Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ավելորդ անգամ հղումներ չարվեն Ռուսաստանին՝ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Միակ բանը, որ ցանկանում է նախագահ Պուտինը, և ինչ ցանկանում է Ռուսաստանը, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ անգամ չհիշատակեն»,- ընդգծել է Պեսկովը:               
 

Մարդակերության ու ինքնահոշոտման սինքրոնիզացիա

Մարդակերության ու ինքնահոշոտման սինքրոնիզացիա
06.04.2026 | 16:24

(խոզից սերվածները կամ թշնամու խրամատում՝ սեփական մտավորականի դեմ)

Զորի Բալայանի մահը դարձավ այն կատալիզատորը, որը ստիպեց նեխած ծակուռներում թաքնված կրծողներին և ուտիճներին հեղեղել սոցցանցերը՝ վիրտուալ տարածքը խցանելով հակաաստվածային, պիղծ «մեկնաբանություն»-հայհոյանքներով։

Իսկ ինձ ստիպեց, մի փոքր խմբագրելով Օստապ Բենդերին, դիմել հայ մարդու մահվան առիթով ճիվաղային խրախճանքի շուրջպար մտած սմբակավոր-կճղակավորներին․

«Կենսաբանական մարդակերպ տեսակնե՛ր, դուք սերել եք ոչ թե կապիկից, ինչպես մնացած բոլոր քաղաքացիները, այլ խոզից»։

Ինչպես քիմիայում կատալիզատորը նյութն ինքնին չի ստեղծում, այլ միայն արագացնում է արդեն իսկ գոյություն ունեցող ռեակցիան, այնպես էլ Զորի Բալայանի մահը ոչ թե ծնեց այդ ատելությունը, այլ մակերես հանեց այն թունավոր տիղմը, որը հետևողականորեն կուտակվել էր վերջին ութ տարիների ընթացքում։

Համամիտ եմ՝ խոզակերպերը միշտ էլ եղել են։

Բայց ժամանակ առ ժամանակ այս ոչնչություններին անհրաժեշտ է «արագացուցիչ», որպեսզի ներսում կուտակված պայթյունավտանգ կոյուղաջրերը արտազատեն հանրային մթնոլորտ։

Բացառապես «սագի» ու «կեֆիրի» կատեգորիաներով սնվող անասնական այս տեսակը «վիրտուոզ» հայհոյախոսությամբ պարբերաբար փորձում է վերահաստատել իր ստրկական հավատարմությունը սեփական վարչակույտի աչքում։

Ի՜նչ արած՝ «հացի խնդիր» է. պղծել սրբությունները, որպեսզի տերը տեսնի ու չդադարեցնի կերակրատաշտի մատակարարումը։

Այս տեսակի համար հայհոյանքը ոչ թե կարծիք է, այլ ստորաքարշության վկայագիր, ինքնատիպ «կադաստրի թուղթ»՝ ներկայացված վերադաս կերակրողին։

ՈՒ եթե երեկ հանրահայտ Գուրգեն Եղիազարյանի կամ «Իրատեսի» քաղաքական վերլուծաբան Կարմեն Դավթյանի մահն էր առնետային խրախճանքի պատճառը, իսկ ընդամենը ամիսներ առաջ այդ նույն ոհմակը խռխռոց-ոռնոցով Տիգրան Քյոսայանի մահն էր «տոնում», այսօր «մկկոց-բառաչոցի» առիթը Զորի Բալայանի՝ դեպի այլ տարածաչափություն անցումն է։

Նկարագրվածը մարդակերության իսկական մշակույթ է, որը, եթե շարունակենք հանդուրժել, մեզ աներկբայորեն կփոխակերպի անդեմ էթնիկական զանգվածի։

Քոչվորի հոգեբանությամբ խառնամբոխի, որը խոսում է կացնավորին բնորոշ զազրելի կռինչով. այն առաջին հայացքից թերևս հայերեն է, բայց հեռավոր աղերս իսկ չունի մաշտոցյան ոգու ու քրիստոնեական էության հետ։

Կրկնում եմ՝ մեր այս անտերունչ հանդուրժողականությունը կազդարարի ազգի հոգևոր մահը՝ նախքան ֆիզիկականը։

Եթե թույլ տանք, որ սրբապղծությունը դառնա հանրային վարքագիծ, ապա մեր վախճանը կլինի ոչ թե ռազմի դաշտում, այլ սեփական տանը՝ խեղդված սեփական կոյուղաջրերի մեջ։

Վտանգավոր իրավիճակ է։

Ֆիզիկական մահին միշտ նախորդում է հոգևոր կազմալուծումը։ Երբ ազգը դադարում է զատել սուրբը պիղծից, իսկ վեհը՝ ստորից, կորցնում է կենսական ինքնապաշտպանական բնազդը։

Վրա է հասնում օրհասական այն պահը, երբ հայախոս, բայց հոգեզուրկ «էթնիկական զանգվածը» վերածվում է հեշտ կառավարելի և հեշտ կործանվող նյութի։

Լեզուն սոցիալական կապ չէ միայն, այն արժեքների գենետիկ կոդն է։ Եթե հայերենով հնչում է անարգանք մահվան ու սրբության հանդեպ, ապա այդ լեզուն վերածվում է մեռելածին կեղևի։ Պատահական չէ, որ թշնամու հարվածի գլխավոր թիրախը հենց կրթությունն ու հիշողությունն են. որպեսզի «ուտիճները» բազմանան, պետք է մթնեցնել գիտակցության լույսը։

Եթե հասարակությունը չսկսի ինքնամաքրման դաժան գործընթացը, եթե շարունակենք մնալ «դիտորդի» կարգավիճակում, ապա տիղմը կդառնա մեր նոր և միակ կենսամիջավայրը։

Այս փտախտին անհրաժեշտ է հակազդեցություն՝ քիմիայի լեզվով ասած՝ ինհիբիտոր։

Անաղարտ հայոց խոսքն ու բարոյական դիմադրությունն են այսօր դառնում այն միակ ինհիբիտորը, որը պետք է դանդաղեցնի, ապա և կանգնեցնի զարգացող հոգևոր գանգրենան։

Եթե «նիկոլիզմը» կատալիզատոր է, որն արագացնում է ազգային քայքայումը, ապա արժանապատվությունը, կրթությունը և հոգևոր արժեքները պետք է դառնան այն հզոր պատնեշը, որը կմարի այդ կործանարար ռեակցիան։

Ո՛չ, գույներն ամենևին էլ չեմ խտացնում։

Արդեն ակներև է՝ հայհոյող հայը և ադրբեջանցին գործում են նույն հաճախականության վրա:

Պարզապես աչքի անցկացրեք Սեյրան Օհանյանի՝ Զորի Բալայանին նվիրված ինքնատիպ էսսե-սեղմագրին հաջորդող մեկնաբանություններն ու սարսռացեք ազգային աղետի այդ ցայտուն դրսևորումից։ Ձեր աչքերի առջև իր ողջ «պայծառափայլությամբ» կհառնի մեզ կլանող ողբերգությունը. հայաստանյան ներքին «բացիլը» և արտաքին թշնամու քարոզչությունը միաձուլվել ու ստեղծել են մահաբեր սինքրոնիզացիա։

Ի՞նչ է կատարվում իրականում. թշնամին իր հաղթանակը տոնում է մեր իսկ ներսում։ Երբ ադրբեջանցին է հայհոյում Զորի Բալայանին՝ հասկանալի է. նա թշնամի է, ում համար Բալայանը Արցախյան հաղթանակի խորհրդանիշն էր, մարդ, որն իր գրչով ու կամքով ջարդեց նրանց պանթուրքիստական երազանքները։

Բայց երբ հայն է նույն բառապաշարով, ադրբեջանցու հետ սինքրոն, հարձակվում սեփական մտավորականի վրա, կամա թե ակամա դառնում է թշնամու հոգեբանական դիվերսիայի գործիքը։ Սա նշանակում է, որ թշնամին արդեն գրավել է ոչ միայն մեր հողերը, այլև մեր հայրենակիցների ստվար մի հատվածի ուղեղն ու բարոյականությունը։

Զորի Բալայանը պատահական թիրախ չէ։ Նա այն սերնդից էր, որը մեզ սովորեցրեց հաղթել։ Նրան հարվածելով՝ «նիկոլիզմը» փորձում է ջնջել հենց հաղթանակի հիշողությունը։ Եթե հաջողվի մարդկանց ներշնչել, որ Արցախյան պայքարի ռահվիրաները «չարիք» են, ապա հեշտ կլինի արդարացնել այսօրվա պարտվողականությունն ու համազգային նվաստացումը։

Այն հայ առանձնյակները, ովքեր սինքրոն հայհոյում են թշնամու հետ, տառապում են խորքային ինքնատյացությամբ։ Նրանք ենթագիտակցորեն փորձում են հաճոյանալ «հաղթող» թշնամուն՝ ընդունելով նրա թեզերը, իսկ մեզ ստիպում են արձանագրել՝ թևակոխել ենք «էթնիկական զանգվածի» վերածվելու վերջին փուլը, երբ զոհը սկսում է խոսել սեփական դահիճի լեզվով։

Ի՜նչ դառը հեգնանք. ատելությունը միավորեց թշնամուն և «նիկոլականին»։ Նրանք հայտնվել են նույն խրամատում՝ ընդդեմ Հայ տեսակի, ընդդեմ Հայոց պատմության և ընդդեմ մեր սրբությունների։

Իսկական ազգային ողբերգություն։

Երբ չկա ընդհանուր սրբություն և տարրական հարգանք մահվան հանդեպ, դադարում ենք լինել Ազգ-Օրգանիզմ և վերածվում ենք տարանջատված բջիջների կույտի, որի մի հատվածը հաճույքով կլլում է թշնամու մատուցածը, ապա այդ նույն թույնն արտազատում՝ «ողողելով» սեփական մտավորականի հիշատակը։

Սա լոկ հայհոյանք չէ, սա մեր տեսակի ինքնահոշոտումն է: Եթե չկանգնեցնենք այս «սինքրոն» քայքայումը, վաղը կունենանք հող՝ առանց հայրենիքի և լեզու՝ առանց ոգու: Ընտրությունը մերն է՝ մնալ Ազգ, թե՞ վերջնականապես տարրալուծվել թշնամու մատուցած գարշահոտ տիղմի մեջ:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ