Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Մի քանի օր է մնում ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմին կամ նրանց միջև նոր գործարքին

Մի քանի օր է մնում ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմին կամ նրանց միջև նոր գործարքին
29.01.2026 | 11:03

Եթե ստիպեն, Իրանը կպաշտպանի իրեն ու կտա նախկինում չտեսնված պատասխան, իր հակառակորդներին լուրջ կորուստներ կպատճառի

Ամերիկյան «New York Times» թերթը կանխատեսել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կսկսվի 48 ժամվա ընթացքում: Նկատենք՝ եթե ձևակերպումներում ազնիվ լինեին, պետք է գրեին ոչ թե ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկիզբ, այլ ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա:

Պարբերականի գնահատականները հիմնված են ամերիկյան վարչակազմին մոտ կանգնած պաշտոնյայի խոսքերի վրա: «Abraham Lincoln» ավիակիրը գտնվում է Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում, նրան ուղեկցում են երեք ականակիրներ՝ «Tomahawk» հրթիռներով։ Ավելի վաղ տարածաշրջան էին տեղափոխվել մոտ մեկ տասնյակ F-15E կործանիչներ. այդ ինքնաթիռներն առանցքային դեր են խաղացել 2024թ. ապրիլին Իրանի հարձակումից Իսրայելին պաշտպանելու գործում:

Սպիտակ տունը, «Российская газета»–ի փոխանցմամբ, ուժեղացրել է Թեհրանի վրա հոգեբանական ճնշումը՝ հասնելով, առաջին հայացքից, անհնարինին։ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթֆկոֆը հրապարակավ հնչեցրել է ամերիկյան պահանջները՝ ուրանի հարստացման դադարեցում, հրթիռային ծրագրի կրճատում և տարածաշրջանում «Հըզբոլլահ»-ի և ՀԱՄԱՍ- ի նման պրոքսի խմբավորումներին աջակցելուց հրաժարում: Այնուամենայնիվ, չի կարելի բացառել քեռի Սեմի այլ համառ ցանկությունները նույնպես:

Իրանի արձագանքը վերջնագրին կանխատեսելի էր. Թեհրանի կենտրոնական հրապարակում կիրակի հայտնվել է ամերիկյան դրոշի գույներով այրվող ավիակրի պատկերով հսկայական վահանակ: Պաստառի վրա պարսկերեն և անգլերեն լեզուներով գրված է. «Եթե քամի ցանես, փոթորիկ կհնձես»:

Իրանցիները միաժամանակ հաստատում են, որ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Ուիթկոֆի միջև կապի ուղիները բաց են, չնայած նրանց միջև հնարավոր երկխոսության վերաբերյալ շատ տարընթերցումներ կան: Թեհրանը հստակ ազդանշաններ է ուղարկում Թրամփի հետ համաձայնության գալու ցանկության մասին. միջնորդների թվում են Սաուդյան Արաբիան և Օմանը, որոնց պաշտոնատար անձինք կապի մեջ են Իրանի բարձրաստիճան էմիսարների հետ:

Դատելով ամենից, իրանական «խոսող գլուխներին» հրահանգված է այս փուլում խուսափել չափազանց ագրեսիվ հակաամերիկյան հռետորաբանությունից, առավել ևս՝ ԱՄՆ-ի հասցեին ուղղակի ռազմական սպառնալիքներից, ինչը կարող է հրահրել Թրամփին: Նա, իր հերթին, չի բացահայտում խաղաքարտերը՝ պահպանելով ինտրիգը։

Թրամփը կիրակի օրն ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Մենք շատ լուրջ ենք դիտարկում այդ հարցը (Իրանին հարվածելու մասին), զինվորականները նույնպես, մենք դիտարկում ենք մի քանի շատ լուրջ տարբերակներ», ապա հավելել է, որ «ամեն ժամ հաշվետվություններ է ստանում այդ մասին»:

ԱՄՆ-ի կողմից ցանկացած տեսակի ռազմական գործողությունների դեմ ավանդաբար հանդես են գալիս Իրանի հարևանները։ Նրանք վախենում են, որ կտուժեն հնարավոր հակամարտության ընթացքում։ Այստեղից էլ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարությունները ամերիկյան և իսրայելական ռազմական ինքնաթիռներին օդային տարածք տրամադրելուց հրաժարվելու մասին:

Սակայն նման հռետորաբանությունը Սպիտակ տան ծրագրերի վրա ազդեցություն չի ունենա. ամերիկյան նավատորմը բավականաչափ միջանցքներ ունի իրանական օբյեկտներին հարվածելու համար։ Այնուամենայնիվ, փորձագետները հույս ունեն, որ Թրամփը մինչև վերջ կձգտի Իրանի հետ խաղաղ գործարք կնքել և չի դիմի ուժի: Իսրայելական «Jerusalem Post» թերթը ներկայացրել է երկու աղբյուրների կարծիքը։ Նրանք պնդում են, որ վերջին օրերին Թուրքիան, Օմանը և Կատարն Իրանի իշխանություններին փակ խողովակներով ուղերձ են հղել, որում նշված է. «գործեք ռացիոնալ։ Ինչ-որ բան տվեք նախագահ Թրամփին, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատերազմից»։

Եվ այդ «ինչ-որ բան» պետք է բավական գրավիչ տեսք ունենա Սպիտակ տան համար, որպեսզի այն ԶԼՄ-ներում ներկայացվի որպես ամերիկյան արտաքին քաղաքականության անվերապահ հաջողություն։ Եվ դրանով իսկ ընդհատի ԱՄՆ-ում ընտրողների բացասական հույզերը՝ Մինեապոլիսում միգրացիոն գործակալի կողմից սպիտակամորթ ամերիկացու չհրահրված սպանության հետևանքով առաջացած լուրջ սկանդալից հետո:

Մահացած պարոն Պրետին ԱՄՆ-ի բնակիչ էր և աշխատում էր որպես բուժեղբայր։ Այսօր ԱՄՆ-ում շատերը մեղադրում են նախագահին կատարվածի համար և պահանջում են նրա մերձավոր դաշնակցի՝ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հրաժարականը:

Կոնգրեսում Թրամփի հակառակորդների՝ կառավարության հետագա ֆինանսավորումը արգելափակելու սպառնալիքների ֆոնին, մի հարց, որը կքննարկվի առաջիկա օրերին, ԱՄՆ-ի վարչակազմը պահանջում է նոր հնչեղ տեղեկատվական առիթ՝ լրատվամիջոցների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար: Ինչպես բացատրել է Թրամփի քաղաքական հարցերով նախկին գլխավոր ռազմավար Սթիվ Բենոնը, ԱՄՆ-ի նախագահը «ձգտում է այնքան սկանդալներ ստեղծել, որպեսզի ընդդիմախոսները դադարեն հասկանալ, թե դրանցից որոնք են կարևոր, որպեսզի ընդդիմությունն անընդհատ վրդովված լինի, իսկ ԶԼՄ-ներն ամեն ինչի հետևից ընկնեն։ Ընդ որում, ոչ ոք հնարավորություն չունենա որոշելու սեփական առաջնահերթությունները»։

Ըստ փորձագետների, արտաքին քաղաքականության մեջ Թրամփը ոչ միայն արձագանքում է իրադարձություններին, այլ ստեղծում է դրանք: Եվ դրանով իսկ վերահսկողության տակ է վերցնում համաշխարհային հանրության ուշադրությունը։ Այն, ինչ կատարվում է Իրանի շուրջ, բացառություն չէ։ Սա ռացիոնալության մասին չէ, և, հետևաբար, անհնար է կանխատեսել իրավիճակն իրանական ուղղությամբ։ Կուլիսային չափազանց շատ գործոններ կարող են ազդել Սպիտակ տան որոշումների վրա: Ներառյալ՝ հետախուզության զեկույցները: Նրանցից մեկը, որը հայտնվել է մամուլում, հայտնել է 1979 թվականից ի վեր իրանական վարչակարգի իբր առավելագույն թուլության մասին։

Ոչ պակաս դժվարություններ կառաջանան Իրանի ապագա կառավարման հարցում, եթե ամերիկացիները հասնեն իրենց նպատակին և հեռացնեն գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին։ 90 միլիոնանոց բազմազգ երկրում, որտեղ պարսիկների մասնաբաժինը կազմում է ընդամենը 47 տոկոս, իսկ փոքրամասնությունները (ադրբեջանցիներ, քրդեր, արաբներ, բելուջներ, թուրքմեններ) հիմնականում ապրում են երկրի սահմանների երկայնքով, դժվար է կարճ ժամանակում գտնել նոր ամերիկամետ առաջնորդ, որը կարող է ժողովրդավարական ճանապարհով քաոս թույլ չտալ: Նախկին շահի որդու հայտնվելը որպես Իրանի ղեկավար և, որպես հետևանք, պարսկական ազգայնականության վրա հենված կառավարություն, ներքին հակամարտություններ կառաջացնի, երբ շատ հարևաններ կցանկանան միջամտել՝ օգնելու Իրանում ապրող ցեղակիցներին:

Բայց Թրամփի հրաժարումն օգտագործել հսկայական նավատորմը, որն իր հրամանով շարժվում է Իրանի ուղղությամբ, ԱՄՆ-ում նախագահի հակառակորդները կարող են թուլություն համարել, եթե Սպիտակ տունը զսպվածության դիմաց իրանցիներից քաղաքականապես նշանակալի որևէ բան չստանա: Մի քանի օր է աշխարհը բաժանում ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր պատերազմից կամ նրանց միջև նոր գործարքից։ Այնպես որ, հարցը, թե ով և ինչ է քաղելու այդ դիմակայության արդյունքում, մնում է բաց։

«Թրամփը չի հրաժարվել Թեհրանում վարչակարգը փոխելու ձգտումից»,- «Газета.Ру»–ի փոխանցմամբ, նշված է «Middle East Eye» պորտալի հրապարակման մեջ:

Պարբերականի տեղեկություններով՝ գրոհները կարող են սկսվել այս շաբաթ։ «The Economist»-ի տեղեկացմամբ, ԱՄՆ-ն արդեն Մերձավոր Արևելք է տեղափոխել «Patriot» զենիթահրթիռային համալիրներ և THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Բացի այդ, ինչպես գրել է գրել է «The Wall Street Journal»-ը, «Abraham Lincoln» ավիակրի հետ այնտեղ են ուղարկվել F-15E կործանիչներ:

«Военная хроника» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ սկսվել է նաև ԱՄՆ-ի ՌՕՈՒ «RC-135v Rivet Joint» հետախույզ ինքնաթիռների և «Bombardier E-11a Battlefield Airborne Communications Node» (BACN) «թռչող ապակոդավորիչի» տեղափոխումը:

«Սա բավականին հազվագյուտ ինքնաթիռ է, որի գլխավոր խնդիրն է միացնել տարբեր տեսակի զորքեր, վերծանել ազդանշաններն ու արձանագրությունները և դրանք գաղտնագրված տեսքով փոխանցել…»,- նշել է Telegram-ալիքը:

«Военная хроника»-ն հնարավոր է համարել, որ ռազմական գործողությունների մեկնարկից առաջ «Bombardier E-11a»-ը կարող է օդ բարձրանալ առաջիններից մեկը, որպեսզի համակարգի ներգրավված բոլոր կազմավորումների հաղորդակցությունը:

Իրանի բանակը պատրաստ է պաշտպանել իր երկրի «տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու քաղաքական կառուցվածքը». այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին:

«Մենք հակառակորդին վնասելու հնարավորություններ ունենք,- իրանական «Fars» լրատվական գործակալության տեղեկացմամբ, ասել է զորահրամանատարը:- Եվ նա հիանալի հասկանում է, որ ցանկացած արկածախնդրություն իր համար լուրջ կորուստներ կբերի»:

Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին նկատել է, որ «այժմ Իրանը մտնում է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության 3-րդ փուլ»:

«Ընդամենը երեք փուլ կա. առաջին փուլը 12-օրյա պատերազմն էր, երկրորդը ՝ անկարգությունները պատերազմի ավարտից ընդամենը 7 ամիս անց։ Այժմ մենք մտնում ենք երրորդ փուլ»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Ղարիբաբադին։

Դիվանագետի կարծիքով, Վաշինգտոնը «պարտություն կկրի», ինչպես և նախորդ երկու փուլերում: Ղարիբաբադին միաժամանակ ընդգծել է, որ Իրանը երբեք պատերազմ չի ցանկացել և հիմա էլ չի ցանկանում:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը X սոցիալական ցանցում հաստատել է, որ հանրապետությունը «պատրաստ է երկխոսություն վարել փոխադարձ վստահության և շահերի հիման վրա, սակայն եթե նրան ստիպեն, ապա կպաշտպանի իրեն և կտա նախկինում չտեսնված պատասխան»:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ