Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Ալիևի պնդումները և Երևանի վտանգավոր լռությունը

Ալիևի պնդումները և Երևանի վտանգավոր լռությունը
10.09.2025 | 11:51

Ալիևը կրկին վերադարձել է իր հին բառապաշարին։

Սեպտեմբերի 9-ին, Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովում, նա հայտարարել է․

«Ադրբեջանը դառնում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը։ Չեմ կասկածում, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում մայրցամաքներն իրար կապող կարևոր տրանսպորտային արտերիա կդառնա»։

Սա շարունակությունն է այն ուղերձի, որ Ալիևը հնչեցրեց ՇՀԿ գագաթնաժողովում, երբ հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի և Հյուսիս–Հարավ միջանցքի կարևոր հատված»։

Խնդիրը միայն բառերի ընտրությունը չէ։ Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը», այսինքն՝ ներկայացնել, թե Սյունիքի ճանապարհը բացվելու է ոչ թե Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, այլ հատուկ կարգավիճակով։

Սա նրա քաղաքական գիծն է։

Ներքին լսարանին նա ցույց է տալիս, որ չի զիջում «միջանցք» պահանջից։

Միջազգային լսարանին՝ որ առանց Ադրբեջանի թեզի հնարավոր չէ ապահովել Միջին միջանցքի ամբողջականությունը։

Հայաստանի համար սկզբունքային է մեկ բան․

ճանապարհները կարող են լինել, բայց միջանցք չի լինելու։

Ցանկացած հաղորդակցություն կարող է գործել միայն Հայաստանի ինքնիշխանության ներքո։

Բայց արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը կհետևի այս սկզբունքին, թե՞ հերթական անգամ կդիմի նվաստացուցիչ զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի։

Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը հստակ չեն հերքել Դոնալդ Թրամփի հայտարարությունը Սյունիքի ճանապարհը 99 տարով վարձակալելու մասին։

Նրանք նաև չեն հայտարարել, որ Հայաստանը ունենալու է մաքսային վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ։

Սա միայն ուժեղացնում է հանրային կասկածները, որ պաշտոնական Երևանը Սյունիքի հարցում արդեն իսկ արել է կամ պատրաստվում է անել սկզբունքային զիջում։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 10786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ