Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Սպասող տուն, որ չի հրաժարվել իր տիրոջից

Սպասող տուն, որ չի հրաժարվել իր տիրոջից
07.12.2025 | 14:18

Չկա այդպիսի մի ուժ, որ կկարողանա խլել արցախցու սրտից այն, ինչ կոչվում է տուն հայրենի։

Նրան դաժանորեն պոկեցին իր հողից, նրա հետևում մնացին խորտակված պատեր, մատուռների քարերի մեջ խճճված անհաս աղոթքներ, մանկության բակ, որի շունչը դեռ տաք է, դեռ կենդանի։

Իսկ աշխարհը մնաց լուռ։

Լուռ, ինչպես սառած քարտեզ, որ իր գծերի մեջ տեղ չունի մարդկանց ցավը, չի լսում մի ժողովրդի տան փլվելու ճիչը։

Բայց այդ քարացած լռության տակ դեռ բաբախում է մի մարող, բայց անսպառ ուժ ունեցող թրթիռ՝ վերադառնալու անքակտելի հավատը։

Արցախից բռնի տեղահանված հայը իր հետ չտարավ իր ունեցվածքը, այլ տարավ իր հայրենիքի շունչը։

Այսօր նա ապրում է ուրիշի տան տանիքի տակ, բայց իր սիրտը շարունակում է ապրել այնտեղ, որտեղ քարերն են հիմա պահում նախնիների անունները, հուշերը՝ որպես վերջին վկաներ։ Եվ եթե աշխարհը դեռ չի տեսնում այդ ցավը, թող գոնե հասկանա՝ մարդուն կարելի է հեռացնել իր հողից, բայց հողը չի հեռանա իրենից։

Արցախը հիմա դարձել է մորմոքվող ցավ, այրող հիշողություն, բայց նաև անսպառ հույս՝ թաքնված յուրաքանչյուր տեղահանված հայի աչքերում, որպես սպասող տուն, որ երբեք չի հրաժարվել իր տիրոջից։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 4518

Մեկնաբանություններ