեց նաև ռուս Սվետլանա Չերեմշանովան, սակայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով կանգնեց պատվանդանի երրորդ հորիզոնականին:
Տղամարդկանց 62-կիլոգրամայինների պայքարն ընթացավ Բունյամին Սեզերի ակնհայտ գերազանցությամբ: Երկամարտում թուրք մարզիկը ցույց տվեց 301 (142+159) կիլոգրամ արդյունք: Մրցակիցների նկատմամբ նրա առավելությունն անհամեմատ մեծ կլիներ, եթե օժտված այս ծանրորդը պոկում վարժությունում էլ հավասարապես ուժեղ լիներ, սակայն բնությունը տվել է այնքան, որքան տվել է, ու դա էլ միանգամայն բավարար էր սեփական աստծուց գոհ լինելու համար: Վատ հանդես չեկավ նաև Կիպրոսը ներկայացնող Դիմիտրիս Մինասիդիսը (288=130+158), ով մեծահասակների մրցահարթակում տարավ իր կյանքի առաջին մեծ արծաթը: Երրորդը բուլղարացի Ստոյան Ենևն էր (282=122+160):
Մրցումների երրորդ օրը 53 քաշային կարգում հանդես եկողների մրցավեճում երկամարտի 215 (98+117) կիլոգրամ արդյունքով հաղթող դարձավ Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող մյուս բուլղարուհին` Բոյանկա Կոստովան, ում միայն անձնական քաշի պատճառով ոսկին զիջեց ալբանացի Ռոմելա Բեգայը: Երրորդը ռուս Ելենա Շչադրինան էր (211=95+116):
ՄԵՐ ՍՈՒՐԸ «ՓԱՌՔՈՎ» ԴՐԵՑԻՆՔ ՊԱՏՅԱՆ
Նույն օրը, երեկոյան, մրցասպարեզ ելան նաև մեր ներկայացուցիչները: Փոքր-ինչ առաջ անցնելով` ասենք, որ 69 կիլոգրամ քաշային կարգում միջազգային մրցահարթակում մեր հաջողությունները հեռացող անցյալ դառնալու կայուն միտումներ են դրսևորում, ու սա վատ է, շատ վատ: Տիգրան Գևորգի Մարտիրոսյանից հետո այստեղ մի պահ բոցկլտաց Առաքել Միրզոյանը, սակայն մարզիկն արագ տեղափոխվեց ավելի ծանր քաշ, ու դրանով մեր ձեռքբերումները վերջակետվում են: Վերջին երկու տարիներին բացն այստեղ փորձում է լրացնել Սամվել Գրիգորյանը, սակայն նրա բարձրացրած կիլոգրամները միջին միջազգայինին մոտեցող հանրապետական նշանակության են, թեպետ Հայաստանի 2012 թվի առաջնությունում նրա ցույց տված արդյունքը` 321 կիլոգրամ, բավականին հասուն էր և ավելի մեծ մրցահարթակում որոշակիորեն վստահ ներկայանալու հայտ:
Արդ` սույն մարզիկի պարագայում ոչ լրիվ երկու ամիս առաջ ունենալով այսպիսի արդյունք` ի՞նչ կարողացանք արձանագրել Անթալիայում: Պոկում վարժությունում այդպես էլ անհաղթահարելի մնաց 145-կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժության 165-ը պարզապես խայտառակություն էր: Սակայն եկեք առանձնապես խիստ չլինենք այս մարզիկի նկատմամբ, որովհետև անհաջողություններից ապահովագրված չէ ոչ ոք, բացի այդ, պարտությունները երբեմն ավելի արագ են հասունացնում: Բոլոր դեպքերում հակված ենք կարծելու, որ իսկապես հարգանքի արժանի այս մարզիկի պարագայում չար խաղ խաղաց ոչ այնքան ֆիզիկապես, որքան հոգեբանորեն անպատրաստ լինելը (լավ մասնակցության դեպքում նրա դեմ կարող էին բացվել օլիմպիադա տանող դռները)։ Ի դեպ, «հոգեբանական ֆակտորը», որպես հիմնախնդիր, ոլորտի մեր ֆունկցիոներների, մարզչական կորպուսի համար մոտավորապես այնպիսի թեմա է, ինչպես, ասենք, ցլի դեմ կարմիր լաթ թափահարելը:
Սամվել Գրիգորյանի անհաջող մրցելույթի հենքի վրա, ինչ խոսք, Վանիկ Ավետիսյանի մասնակցությունը կարելի է հաջողված համարել: Ավելին, արդյունավետ օգտագործեր մարզիկը երրորդ մոտեցումը, կարող էինք նաև մեծ արծաթե մեդալով վերադառնալ տուն: Սակայն կարողանալը մի բան է, չորրորդ տեղով վերադառնալը (316=144+172)` այլ բան:
Նյութն ավարտելուց առաջ բոլոր դեպքերում եկեք ավանդույթը չխախտենք ու ներկայացնենք հաղթողներին: Քաշային կարգի բացահայտ լիդեր, աշխարհի վերջին առաջնության արծաթե մեդալակիր Օլեգ Չենի ձախողման արդյունքում (չափազանց տպավորիչ էր պոկում վարժության նրա 158-ը) առաջնության հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Աղվան Բայրամովը (321=143+178): Եվրոպական արծաթն ու բրոնզն իրենց հետ տուն են տանում ֆրանսիացիներ Վենսելաս Դաբայան ու Բեռնարդին Քինգ Մաթամը: Երկամարտում նրանք ցույց տվեցին նույն` 318 կիլոգրամ արդյունքը:
Դառնալով մրցաշրջանի հետագա ընթացքին` պարզապես անհավատալի է, որ մեր երրորդ մասնակիցը` գերծանրքաշային Հայկ Հակոբյանը, կարող է մեդալների համար մղվող պայքարին խառնվել: Այնպես որ, հերթական անգամ մեր սուրը «փառքով» դնում ենք պատյան:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ