2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

«Եթե չեն համախմբվում, ուրեմն մասնավոր շահերով են տարված»

«Եթե չեն համախմբվում, ուրեմն մասնավոր շահերով են տարված»
15.05.2015 | 00:49

«Ընդդիմության առանցքը շարունակում են մնալ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «Վերակազմյալ ՍԴՀԿ»-ի ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ` հավելելով, որ փետրվարյան իրադարձություններից հետո ընդդիմությունը ծանր հարված ստացավ, և ժամանակ է պետք, որպեսզի կարողանա իր դիրքերը վերականգնել ու համագործակցության ձևաչափեր ստեղծել: Սակայն այսօրվա ԲՀԿ-ին առնչվող քաղաքական գործչի կանխատեսումները լավատեսական են. «Նման ծանր հարվածից հետո կարողանում է իր դիրքերը պահպանել: Որքան տեղյակ եմ, անգամ համալրում է ունենում»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հնարավոր համագործակցությանը, տիկին Սարգսյանն ասաց. «Միայն նման մեծ կուսակցությունների համախմբման արդյունքում է հնարավոր ծրագրեր մշակել և խնդիրներ վեր հանել: Քանի դեռ ԱԺ-ից դուրս չի ձևավորվել այն առանցքը, որի շուրջը կմիավորվեն նաև մյուս քաղաքական ընդդիմադիր ուժերը, կարծում եմ, արմատական որևէ փոփոխություն մեր երկրում չի կարող տեղի ունենալ»:
Ընդդիմադիր գործիչը լրագրողներին ուղղված հորդոր ուներ նաև` քիչ «հարվածել» ընդդիմությանը: Ըստ ակումբի հյուրի, լրագրողները գիտակցված կամ չգիտակցված անընդհատ հարվածում են ընդդիմադիր հատվածին, այնինչ ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանությանը պետք է թիրախ դարձնել:
Արդյոք հանրության վստահությունը չի՞ կորցրել ընդդիմությունը. այս դիտարկմանն ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ հասարակության վերաբերմունքն ընդդիմության հանդեպ չի փոխվել: «Եթե կարողանանք միավորվել` փառք ու պատիվ մեզ, եթե ոչ, ուրեմն գնում ենք դեպի 2017-ի ընտրություններ: Պիտի ձգտեմ, որ այդ համախմբումը տեղի ունենա»,- շեշտեց բանախոսը:
«Ստեղծված ներքաղաքական վիճակից հանրությունը ոչինչ չի շահում,- համոզված է քաղաքական գործիչը՝ մատնանշելով սպառնալիքի վերածված արտագաղթի չափերն ու առաջիկայում սպասվող էլեկտրաէներգիայի թանկացումը:- Այս ամենը հուսահատ վիճակի մեջ է դնում մարդկանց։ Եթե ընդդիմության ներկայացուցիչների համար այս ամենը համախմբվելու հիմք չէ, ուրեմն ամեն մեկն իր մասնավոր շահերով է տարված»:
Լյուդմիլա Սարգսյանը ողջունեց դաշտում առկա քաղաքական բոլոր միավորումների գործողությունները, շեշտելով, որ եթե որևէ ուժ փորձում է ընդդիմադիր դաշտում ինչ-որ քայլ անել, պետք է միայն քաջալերել ու չսևացնել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 285693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ