Եվ ինչպես չհիշես մանուշակի մասին, այն մանուշակի, որ շարունակում է ծաղկել հայ գրականության ամենաբարձր լեռնագագաթներից մեկում։
Երբ հոգին հոգնում է աղմուկից ու շահից, պետք է գտնել մի անկյուն, որտեղ «Ալպիական մանուշակը» կծաղկի։
Ակսել Բակունցը մեզ հիշեցնում է, որ երբեմն մարդը ծառ է տնկում ոչ թե այն խնձորի համար, որ ինքը կհասցնի ուտել, այլ պարզապես՝ որովհետև հավատում է։
Այդ մանուշակը գուցե ոչ ոք չտեսնի։ Բայց այն գոյություն ունի։ Եվ հենց դրա գիտակցումն է, որ մարդուն փրկում է անիմաստությունից։
«Ալպիական մանուշակը» հազվագյուտ բույս է, որ աճում է միայն բարձրության վրա, միայն կարճ ժամանակով, միայն նրանց համար, ովքեր համարձակվել են բարձրանալ։ Այդ մանուշակը՝ հերոսն է։ Այդ մանուշակը՝ պատմվածքն է։ Եվ այդ մանուշակը՝ մենք ենք, երբ պահում ենք հույսը, անգամ երբ սրտում ձյուն է տեղում։
Բակունցը մեզ սովորեցրեց տեսնել գեղեցկությունը այնտեղ, որտեղ ուրիշները սովորական անցուդարձ էին տեսնում։ Սովորեցրեց լսել լեռների լռությունը, հասկանալ գյուղացու հոգսը, սիրել հայրենի հողը ոչ թե մեծ բառերով, այլ անկեղծ ու պարզ մարդկային զգացումով։
Գուցե հենց այդ պատճառով էլ նրա ստեղծագործությունները չեն ծերանում։ Դրանք կարդում ենք ոչ միայն որպես գրականություն, այլև որպես հոգու զրույց։ Ամեն սերունդ իր մանուշակն է գտնում Բակունցի էջերում՝ իր հավատը, իր կարոտը, իր լուռ հույսը։
Այսօր, հիշելով Ակսել Բակունցին, խոնարհվում ենք ոչ միայն մեծ գրողի, այլև այն մարդու առաջ, ով մեզ թողեց հոգևոր մի ժառանգություն, որտեղ նույնիսկ ամենադժվար ժամանակներում շարունակում է ծաղկել հույսի մանուշակը։
Խոնարհումս Ակսել Բակունցի լուսավոր հիշատակին։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ