ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Ազնվականը կոչում չի, այլ՝ կյանքի ընտրություն

Ազնվականը կոչում չի, այլ՝ կյանքի ընտրություն
26.12.2024 | 09:02

Չէ՛, ինձ համար ազնվականը նա՛ չի, ով, իր ընտանեկան ծառի ճյուղից դամբուլի նման կախված, վերևից աշխարհին ա նայում ու հիանում իր անիմաստ գոյությամբ։ Ազնվականը կոչում չի, այլ կյանքի ընտրություն ա, ժառանգած արյուն չի, այլ աշխարհի ցավից կտրատված երակներ։

Ազնվականը քսանամյա զինվորն ա, որը թույն ա խառնում իր երազներին, իրեն սպասող երջանկությանը, երկար ու ապահով կյանքին, էդ ամենը լցնում ա հրացանի մեջ ու կրակում թշնամու վրա՝ հանուն էն մարդկանց, ում երբեք չի տեսել ու չի էլ տեսնելու։

Ազնվականը փայտի վառարանի կողքը կուչ եկած աշխարհահռչակ գիտնականն ա, որին ցանկացած երկիր վազելով կընդունի ու արքայավայել կպահի, իսկ նա, իր տիեզերական մտքերը ծխի հետ խառնած, ձմեռվա ցուրտն իր ազգի հետ ա կիսում:

Ազնվականը հանճարեղ ու սիրված դերասանն ա, որն իր դափնիներն իր աղքատիկ բնակարանի մի փոշոտ անկյունում մոռացած՝ ամեն օր լիքը պարկը ձեռքին դուրս ա գալիս փողոց, ու շրջակայքում ինչքան շուն, կատու, ծիտիկ կա, շրջապատում են նրան, որ հետը կիսեն իր մի կտոր չոր հացը։

Ազնվականն այլախոհն ա, որն արդարության համար խաչն առնում ա ուսերին ու բարձրանում գողգոթա։

Ազնվականը մայրս էր՝ հպարտ, արդար, իմաստուն, որն ամբողջ կյանքը նվիրեց իր երեխաներին, որի ճաշակով նկարիչները հիանում էին, իսկ նա գիշերները սիրուն-սիրուն շորեր էր կարում, դնում կոմիսիոն խանութում, որ պահի իր ձագերին։

Ահա, թե ով ա ազնվականը:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8003

Մեկնաբանություններ