Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն հաստատելու մտադրության մասին։ «Կարելի է բանակցություններ վարել ՈՒկրաինայի վերաբերյալ առանց Եվրոպայի մասնակցության, սակայն դա խաղաղության չի հանգեցնի, ուստի մենք որոշել ենք ուղիղ երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Եվ երբ մենք հասնենք ՈՒկրաինայում հակամարտության ավարտին, մեզ անհրաժեշտ կլինի փոխգործակցության կանոններ մշակել Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով մեր անվտանգային շահերը»,- հայտարարել է Մակրոնը։               
 

Հայաստանը՝ Եվրամիություն, եկեղեցին՝ Վատիկա՞ն

Հայաստանը՝ Եվրամիություն, եկեղեցին՝ Վատիկա՞ն
15.02.2026 | 10:50

Ժողվարչապետ փաշինյանը, ի տարբերություն իր նախատիպ Ֆանտոմասի, բացարձակ կանխատեսելի է, սրա քայլերը քաղաքականությունից և անգլոսաքսոնական գրանտակերական-գործակալական շկոլայից հասկացողների համար չափազանց տեսանելի են: Այսպես, քրեական հետապնդում նախաձեռնվեց Վեհափառ տիրոջ նկատմամբ և արգելվեց ելքը երկրից՝ նախկին «եպիսկոպոս» սարոյան արմանի դատական գործի հետևանքով:

(Հիշեցնեմ դեպքերի քրոնոլոգիան. Վեհափառը սույն խայտառակությանն ազատել էր թեմակալի պաշտոնից, սա բողոքարկել էր, փաշինյան նիկոլի դատարանն էլ, բնականաբար, վարույթ էր ընդունել և պարտադրել Վեհափառին վերականգնել, ինչը իրավական նոնսենս է՝ ոչ մի երկրում դատարանը հոգևոր առաջնորդի կադրային որոշումներ չի քննարկում: Ի պատասխան սրբապիղծ սարոյանի դատական հայցի՝ Վեհափառը սրան կարգալույծ էր արել: Եվ այժմ Վեհափառին մեղադրում են դատական ակտ չկատարելու համար):

Չի բացառվում նաև Վեհափառ տիրոջ կալանքը, թեպետ դատական ակտ չկատարելը կալանք չի նախատեսում, բայց սրանց ո՞ր մի արածն է համապատասխանում օրենսդրությանն ու սահմանադրականությանը:

Ընթերցողին հիշեցնեմ նաև եկեղեցու հետ առճակատման բուն պատճառը: Փաշա-Զադե կոչվածն ու Էրդողան էֆենդին Հայ Առաքելական եկեղեցին հռչակել են տարածաշրջանային սպառնալիք, խաղաղության խոչընդոտ:

ՈՒստա Փաշա-Զադեն նաև երկու ղազիատ է հիմնել՝ Երևանում և Էջմիածնում, դեռ 2025-ի մայիսին (!):

Դե, հիմա ասեք. ի՞նչ պիտի անի Նոր Հայաստանը սույն ծրագրային դրույթները կյանքի կոչելու համար: Իհարկե, անելու է այն, ինչ անում է ժողվարչապետը: Մայ Աթոռը պետք է ազատվի Վեհափառից և հանձնվի արտաքին կառավարման, այլ կերպ ասած՝ արտապատվիրակվի՝ կամ Էրդողան էֆենդուն, կամ Վատիկանին, ինչը կնշանակի 1725 տարի անընդմեջ գոյատևած ինստիտուտի վախճան:

Հայտնի է, թե որքան չի սիրում ժողվարչապետը արտասահմանյան գործակալ, և նա ստիպված ազատում, մաքրում է մեր եկեղեցին Ռուսաստանից, ռուսական ազդեցությունից, որպեսզի Հայոց հայրապետը այլևս զեկույցներ չներկայացնի ռուս ավագ լեյտենանտներին: Բայց ժողվարչապետը Հայոց Հայրապետի զեկույցների համար այլ ատյան է փնտրում: Եվ, ըստ ամենայնի, արդեն գտել է:

Կարծում եմ, սրանք Հռոմի Լևոն 14-ի հետ պայմանավորվել են հետևյալի մասին. Հայ Առաքելական եկեղեցին ՈՒՆԻԱ է ստորագրում Վատիկանի հետ՝ 1596թ. ունիայի օրինակով, որը ստորագրվեց Վատիկանի և Լեհաստանի իշխանության ներքո հայտնված արևմտյան ռուսական թեմերի միջև, որոնք այսօր բանդերական են դարձել: Այդ թեմերն ընդունեցին Հռոմի պապի հոգևոր առաջնորդությունն ու գերակայությունը, բայց պահպանեցին ուղափառության որոշ նորմեր, ասենք, պատարագներն ու ժամերգությունները մատուցվում են հին սլավոներենով: ՈՒնիան ստորագրելուց հետո մեր եկեղեցին կզրկվի/կհրաժարվի առաքելահիմնությունից, Վատիկանին՝ նոր սրբավայրին, կփոխանցի իր սրբությունները (գեղարդը, Լուսավորչի աջը և այլն):

Եվ փաշինյան նիկոլը կհայտարարի, որ հայ եկեղեցին այսուհետ բացարձակ ինքնիշխան է, չկա այլևս ռուսական ազդեցություն, իսկ Արևմուտքին և թուրքին համբալ լինելն ամենևին էլ չի նշանակում ինքնիշխանության բացակայություն, ինչպես և ընդունված է՝ հավատալ և քարոզել հայ արևմտականների նեխած, պիղծ և հակազգային աշխարհում:

Ահա այսպիսի հեռանկար եմ ես տեսնում:

Կործանում մաղթենք Նոր Հայաստանի ժողվարչապետին սույն ծրագիրն իրականացնելիս:

Ամեն։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ