Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Վիրտուալ հաղթանակների և իրական պարտությունների անատոմիա

Վիրտուալ հաղթանակների և իրական պարտությունների անատոմիա
23.02.2026 | 21:14

Իրականությունը երբեք չի պարտվում վիրտուալ ստին, պարզապես սպասում է, թե երբ ուժ կգտնենք նայելու իր աչքերին։

Արձանագրենք այս ճշմարտությունն ու անցնենք պսևդո-Ռեմբոյի արկածներին՝ ինտերնետային սարդոստայնում։

«Անկոտրելին ընդդեմ ռսամոլ առնետների»։

Այսպես է կոչվում սոցցանցերում սրտիկների ու հիացական այլ արտահայտությունների «բերքահավաք» անող բացարձակ մի տխմարություն, որը մեր բարոյազրկված էության ողբերգական արտացոլանքն է (հղումը՝ https://www.facebook.com/reel/1471476337940211

Ներկայացվող քաղաքական գովազդի «սյուժեն» ֆանտասմագորիկ է։

Երկրի անառակ կողմից մեր կյանք ներխուժած մի զազրախոս ուսերին է գցել հայոց եռագույնը, վերցրել ավտոմատն ու սատանայական քրքիջով գնդակահարում է իբր առջևից փախչող ընդդիմադիրներին։

Ինչպես կասեր ռուսը.

- Размечтался сукин сын!

Պատկերացնու՞մ եք՝ գերագույն հրամանատար կոչվածը, որն իրական կյանքում խուսափել է բանակից, չի կրակել և ոչ մի փամփուշտ՝ հանուն հայրենիքի,

չի կանգնել զինվորի կողքին՝ խրամատում,

վիրտուալ աշխարհում «հնձում» է քաղաքական հակառակորդներին, պիտակավորում նրանց որպես «առնետներ»։

Այս դրվագն արտացոլումն է de jure-ի ներքին բարդույթների։

Մարդը, որն իրական կյանքում տիրի հրացանից անգամ չի կրակել, վիրտուալ տիրույթում փորձում է հաղթահարել սեփական վախերն ու անլիարժեքության զգացումը։

Բայց հենց այստեղ տեղի է ունենում իրականության և սիմուլյացիայի հուժկու բախում, առաջացնելով խոր անդունդ։

Իրականություն՝ պետականության կորուստ, բանակի ոչնչացում, զիջումներ և վախկոտ հռետորաբանություն թշնամու առջև։

Վիրտուալ աշխարհ՝ «Անկոտրելի» մարտիկ, որը հաղթում է բոլորին, բայց միայն էկրանի վրա և միայն սեփական քաղաքացիներին։

Սա ներքին սպառման «հերոսություն» է։

Քանի որ զենքով չի կարող հաղթել արտաքին թշնամուն, ապա այդ նույն զենքն ուղղում է «ներքին թշնամու»՝ «առնետների» վրա։

Թիրախավորվում է հասարակության այն շերտը, որը հակված է հիանալ էմոցիոնալ, էժան էֆեկտներով՝ մոռանալով իրական պատերազմի դառը դասերը։

Հենց այդ շերտի համար ոչ միայն հաղթանակի պատրանք է ստեղծում, այլև հավատացնում սեփական բիոզանգվածին՝ քո միակ փրկությունն իմ թրքահպատակ «ես»-ը հունիսի 7-ին վերընտրելու մեջ է։

Տեսահոլովակում ավտոմատով «հնձող» կերպարը ոչ միայն ճնշում է հանրության մեջ առկա գիտակցությունը, որ իրականում վարչապետ կոչվածը ձախողել է անվտանգության ոլորտը, այլև լեգիտիմացնում է անբարոյականությունը։

Երբ բանակից փախածին կամ զենքին անծանոթ մեկին ներկայացնում են որպես զինված հերոս, տեղի է ունենում արժեքների նենգափոխում։

Իրական ծառայությունը, մարտական ուղին և արժանապատվությունը մղվում են լուսանցք։

Առաջնային է դառնում ճիշտ մոնտաժված պատկերը։ Սա հանգեցնում է պետության հիմքերի խարխլմանը, քանի որ պետությունը սկսում է հենվել ոչ թե իրական ուժի, այլ «ֆեյքային» սիմվոլների վրա։

Այսպիսի հակադրությունը ստեղծում է կոգնիտիվ դիսոնանս։

Հասարակության մի մասը սկսում է ապրել այդ վիրտուալ ստի մեջ՝ հավատալով, որ իրենց առաջնորդն իսկապես հզոր է։

Դա թույլ չի տալիս սթափ գնահատել վտանգները։ Իսկ երբ գալիս է իրական բախման պահը, ինչին առերեսվեցինք 2020-ի ճակատագրական օրերին, վիրտուալ ավտոմատը չի կրակում, իսկ պետությունը մնում է անպաշտպան՝ իր «փոքրացած» ու վախեցած ղեկավարի հետ։

Սա ոչ թե գովազդ է, այլ հասարակությանը հիպնոսացնելու փորձ, որպեսզի մարդիկ հիանալով «գերագույնի» էկրանային «զորությամբ», չնկատեն նրա չնչինությունն ու անբարոյականությունը։

Սա իրական հայելին է դավաճանությամբ և ուրացմամբ ախտահարված այն երկրի, որտեղ չկա ծրագիր,

չկա ապագա,

չկա պետական շահ։

Կա միայն մեկ անհատի հավերժական պայքարն իր իսկ ստեղծած «ստվերների» դեմ։

Սա ոչ թե տեսահոլովակ է, այլ պետական մակարդակով հովանավորվող ու խրախուսվող ատելության քարոզի և քաղաքացիական բախումների բացահայտ հրահրում։

Ցանկացած ժողովրդավարական պետության հիմքը քաղաքացիական համերաշխությունն է։

Երբ քարոզչությունը հանրության մի խմբին, դիցուք, ընդդիմադիրներին կամ պարզապես այլախոհներին, պիտակավորում է որպես «առնետներ» կամ «օտարի սպասարկուներ», ոչնչացնում է այդ համերաշխությունը և կերտում ներքին թշնամու կերպար։

Այն է՝ հասարակությանը բաժանում է երկու ճամբարի՝ «սպիտակների», ովքեր սատարում են «Անկոտրելիին», և «վնասատուների», ովքեր պետք է մեկուսացվեն կամ ոչնչացվեն։

«Անկոտրելիի» կերպարը, որը հիշյալ հակամարդկային ու հակապետական գովազդում «պայքարում» է «վնասատուների» դեմ, ենթագիտակցորեն արդարացնում է բռնությունը։

Եթե դիմացինդ մարդ չէ, այլ «առնետ», ապա նրա նկատմամբ ֆիզիկական կամ բարոյական հաշվեհարդարը դիտվում է ոչ թե որպես հանցագործություն, այլ որպես «սանիտարական մաքրում»։

Սա հենց այն կետն է, որտեղ քարոզչությունը վերածվում է քաղաքացիական բախումների հրահրման։

Թեև նման հոլովակները հաճախ տարածվում են «ֆեյքերի» կամ իբր անկախ էջերի միջոցով, բայց տվյալ դեպքում դրանց պետական խրախուսումն ակնհայտ է մի քանի գործոնով.

1․ Անպատժելիություն։

Իրավապահ մարմինները, որոնք բանտարկված սրբազանների պարագայում փութաջանորեն չեղած սև կատուն էին փնտրում մութ սենյակում և հանցակազմ «թխում», այս գովազդում, երբ սեռաշեղվածն այլանդակ քրքիջով մարդ է գնդակահարում, չեն տեսնում ատելության խոսքը։

Ինչու՞։ Որովհետև այն ուղղված է իշխանության ընդդիմախոսների դեմ։

2․ Տիրաժավորում։

Իշխանամետ լրատվամիջոցները, պաշտոնյաները և ընդհանրապես «Անկոտրելիի» համակիրներն օգտագործում են նույն բառապաշարը՝ «վնասատուներ», «կրծողներ», «թափթփուկներ», «ռսաստրուկներ», «պուտլերականներ» և գարշելի այլ բնորոշումներ։

Աչքի անցկացրեք հիշատակված աղբի մեկնաբանություններն ու կհամոզվեք ինքներդ։

Եվ վերջապես՝

3․ Լռություն։

Վարչակույտի՝ թշնամություն արմատավորող այս հռետորաբանությունը չդատապարտելն ու հանդուրժելը նշանակում է ոչ միայն բուրգի վերևում կանգնածի կործանարար «ես»-ի հանցավոր դրսևորում, այլև լուռ համաձայնություն կատարվողին ու նաև հիշատակված աղբը շրջանառության մեջ դնելու հրահանգ։

Այս ամենի կենտրոնում «գլխավոր հրամանատարի» «ես»-ն է, որը չի հանդուրժում որևէ այլընտրանք։

Իշխանությունը, նրա ընկալմամբ, սեփական վախերը և հավակնությունները սպասարկող գործիք է։

Եթե պետության շահը պահանջում է միասնություն, ապա ախտահարված «ես»-ը պահանջում է պառակտում, քանի որ միայն պառակտված և իրար ատող հասարակության մեջ է նա կարողանում պահել իր բացարձակ իշխանությունը։

Սա պետականության հիմքերի սասանում է, քանի որ այն դադարում է լինել բոլորի տունը և դառնում է մի հիվանդ «էության» անձնական ամրոցը։

Հասարակությունն էլ սկսում է հաղորդակցվել ատելության լեզվով։

Մարդիկ դադարում են միմյանց ընկալել որպես հայրենակից կամ համաքաղաքացի։

Տեղի է ունենում հասարակության հուզական պառակտում, որտեղ մի կողմը հավատում է իր «սրբազան» առաքելությանը՝ մաքրել երկիրը «ռսամոլ առնետներից»։

Սա պետության «փոքրացման» վերջնական փուլն է, երբ երկիրը հզորանալու և զարգանալու փոխարեն էներգիան ծախսում է ներքին «վհուկների որսի» վրա՝ հանուն մեկ մարդու հարմարավետության և իշխանության պահպանման։

Հավելենք՝ «ռսամոլ» պիտակը «գովազդում» ոչ միայն ներքին թշնամի ստեղծելու գործիք է, այլև հեռահար աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության քողարկված մանիպուլյացիա։

Ներքին քաղաքական պայքարում նման կոշտ հակառուսական հռետորաբանությունը սպասարկում է մի քանի վտանգավոր նպատակ։

Նախ՝ ստեղծում է անվտանգային վակուում։

Ռուսաստանի հետ հարաբերությունները դիտավորյալ սրելով և ցանկացած այլակարծություն «ռսամոլություն» որակելով՝ իշխանական քարոզչամեքենան փորձում է լեգիտիմացնել ավանդական դաշնակցային կապերի խզումը։ Սակայն խնդիրն այն է, որ այդ կապերը խզելիս չի առաջարկվում համարժեք և իրական այլընտրանք, ինչը պետությունը թողնում է անպաշտպան։

Զուգահեռ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։

Սա ամենացավոտ կետն է։ Տարածաշրջանային իրողությունները հուշում են, որ Հայաստանի անվտանգային համակարգից Ռուսաստանի դուրսմղումը կամ չեզոքացումը ուղղակիորեն բացում է երկրի «դարպասները» թուրք-ադրբեջանական էքսպանսիայի համար։

ՈՒ որպեսզի հանրությունը չընդվզի այս վտանգավոր հեռանկարի դեմ, նրան մատուցվում է կեղծ օրակարգ. «Մենք պայքարում ենք ռուսական ազդեցության և նրանց «սպասարկուների» դեմ հանուն ինքնիշխանության»։ Իրականում, այդ «ինքնիշխանությունը» վերածվում է կախվածության՝ ավելի ագրեսիվ և հայակործան ուժերից։

Ըստ էության, տեղի է ունենում արժեքային և պատմական հիշողության ոչնչացում։

«Ռսամոլ» անվանելով այն մարդկանց կամ ուժերին, ովքեր գիտակցում են աշխարհաքաղաքական հավասարակշռության կարևորությունը, փորձ է արվում ընդհատել-ոչնչացնել հայ հասարակության պատմական հիշողությունը։

Սա ախտահարված «ես»-ի ևս մեկ դրսևորում է՝ ջնջել անցյալը, որպեսզի ներկայի ձախողումները չունենան համեմատության եզրեր։

Կրկին հանգում ենք այն թեզին, որ բռնապետիկի «ես»-ը պատրաստ է պետությունը դարձնել ավելի փոքր, ավելի թույլ և ավելի կախյալ, անգամ թուրք-ադրբեջանական երկյակից, միայն թե ինքը մնա որպես այդ փոքրացած տարածքի միակ «տեսանելի» և «անկոտրելի» տիրակալը։

ՈՒ եթե պետությունը դառնում է «կադաստրի թուղթ», ապա այդ թղթի վրա իշխողի ստորագրությունն ավելի կարևոր է թվում, քան իրական պատմական պետականության հզորությունը։

Ստացվում է պարադոքսալ վիճակ. իբր պայքարելով «արտաքին ազդեցության» դեմ, իրականում սրանք ճանապարհ են հարթում այն ուժերի համար, որոնց նպատակը Հայաստանի լիակատար սուբյեկտազրկումն է։

Եվ վերջում՝ ամենակարևորը. պետությունը փոքրացնողը ոչ թե հզոր է, այլ հուսահատված։

Նրա միակ ուժը մեր հիասթափության և վախի մեջ է։ Հենց հասարակությունը դադարի հավատալ վիրտուալ ստին և պահանջի իրական պետականություն, ախտահարված «ես»-ը կփլուզվի սեփական սնամեջության ծանրության տակ։

Ի վերջո, ղեկավարները ժամանակավոր են, պետությունը՝ մնայուն։

Եվ մենք պարտավոր չենք զոհաբերելու պետությունը՝ մեկ մարդու սխալներն ու բարդույթները սպասարկելու համար։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ