«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վիշապաքաղ Վահագնը ու «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը»

Վիշապաքաղ Վահագնը ու «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը»
24.06.2026 | 17:51

Այսօր ցայգալույսին շատերը դիվադադար եղած կլինեն երևանյան երկնքում ճայթող ամպրոպ-կայծակից: Էն տպավորությունն էր, թե վերին գերբնական ուժերը շանթ-որոտով ինչ-որ բան են հասկացնում ներքևիններիս: Սնոտիապաշտ չեմ, բայց, մեղքս ի՞նչ թաքցնեմ, հեթանոս պատկերներ ուրվագծվեցին երևակայությանս մեջ: Եվ առաջինը, իհարկե, հեթանոսական մեր դիցարանի ռազմի աստված Վահագնն էր՝ ամպրոպ-կրակե իր ողջ հանդերձով: Չլինի՞ նորից մենամարտում է վիշապների դեմ, որ նույնն է, թե՝ քաոս արարող չար ուժերի: Դե, երևակայություն է, դեմը չես առնի, մանավանդ, երբ գլխավերևումդ երկինքը բառացիորեն տրաքում է, ասես, անդրերկրային հրթիռներ են բախվում իրար:

Էս խառուխշտիկ մտքերն էին դեռ գլխիս մեջ, երբ մտա Ֆեյսբուք, և առաջին բանը, որ աչքովս ընկավ, Վիշապաքաղ Վահագնի հուշարձանի տեղափոխումն էր մայրաքաղաքի մի ծայրից մյուսը: Ու նորից՝ թարսուշիտակ միտք. կարող է՞ մեր դիցին հենց դա էր զայրացրել, որ չեն թողնում իր տեղը հանգիստ սթրվի, արդեն երրորդ անգամ բռնի արտագաղթեցնում են, այս անգամ՝ Ծովակալ Իսակովի պողոտա-Սեբաստիա փողոցի խաչմերուկից ուղիղ Ռուսաստանի հրապարակ՝ քաղաքապետարանի դիմաց: Եվ ինչու՞ հենց՝ Ռուսաստանի հրապարակ:

Կառավարության այս հանկարծահաս որոշումը զուտ ճարտարապետագեղագիտակա՞ն ենթատեքստ ունի, թե՞, այնուամենայնիվ, խորհրդապաշտական: Այս միտքն ընդհանրապես կարելի էր բացառել, եթե կառավարության գլուխը օրը մի գլխարկ փոխելու սիմվոլիկայով չտառապեր՝ հեռուն գնացող եզրահանգումների տեղիք տալով: Այս իրողությունն աչքի առաջ ունենալով՝ իրավունք ունե՞նք նմանատիպ մի եզրահանգում էլ Վահագնի հուշարձանի տեղափոխման առնչությամբ անել: Դիցուք՝ ինչու՞ է մեր Վիշապաքաղը «տնկվում» հենց «Մոսկվայի տան» կենվորների աչքի առաջ: Որ ամեն րոպե տեսնեն, թե ո՞նց է մեր դյուցազնը «քաոս ստեղծող չար ուժերի» հախից գալիս, ոնց է խեղճացնում խորհրդանշական վիշապին, ենթադրաբար՝ «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը»:

Չասեք՝ երևակայությանս շատ եմ զոռ տալիս, համարյա՝ «պեչենու բաղերն ընկնելու» չափ: Դրա իրավունքը նույնքան ունեմ, որքան նրանք, ովքեր կպնդեն, թե հուշարձանի տեղափոխումը զուտ գեղագիտական ենթաշերտ ունի: Չեմ վիճում: Մնում է՝ մեր հեթանոս աստվածն էլ չվիճի հետներս, մի քիչ մեղմի ցասումը: Ի՞նչ խաբար է՝ հունիսի վերջին՝ էսքան որոտ ու կայծակ, կարկուտն էլ՝ վրադիր:

Հետաքրքիր է՝ էն գլխարկավորն իմացա՞վ վերջը, թե էս աննախադեպ կարկուտներն ինչի հետևանք են:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ