Մարդ չգիտի ո՛ր խաղերին հետևի՝ աշխարհաքաղաքական «մեծ ֆուտբոլի»՞, թե՞ ֆուտբոլի աշխարհի առաջնության: Աշխարհաքաղաքական խաղերի հեռարձակման ալիքը կարելի էր առժամանակ ընդհանրապես անջատել, եթե դրանցում ներգրավված չլիներ նաև Հայաստանի ապազգային հավաքականը՝ երրորդ անընդմեջ ժամկետով թիմի ավագի ժապավենը կրող անհաջող խաղացողով:
Ցավալին այն է, որ եթե աշխարհաքաղաքական ֆուտբոլի նախորդ երկու առաջնություններում Հայաստանի «ընտրանուն» ողորմածաբար դեռ թույլ էին տալիս խաղադաշտ դուրս գալ ու խայտառակ պարտություններ արձանագրել, այս առաջնությունում մեր հավաքականին վերապահված է ընդամենը ֆուտբոլի գնդակի դերը, բնականաբար, թիմի ավագի դեմքով: Թե ազգային արժանապատվության ոտնահարման ինչ ստորացուցիչ դրվագների ենք ականատես լինում, երբ առաջնության գլխավոր ֆավորիտները, իրար պաս տալով կամ խաբսերով, գնդակը տշում են խաղադաշտի մի ծայրից մյուսը, միայն ցավողներս գիտենք: Իսկ գնդակը, կարծես, շատ էլ դժգոհ չէ իր կարգավիճակից: Կարևորն այն է, որ խաղադաշտում է դեռ, ու նաև իր կաշվի որակից է կախված, թե ֆավորիտներից որ մեկի դարպասում կհայտնվի:
Ցավողներս ենք մեղք: Սիրտ բեր, որ դիմանա այդ գետնաքարշ տեսարանին, բերան բեր, որ ֆուտբոլային հյութեղ լեքսիկոնը չխառնի սուլոցների տարափին:
Անկասկած, թույլ նյարդեր ունեցողների համար չէ աշխարհաքաղաքական այս ֆուտբոլը: Ճիշտը ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին հետևելն է. այնտեղ, գոնե, իրական ֆուտբոլիստները իրական կաշվե գնդակ են տշում:
Լիլի Մարտոյան