Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

Չափից դուրս թուլացած ԵՄ-ը դառնում է անօգտակար բեռ ԱՄՆ-ի համար

Չափից դուրս թուլացած ԵՄ-ը դառնում է անօգտակար բեռ ԱՄՆ-ի համար
25.12.2025 | 14:09

ԵՄ-ի և ընդհանրապես, որևէ խոշորամասշտաբ միության վարքի ու գործունեության իմաստի մեջ խորանալու և նրա ապագայի հետ կապված հուսալի եզրակացությունների գալու համար կենտրոնական պրոբլեմը լիդերության հետ կապված հարցի դրվածքն է դրանցում։

Այստեղ հիմնական դրույթն այն է, որ ցանկացած միության, կազմակերպության, կուսակցության և այլն, գործունեության կայունության հիմնական պայմանն այն է, որ դրանց լիդերը իր գումարային հզորությամբ պետք է մի քանի գլուխ բարձր լինի այլ մրցակից ուժերից։

Իսկ հակառակ դեպքում, երբ մոտավորապես հավասար ուժով լիդերները մի քանիսն են, ապա նման միությունը կամ կազմակերպությունը կլինի անկայուն և արագ կքայքայվի այնքան, մինչև նրա մասերը չունենան միահեծան լիդերներ։

Այս երևույթի դասական օրինակը Պլեխանովի ու Լենինի միջև լիդերության համար պայքարն էր, որն էլ բերեց կուսակցության տրոհմանը մենշևիկների ու բոլշևիկների։

Կա նաև մի այլ տարբերակ, երբ լիդերը, պարզապես ինչ-ինչ պատճառներով, լքում է ասպարեզը, որի դեպքում էլ որևէ տեսակի միության ապագան, շատ մեծ հավանականությանբ, տրոհումն է տարբեր մասերի, քանի որ ցանկացած համակարգ, որևէ տեսակի լուրջ փոփոխությունից հետո, դրեյֆում է դեպի իր հնարավոր ամենահավանական վիճակը։

Եթե հիմա անդրադառնանք ԵՄ-ի խնդիրներին, ապա նրա իսկական լիդերը ԱՄՆ-ն էր, որի տեսանկյունից էլ ԵՄ-ը ՆԱՏՕ-ին կից մի կառույց էր, որի նպատակն էլ ԱՄՆ-ի համար Եվրոպայի կառավարումը հեշտացնելն էր՝ ստեղծելով Եվրոհանձնաժողովի նման միջանկյալ ինչ-որ տեսակի օրգան։

Եվ որպեսզի նման բնույթի կառավարումը, որևէ տեսակի խոչընդոտի հանդիպելով, չդժվարանա, ապա և՛ ԵՄ-ի ֆիկտիվ կառավարումը, և՛ նրա առաջատար երկրների կառավարումը նպատակահարմար էր տալ երկրորդական մարդկանց ձեռքը։

Բայց, ինչպես ամեն ինչում, այստեղ էլ փայտը երկու ծայր ունի, և եթե քեզ ենթակա կազմակերպության ղեկավարությունը շատ ես թուլացնում, ապա այն աստիճանաբար վերածվում է անցանկալի բեռի։

Իսկ եթե, դրա հետ միասին, տեղի են ունենում նաև գլոբալ մասշտաբի այլ փոփոխություններ, ինչպես ԱՄՆ-ի համար Չինաստանի և Ռուսաստանի կողմից եկող մարտահրավերներն են և ուկրաինական պատերազմն էլ վրան, ապա չափից դուրս թուլացած ԵՄ-ը դառնում է անօգտակար բեռ, որի միակ լուծումը նրանից գոնե տակտիկապես ազատվելն է, քանի որ ստրատեգիական տեսանկյունից ուժեղ, բայց ոչ շատ ուժեղ Եվրոպան է օպտիմալ տարբերակը ԱՄՆ-ի համար։

Բացի դրանից, պարզվում է նաև, որ ԵՄ-ը, իր անհասկացող ու մտասևեռված այնպիսի առաջնորդներով, ինչպիսիք են Ուրսուլա ֆոն դեր Լյաենն ու լրիվ պատահական և անտիդիպլոմատ Կայա Կալլասը, ոչ մեկին պետք չի, և հիմա էլ, ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի համար ավելի ձեռնտու է գործ ունենալ Եվրոպայի առանձին երկրների հետ։

Մյուս կողմից էլ, բոլորովին անիմաստ դարձած ԵՄ-ի տրոհումն էլ հարցի վերջնական լուծում լինել չի կարող, քանի որ նման համով պատառն անտեր մնալ չի կարող, այն էլ՝ ներկա գլոբալ մարտահրավերների ֆոնին։

Աշխարհաքաղաքական նոր պայմաններում որևէ մեկը, նույնիսկ, քաղաքակրթական իմաստով շատ հզոր լինելով, բայց այդ հզորությունը պաշտպանող ուժ չունենալով և միայնակ լինելով, չի կարող իր գոյությունը պաշտպանել։

Եվ սա վերաբերում է ամենաուժեղներին անգամ, քանի որ, վերջին հաշվով, աշխարհը, ինչպես միշտ, ձգտելու է երկբևեռության, լինի այն այսօրվա նման գլոբալ բնույթի, թե անցյալների նման լոկալ բնույթի երկբևեռություն։

Նման մոտեցումով կարելի է քննարկել նաև ԽՍՀՄ-ի ու նրա տրոհման հետ կապված հարցերը, Ռուսաստանի լիդերության և ԽՍՀՄ2-ի հետ կապված պրոբլեմները, որոնց մասին՝ մի ուրիշ անգամ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 233

Մեկնաբանություններ