Տարածաշրջանը նորից մտնում է կրակի փուլ։
Իրանը ցնցվում է, սահմանները լարվում են, ուժային կենտրոնները բախվում են։
Մեզ նման փոքր, խոցելի երկրի համար սա պատմական վտանգի պահ է։ Սա այն պահն է, երբ պետությունը պետք է ամրապնդի իր ներսը, հավաքի ազգի ուժը, կանգնի իր հոգևոր, ազգային և անվտանգային սյուների վրա։
Բայց Հայաստանում մենք տեսնում ենք հակառակը։
Իշխանությունը ներսում պատերազմ է մղում այն ինստիտուտի դեմ, որը դարերով պահել է այս ժողովրդին, երբ բանակ, պետություն ու դիվանագիտություն անգամ չկային։ Եկեղեցին այսօր ներկայացվում է որպես «խնդիր», որպես «խանգարող ուժ», որպես թիրախ։ Սա պարզապես քաղաքական կոնֆլիկտ չէ։ Սա հարված է մեր պատմական հիշողությանը, ինքնությանը և դիմադրողականությանը։
Եվ հենց այդ պահին, երբ թշնամիները մեր շուրջը դիրքավորվում են, իշխանությունը ընտրում է մի վտանգավոր ուղի՝ նրանց հետ «բարեկամության» թատրոն խաղալ։ Սերիալներ, համատեղ նախագծեր, մշակութային շոուներ, կեղծ խաղաղասիրություն։ Բայց ժողովուրդը լավ գիտի՝
թշնամու հետ ժպտալը չի ջնջում նրա ատելությունը,
թշնամու հետ սեղան նստելը չի վերադարձնում մեր կորցրածը։
Սա դիվանագիտություն չէ։ Սա իրականության աղավաղում է։
Երբ իշխանությունը սկսում է ներկայացնել թշնամուն որպես գործընկեր, իսկ սեփական եկեղեցին՝ որպես վտանգ, դա արդեն պետական սխալ չէ։ Դա արժեքների շրջում է՝ որտեղ սուրբը դառնում է թիրախ, իսկ վտանգավորը՝ նորմալ։
Այս քաղաքականության գինը մենք արդեն տեսել ենք՝ թուլացած բանակ, կոտրված հասարակություն, վախեցած ժողովուրդ։ Իսկ հիմա դրան ավելանում է նաև հոգևոր ապամոնտաժումը։
Հայաստանը չի պարտվել միայն պատերազմում։ Հայաստանը պարտվում է, երբ իր ներսում քանդում են այն, ինչը մեզ դարերով պահել է կանգուն։
Եվ այս ամենի մեջ լռելը դառնում է հանցավոր։
Որովհետև երբ քո տունը ներսից են քանդում, լռելը նշանակում է թույլ տալ։
Սա կուսակցական հարց չէ։
Սա գոյության հարց է։
Հովհաննես ՊՈՂՈՍՅԱՆ