Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Հեռանում են

Հեռանում են
10.01.2024 | 13:53

Հեռանում են մեկ-մեկ, զույգ-զույգ, ընտանիքներով ու գերդաստաններով:

Հեռանում են տրտմաշուք, հուսալքված, խաբված, ընկճված, ահաբեկված, հայրենազուրկ, ունեզուրկ, զայրացած, կողոպտված, նսեմացած, անտեսված,- իրենց մի փոքր վերգտնելու, հեռավոր ափերում ապահով կեցություն գտնելու հույս ու փափագով:

Հեռանում են դեռ երեկ անուղղելի ավանդապահ ու հայրենասեր, այսօր՝ ներքուստ դատարկված, պատահական քամիներին մեկեն մատնված մարդիկ:

Հեռանում են մեր արյունակիցները, ազգակիցները, բարեկամներն ու ծանոթները, ընկերներն ու սիրելիները: Հեռանում են օդով ու ցամաքով, մեծ ու փոքր, մեր շուրջը թողնելով մի մշուշապատ ու խորացող ամայություն:

Հեռանում են ցիրուցան անելով այն յուրահատուկ ազգային ձուլվածքը, որ դեռ երեկ ժողովուրդ էր՝ իր պատմական հողին տեր ու իր բարոյական նկարագրով:

Լքված հողը դեռ կարելի է ժամանակ անց նորից շենացնել բնիկ տերերով ու նրանց ժառանգներով, վերականգնել ավերված ու նենգափոխված բնակավայրերը, վանքերն ու սրբավայրերը, երկրին տալ իր նախկին տեսքը, եթե պահպանվի այն ձուլվածքը, որ դեռ երեկ ժողովուրդ էր:

Այսօր նրա զավակները հեռանում են դեպի օտարություն, և նրանց ձեռքը պինդ բռնող չկա: Արցախահայ հավաքականությունն է, որ փոշիանալով, հետագայում գրեթե անհնար է լինելու վերականգնել: Մնացյալը հեշտ վերականգնելի է:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6761

Մեկնաբանություններ