ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԿԵՑՑԵ՛ ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԴՅՈՒՑԱԶՆԸ

ԿԵՑՑԵ՛ ՄԵՐ ՓՈՔՐԻԿ ԴՅՈՒՑԱԶՆԸ
27.03.2012 | 00:00

Յոթ հազար յոթ հարյուր յոթ. կիրակի օրվանից աշխարհում արդեն այսպիսին է մեջքին պառկած դիրքից, ձեռքերը կիսածալած, արտակորում դեպի առաջ վարժության թվային համարժեքը, և դրա հեղինակը վարդենիսցի ՍԵՐԳԵՅ ՍԻՄՈՆՅԱՆՆ է: Սակայն ռեկորդային է վարժության ոչ միայն թվային համարժեքը, որը նախորդից ավելի է 157-ով: Ռեկորդային է նաև վարժության կատարման վրա ծախսված ժամանակը` երեք ժամ քառասունինը րոպե: Ասել է թե` յուրաքանչյուր 1,78 վայրկյանում կատարվել է մարմնի մեկ արտակորում: Չմոռանանք` մեջքին պառկած դիրքից, ձեռքերը կիսածալած:
Հարկավ, կլինեն մարդիկ, որ կհարցնեն` հետո՞ ինչ:
Հարցն առաջին հայացքից կարող է շփոթի մատնել:
Սակայն այդ նույն «ռացիոնալ» մտածողությամբ ամեն ինչ կարելի է բերել-հասցնել անհեթեթության` մոռացության մատնելով, որ մարդու բնույթի մեջ դրված է ինքնաճանաչման, ինքնաբացահայտման, ինքնակատարելագործման հրաշք նախասկիզբը, առանց որի անհնարին կլինեին հասարակական, քաղաքական, տնտեսական, հոգևոր-բարոյական կյանքի բազմաթիվ ձեռքբերումներ:
Սա որպես պատասխան այդ նույն «ռացիոնալ» մտածողության տեր մարդկանց:
Ինչ վերաբերում է Վարդենիսի քաղաքային մարզադպրոցի սան (մարզիչ` Մանվել Մկրտչյան), այդ նույն մարզադպրոցի տնօրեն Արմեն Սիմոնյանի որդու` տասնչորսամյա Սերգեյ Սիմոնյանի կիրակնօրյա նվաճմանը, հարկավ, այն դատապարտված է ժամանակի ու տարածության մեջ, որովհետև կգտնվեն ուրիշներ, ովքեր կփորձեն գերազանցել նրա 7707-ը (այդ թվում և` ինքը): Սակայն գերազանցման այդ փորձի մեջ է մեր պատանյակի նվաճման հմայքը, որովհետև մարդը չի կարող հաշտ ապրել սահման հասկացության հետ, ու սա էլ նրա բնույթի անբաղդատելի մասն է:
Իսկ եթե փաստի առնչությամբ կոնկրետ խոսելու լինենք, պիտի անվերապահորեն ասենք` կեցցե՛ մեր փոքրիկ դյուցազնը, ով խնդիր էր դրել ու կարողացավ հասնել դրա լուծմանը: Նման կոնկրետության, խնդիր դնելու ու դրա լուծմանը հասնելու նպատակաուղղվածության պայմաններում ինչպես չհավատալ, որ այս տղան վաղը օլիմպիական բարձունքի չի հասնի իր սիրած մարզաձևում` ըմբշամարտում, և ինքը չի դառնա Օլիմպոսը երկու անգամ նվաճած մեր օրերի նոր Արմեն Նազարյան, ինչպես չհավատալ, որ մի տասը-տասնհինգ տարի հետո Վարդենիսից կամ Հայաստան աշխարհի մեկ այլ բնակավայրից մեկ այլ պատանեկիկ իր համար նշաձող չի ունենա մեր այս նյութի հերոսին ու նրա պես չի ձգտի գրոհել օլիմպիական բարձունքներ, ինչպես այսօր իր երազանքի մեջ փորձում է գրոհել Սերգեյը:
Ընթերցողը, բնականաբար, հարց կարող է տալ` արդյո՞ք առարկայական են մեր կանխատեսումները, ու արդյո՞ք դրանք ցանկությունների մակարդակի չեն:
Շտապում եմ պատասխանել` ոչ:
Այս տղան համարյա իր քաշի չափ մեդալներ ու գավաթներ ունի նվաճած, և դրանք միայն մարզային կամ առանձին վերցրած ընկերության «մասշտաբի» չեն: Դրանց մեջ միջազգային մրցաշարերի մեդալներ ու գավաթներ էլ կան արդեն:
Սակայն, թող ներվի ասելը, ինձ համար շատ ավելի կարևորը նրա` Տերյան ու Թումանյան, Մեծարենց ու Վարուժան իմանալն էր, ու դրանք իմանալն իրենց անվանական մեծության մեջ ու ոչ թե որպես, ասենք, փողոցի անուն: Ցավոք, այսօր գիրքն ու գրողն օտարված են կյանքից, ու զարմանում ես բաների վրա, որոնք կյանքի օրինաչափություն պիտի լինեին, որովհետև մարդուն անտոհմ ու անհայրենիք դարձնելն սկսվում է նրան իր արմատներից կտրել-օտարելու համար միջավայր ստեղծելուց:
Կիրակի օրը Սերգեյ Սիմոնյանը չդարձավ պարզապես ռեկորդի հեղինակ ու մտավ հայկական Դյուցազնագիրք, որն արդեն իրողություն է` շնորհիվ արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովի նախագահ ու գրքի հեղինակ Վարդան Թադևոսյանի: Այս փոքրիկը նախ և առաջ կարողացավ համախմբել մի ողջ բնակավայր, որը, մեծ ու պստիկով, եկել էր ականատեսը լինելու իր համաքաղաքացու հրաշքին: ՈՒմ` ում, գոնե ինձ չի զարմացնում մեր առանձին վայ-իշխանավորների անտարբերությունն այն ամենի նկատմամբ, ինչն ի նպաստ կամ հօգուտ չէ իրենց գրպանին: Անկեղծ եմ ասում` մինչև հոգուս խորքը զարմացած եմ ռեկորդի կերտման արարողությանը Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի սկզբից մինչև վերջ ներկայությունից (հիշեցնում եմ, որ միայն բուն ռեկորդի կերտման արարողությունը տևել է երեք ժամ քառասունինը րոպե), իր քաղաքացու հաջողության համար ունեցած մանկական ոգևորությունից: Դրամական պարգևի մասին չեմ ասում, թեպետ այն էլ քիչ բան չէ ռեկորդակրի, գուցե և նրա ընտանիքի համար:
Կիրակի օրն այ այսպիսի զարմանալի բանի ականատեսն եղա Վարդենիս քաղաքում, ու դրա մեջ ոգևորիչ շատ բան կար: Այդ շատ բաների մեջ, ի դեպ, իր հաղթանակը Լոնդոնի օլիմպիական խաղերի հայ մասնակիցներին նվիրելու Սերգեյ Սիմոնյանի հասունությունն է նաև:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ