Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«ԵԹԵ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՐ ԱՐՏԵՐԿՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ԿԼԻՆԵՐ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»

«ԵԹԵ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՐ ԱՐՏԵՐԿՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԴԱ ԿԼԻՆԵՐ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
17.06.2011 | 00:00

Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտահետազոտական խմբի ղեկավար ԱՐԵԳ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հետ մեր զրույցը տիեզերական անհասկանալի երևույթների, այսպես կոչված, ՉԹՕ-ների մասին է:
-Չճանաչված թռչող օբյեկտների` ՉԹՕ-ների մասին հաճախ է խոսվում: Դրանք հաճախ նույնացվում են այլմոլորակայինների տիեզերանավերի հետ: Նաև տարատեսակ պատմություններ են հրապարակվում Երկիր մոլորակ նրանց ժամանակավոր այցելության, թողած հետքերի, երկրաբնակների հետ հաղորդակցվելու մասին: Այս մասին կա՞ն գիտական հիմնավորումներ, եթե ոչ, ովքե՞ր և ինչո՞ւ են նման «փաստեր» տարածում:
-Ամերիկայում կա ուֆոլոգիայի ինստիտուտ, ուր հավաքվում են «փաստերը», ավելի ճիշտ` հաղորդագրությունները, որ ստացվում են տարբեր մարդկանցից, որոնք, իբր, տեսել են անհասկանալի երևույթներ, ինչպես ընդունված է ասել` թռչող ափսեներ: Դրանց մեծ մասը բացատրվում է. մի մասը բնության երևույթներ են, մասնավորապես` գնդաձև կայծակ, մոլորակներ և այլն: Երբեմն մոլորակները որոշակի դիտողական պայմաններում տարօրինակ տեսք են ստանում, նույնիսկ Լուսինն են շփոթել «թռչող ափսեի» հետ: Մթնոլորտի որոշակի պայմաններում փոքր-ինչ արտառոց ձևով են պատկերները երևում, պատահել է, որ լուսավորված քաղաքի վրայով անցնող թռչունների երամը անհասկանալի օբյեկտի տպավորություն է թողել: Այդ «փաստերի» երկրորդ մեծ խումբը կապված է ռազմական, տեխնիկական գործունեության հետ: Ռազմական օբյեկտներով փորձարկումներ են կատարում ամայի տարածքներում և չեն կարող հայտարարել դրանց մասին, բայց որոշ մարդիկ տեսնում են դրանք:
-Դուք խոսեցիք այն երևույթների մասին, որոնք բացատրվում են, իսկ հակառակը չի՞ լինում:
-Իհարկե, կան երևույթներ, որ մինչև այսօր չեն բացահայտվել: Գուցե ինֆորմացիան է պակաս: Չենք կարող բացառել, որ կան արտառոց երևույթներ, բայց պետք չէ պնդել, որ դրանք կապված են այլմոլորակայինների հետ: Դա պարզապես հնարավորություններից մեկն է: Չի բացառվում նաև այլմոլորակայինների ազդեցությունը մեր իրականության վրա: Կա տեսություն, ըստ որի` նրանք արդեն հայտնաբերել են մեզ և փորձարկումներ են անում: Առայժմ փաստեր մենք չենք հայտնաբերել: Ես ուզում եմ հերքել բոլոր այն հաղորդագրությունները, որ իբր ափսեներ են գտնվել, այլմոլորակայիններ են պահվում Պենտագոնի նկուղներում և այլուր: Դա զավեշտ է:
-Գուցե թաքցնո՞ւմ են:
-Եթե հայտնաբերվեր արտերկրային քաղաքակրթություն, դա կլիներ մեր ժամանակի ամենախոշոր հայտնագործությունը: Դա հնարավոր չէ գաղտնի պահել, գուցե միայն որոշ ժամանակ: Չենք կարող ասել նաև` դա դրակա՞ն կլինի մեզ համար, թե՞ բացասական: Եթե ավելի զարգացած քաղաքակրթության բախվենք, կարող է վերանալ մեր քաղաքակրթությունը: Հայտնի է, որ 1970-ականներին ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը և Խորհրդային Միության առաջնորդ Բրեժնևը քննարկել են այլմոլորակայինների հնարավոր այցելության դեպքում համատեղ գործելու տարբերակները. ի՞նչ հարաբերություններ պետք է հաստատեն կամ, հարկ եղած դեպքում, ինչպե՞ս դիմակայեն, ընդհուպ մինչև միջուկային զենքի կիրառումը: Սա այդ ժամանակահատվածում երևի թե միակ դեպքն է, երբ կարող էին միավորվել ԱՄՆ-ն ու Խորհրդային Միությունը:
-ՈՒրեմն հիմնավոր կասկածներ են եղել, որոնք քննարկել են երկու հզոր տերությունների ղեկավարները:
-Կասկածներն առնչվում են բոլոր այն երևույթներին, որոնք նշեցի:
-Գիտնականներն ի՞նչ են ասում:
-Գիտնականների համար ակնհայտ է, որ տիեզերքը շատ մեծ է, կան բազմաթիվ մոլորակներ, և դրանց վրա հնարավոր է, որ կյանք լինի: Ոչ ոք չի կարող ասել, թե միայն մեր մոլորակի վրա կյանք կա, բայց չենք կարող նաև պնդել, թե կա, մինչև չհայտնաբերվի: Կարող ենք հավանականությունը պնդել, որը շատ մեծ է:
Այլ հարց է, թե ի՞նչ հեռավորության վրա կլինեն, կարո՞ղ ենք մոտենալ, հաղորդակցվել. նրանց հոգեբանությունը, բարոյականությունը, լեզվամտածողությունը գուցե բոլորովին այլ են: Եթե մեզ նման էակներ են, ուրեմն մոտակայքում չկան, որովհետև ազդանշան կստանայինք: 1960-ից ռադիոլսումներ են անցկացվում. եթե դեպի Երկիր որևէ արհեստական ազդանշան գար, որսած կլինեինք: Սա, իհարկե, պասիվ մոտեցում է` սպասել, թե երբ ազդանշան կլինի: Ավելի արդյունավետ է արտարեգակնային մոլորակների որոնումը: Հայտնաբերվել է շուրջ 550 մոլորակ: Վերջին ուսումնասիրություններն ուղղված են այդ մոլորակների մթնոլորտի քիմիական բաղադրութան վերլուծությանը, բավականին առաջընթաց կա աստղագետների կողմից արտերկրային քաղաքակրթություններ հայտնաբերելու ուղղությամբ:
Հարկ է նշել, որ արտերկրային քաղաքակրթություններին նվիրված առաջին համամիութենական գիտաժողովը հրավիրվել է Բյուրականում 1964-ին` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ, իսկ 1971-ին Բյուրականում տեղի է ունեցել այդ թեմայով առաջին միջազգային գիտաժողովը, որին ներկա են եղել աշխարհահռչակ գիտնականներ Դրեյքը, Մորիսոնը, Գոլդը, Սագանը և այլք:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ