Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

ԾԱՆՐ ՁՈՂ

ԾԱՆՐ ՁՈՂ
04.05.2012 | 00:00

Անվիճելի է, որ տարվա խոշորագույն մարզական հանդիսությունն ամռանը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերն են: Մասնակիցների թվակազմի, մարզաձևերից ներկայացվածության առումով ընդհանուր համայնապատկերի մեջ մենք, բնականաբար, առանձնապես չենք փայլում, և այստեղ սկզբունքորեն զարմանալու բան էլ չկա: Մեծ սպորտը եղել է, կա, մնում է հարուստ երկրի մենաշնորհ: Այնպես որ, ինչ-որ մի տեղ նույնիսկ պիտի գոհանալ, որ գոնե այդքանն էլ ունենք: Սա առանձին թեմա է, ուստի բավարարվենք այսքանով ու դառնանք մեր բուն խնդրին:

Լոնդոնյան մեր պատվիրակության առաջին դիրքերում են ծանրամարտը ներկայացնող մարզիկները` թե՛ թվակազմի, թե՛ սպասվելիք արդյունքի հաշվարկով: Առաջինի պարագայում ցանկալի փոփոխություններ անելու հնարավորություն մենք, իհարկե, չունենք, քանի որ մասնակիցների թիվը որոշվել է աշխարհի վերջին երկու առաջնության արդյունքով, ինչը լավ չես անվանի, բայց, դե, վատ էլ չես գնահատի: Ինչ վերաբերում է սպասվելիք արդյունքին, տեսականորեն այն պիտի լինի ցանկալիի շրջանակներում, որովհետև նախապատրաստական փուլում Ազգային օլիմպիական կոմիտեն ու մարզաձևի ֆեդերացիան, կարծես, արել ու անում են հնարավորը, եթե չասենք` մի բան էլ ավելի: Իհարկե, հարցեր կան, որ հրապարակայնության շրջանակներից դուրս են, ուստի խոհեմաբար լռություն պահպանենք` ելնելով բուն գործի ու ընդհանուրիս շահերից: Այլ բան է, թե մեր ծանրորդներն ինչքանով կինքնիրացվեն, որքանով մոտ կլինեն իրենց հնարավորությունների առավելագույնի սահմանին, այդ սահմանը որքանով մրցունակ կլինի այլոց համեմատ:

Որ մարզիկների ֆիզիկական պատրաստվածության առումով այն կլինի բարձր մակարդակի վրա, գրեթե կասկած չունենք: Այլ բան է հոգեբանական պատրաստվածության հարցը, որը չափազանց նուրբ խնդիր է, բազմաթիվ գործոններով պայմանավորված, և որի առնչությամբ մեծ բաց ունենք: Միջազգային գրեթե բոլոր խոշոր մրցաշարերից հետո անդրադարձել ենք սույն խնդրին, սակայն մենք ասում, մենք էլ լսում ենք: Հիմնախնդրին ուշադրություն դարձնող չկա: Երևի մարդիկ համոզված են, որ ճիշտը տղայականն է ու, այսպես ասած, տղայականով էլ կվերցնեն: Տղայականի գործոնը ոչ ոք կասկածի տակ չի առնում, սակայն դրան ամբողջովին ապավինելն էլ ճիշտ չէ: Եվ հետո, այդ ինչո՞ւ է մեզ թվում, թե դրանից միայն մենք գաղափար ունենք: Լավ, առանձնապես չընդարձակվենք, բայց և հուսանք, որ հասկացության հարակից գործոնի ընկալման լույսը մի օր մեզ վրա էլ կիջնի:

Ինչևէ։

Օլիմպիադային նախապատրաստվում են երկու ծանրորդուհի ու յոթ ծանրորդ: Կանանց ընտրանու հարցում Մելինե Դալուզյանին ու Հռիփսիմե Խուրշուդյանին, բնականաբար, այլընտրանք չունենք, քանի որ այսօր Հայաստանում չիք երրորդ այլ ծանրորդուհի, ով այս պահի դրությամբ ի վիճակի է աշխարհի ուժեղների հետ մրցակցության մեջ մտնելու: Սա Հայաստանի կանանց հավաքականի ողջ պերճանքն ու թշվառությունն է, բայց և խոստովանենք, որ, ի դեմս վերը հիշատակված մարզուհիների, ունենք օլիմպիական մեդալի ռեալ հավակնորդուհիներ:

Ինչ վերաբերում է տղամարդկանց ընտրանուն, այստեղ ընտրության հնարավորությունն անհամեմատ մեծ է, յոթից պիտի ընտրվի չորսը: Ներկա պահին ուսումնամարզական հավաքում են Վանիկ Ավետիսյանը (69 կգ), 77 կգ քաշայիններ Տիգրան Մարտիրոսյանն ու Առաքել Միրզոյանը, Արա Խաչատրյանն ու Արայիկ Միրզոյանը (85 կգ), Նորայր Վարդանյանը (94 կգ), գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Հասկանալի է, որ պոտենցիալով նրանք հավասարարժեք մարզիկներ չեն: Այդ մասին առարկայնորեն խոսում են միջազգային մրցահարթակներում նրանց ցույց տված արդյունքները: Սակայն ամբողջ ցավն այն է, որ դրանք զգալի հնության են ու նկատելիորեն ոչ վստահելի` լուրջ վերլուծության համար: Եվ այդուհանդերձ, փորձենք հասկանալ` ո՞ւմ և ի՞նչ ունենք, ումո՞վ և ինչո՞վ ենք պատրաստվում գնալու Լոնդոն:

Տիգրան Մարտիրոսյանը վերջին քսաներկու տարվա մեր միակ աշխարհի չեմպիոնն է տղամարդկանց մեջ: Մեծ մրցահարթակում նրա վերջին ելույթը 2011 թվի նոյեմբերին կայացած աշխարհի առաջնությունում էր, որտեղ երկամարտի 356 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը: Փարիզում ելույթ ունեցավ մեկ տարվա ընդմիջումից հետո (վնասվածքներն էր բուժում) և, ինչ-որ տեղ, այս արդյունքը սպասելի էր` նկատի ունենալով մրցակցային փորձի միջակայքը:

Նույն առաջնությունում իրենց վերջին մրցելույթներն են ունեցել նաև Առաքել Միրզոյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Եթե առաջինը երկամարտի 338 կիլոգրամով ու ավելի քան համեստ տասներորդ տեղով վերադարձավ Փարիզից, ապա Ռուբենի համար այն ընդհանրապես անհաջող ստացվեց: Սակայն այստեղ մի նուրբ հանգամանք կա, որն անպայմանորեն պիտի նկատի ունենալ: Նախ` սա, Առաքել Միրզոյանի պես, մեկնարկ էր մոտ երկու տարվա ընդմիջումից հետո (պատճառը վնասվածքն էր), երկրորդ` մարզական շտաբի ցուցումով մարզիկը պոկում վարժության երրորդ մոտեցումից հրաժարվեց, որովհետև խնդիր էր դրված հրում վարժությունում կատարյալ ճակատամարտ տալ իրանցուն (պարապմունքների ժամանակ մարզիկի համար 250 կիլոգրամ բարձրացնելը, մարզիչների հավաստմամբ, խնդիր չի եղել), փորձել պոկել փոքր ոսկին` դրանով իսկ խառնվելով եթե ոչ մեծ արծաթի, ապա գոնե բրոնզի համար պայքարին: Ծրագրվածը Փարիզում չստացվեց (նախնական 240-ը մնաց անհաղթահարելի), և սա, համոզված ենք, լոկ մարզիկի հոգեբանական պատրաստվածության հետ կապված խնդիր էր: Ռուբենը պարզապես «վառվեց» (կա այդպիսի հասկացություն ու հոգեվիճակ սպորտում): Ինչևէ:

Դատելով նախկին արդյունքներից` Տիգրան Մարտիրոսյանի պես մեր օլիմպիական գլխավոր հույսերից է մնում Արա Խաչատրյանը, ով, սակայն, մեծ մրցահարթակից ավելի քան մեկուկես տարվա բացակայության «փորձ» ունի` դարձյալ վնասվածքի պատճառով: Հիշենք Անթալիայի 2010 թվականի չարաբաստիկ առաջնությունը, պոկում վարժությունում փոքր ոսկին նվաճելուց հետո, երկրորդ վարժությունում առաջին իսկ մոտեցումից հետո մարզիկի անհեթեթ վնասվածք ստանալն ու պայքարից դուրս մնալն այն դեպքում, երբ Արան, իր այդ պատրաստվածության պայմաններում, պարզապես պիտի վերադառնար աշխարհի չեմպիոն դարձած:

Նույն մեծ մրցահարթակում վերջին անգամ 2011-ի ապրիլին է երևացել Արայիկ Միրզոյանը, ով Եվրոպայից վերադարձել է արծաթե մեդալով (347 կգ) անձնական ավելի ծանր քաշի պատճառով զիջելով միայն թուրք մարզիկին (առաջնությունում մարզիկը ներկայացրել է 77 կգ քաշային կարգը), իսկ Նորայր Վարդանյանը միջազգային մրցահարթակից բացակայության ավելի մեծ «ստաժ» ունի (վերջին մրցելույթը եղել է 2010-ին Լիմասոլում անցկացված մինչև 23 տարեկանների առաջնությունում, որտեղ, երկամարտի 361 կիլոգրամ արդյունքով, դարձել է հինգերորդը):

Եթե ուշադիր ենք նայում, մեր մարզիկների մասնակցության առումով չափազանց տխուր վիճակագրություն է: Նկատի ունենք դադարները (Եվրոպայի վերջին առաջնությանը Վանիկ Ավետիսյանի պարագան բացառենք` բացառելով նաև այստեղ ցույց տված երկամարտի նրա 318 կիլոգրամը (չորրորդ տեղ), որը օլիմպիադայում ոչ մի դեպքում մեդալային քաշ չէ. չմոռանանք, որ 69 կիլոգրամ քաշային կարգում մեծ առավելություն ունեն ասիացի մարզիկները):

Վիճակագրությունը հուսադրող չէ նաև ցույց տված արդյունքների առումով, եթե դրանք համեմատում ենք աշխարհի վերջին առաջնությունում արձանագրված տվյալների հետ: Իրենց լավագույն մարզավիճակին հասնելու դեպքում մեդալային հավակնություններ կարող են ունենալ միայն Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը (եթե Անթալիայի պոկումը կրկնի ու հրումում առնվազն 207-210 կիլոգրամ ցույց տա) և Ռուբեն Ալեքսանյանը (այստեղ էլ պոկումում առնվազն 195 կիլոգրամ է պետք` գումարած հրումում միանգամայն սպասվելիք 250-ը): Մնացած մարզիկներից և ոչ մեկի պարագայում չի ուրվագծվում մեդալի հեռանկար: Երևի թե հաճելի բացառություն կարող է դառնալ Արայիկ Միրզոյանը, ով, սակայն, նոր քաշային կարգ է տեղափոխվել, ու անհայտ է, թե 77-ում ցույց տված 347-ի վրա ինչքան կկարողանա ավելացնել:

Ընթերցողին չապակողմնորոշելու համար, նորից ենք կրկնում, որ վերլուծություններն անում ենք տղաների նախկինում ունեցած արդյունքների հիման վրա, այս փուլում նրանց պատրաստվածության մասին տվյալներ չունենք` բացի մարզիչների հավաստիացումներից, որ ամեն ինչ նորմալ հունով է գնում: Սակայն բանն այն է, որ մարզիչների հուսադրումների մասին միշտ էլ լսում ենք, իսկ մրցումները բոլորովին այլ բան են վկայում: Գոնե` վերջին երկու տարում: Իհարկե, այս վերջին երկու տարում մենք ունեցել ենք մեդալներ, բայց ոչ ոք թող չհանդգնի դրանք, որպես ապացույց, մեր աչքը խոթել, որովհետև այս դեպքում մենք դուրս կգանք շատ ավելի լուրջ համեմատություններով շատ ավելի լուրջ վերլուծությունների սահմանագիծ, որոնք այս նյութի շրջանակներից դուրս են ու ավելի մեծ ծավալ են պահանջում:

Ընդհանուր գծերով այս է մեր այսօրվա ունեցածը:

Արդ` հավատո՞ւմ ենք արդյոք մեր մարզչական կորպուսի կարողություններին, հավատո՞ւմ ենք, որ մինչև օլիմպիադայի մեկնարկ ընկած ժամանակահատվածում այն կանի կամ ի վիճակի է անելու առավելագույնը: Իհարկե հավատում ենք` հուսալով, որ տղաներն էլ անխոհեմ պահվածքով այդ աշխատանքը ջուրը չեն լցնի, լրջմիտ կմոտենան խնդրին` այս ընթացքում գիտակցաբար իրենց զրկելով շատ ու շատ գայթակղություններից:

Այս հավատալու շարքից մի բան էլ ասենք հարց տալու պես: Հավատո՞ւմ ենք, որ օլիմպիադա մեկնողների ընտրությունը մարզիկների բացառապես ֆիզիկական ու հոգեբանական պատրաստվածության հիման վրա կլինի, թե՞ հարցին կխառնվեն կենսաբանական ու հոգևոր պապաներ: Անկեղծ լինեմ` այստեղ որոշակի կասկածներ ունեմ, ու տա Աստված, որ սխալվողը ես լինեմ: Համենայն դեպս, գոնե կեսբերան չեմ կարող չհիշեցնել` որքան էլ սա օլիմպիադա է ու, որպես մարզական հանդիսություն, յուրաքանչյուր մարզիկի երազանք, որքան էլ այս հանդիսության կարգախոսը շարունակում է մնալ մասնակցելու կարևորությունը, միևնույն է, գլխավորը հաղթելն է:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ