«Լավ, ավիակիրը, անշուշտ, վտանգավոր միջոց է։ Բայց ավիակիրից էլ ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այն ուղարկել ծովի հատակ». Ալի Խամենեի
Իրանն արտահայտել է ինչպես բանակցելու, այնպես էլ վճռական գործողությունների և ԱՄՆ-ի բանակին հետ մղելու պատրաստակամություն: Ժնևում այսօր, ТАСС-ի փոխանցմամբ, ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը:
Ինչպես հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին, Թեհրանն ու Վաշինգտոնը Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ձեռնամուխ են եղել ինչպես պատժամիջոցների վերացմանը, այնպես էլ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորմանը վերաբերող հարցերի մանրամասների քննարկմանը: Բաղաին հայտարարել է նաև, որ Իրանը մտադիր է «արդյունքին միտված բանակցություններ վարել» ԱՄՆ-ի հետ, ինչի մասին խոսում է նրա բանակցային թիմի կազմը:
Նշենք, որ Ժնևում, Օմանի դիվանագիտական ներկայացուցչությունում կայացած բանակցություններում իրանական պատվիրակությունը գլխավորել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:
Իրանն ավելի վաղ ամերիկյան կողմին մեծ զիջման պատրաստակամություն էր հայտնել՝ հրաժարվելով ուրանի բարձր հարստացումից, ինչպես նաև հայտարարելով ՄԱԳԱՏԷ-ին իր միջուկային բոլոր օբյեկտների նկատմամբ լիարժեք վերահսկողության հնարավորություն ընձեռելու մասին, սակայն մերժել էր ուրանի հարստացումից ընդհանրապես հրաժարվելու (զրոյական հարստացման, նույնիսկ 1 տոկոսի չափով չհարստացնելու) ԱՄՆ-ի պահանջը, որն Իսրայելի սիոնիստական վարչակարգի պահանջն է՝ իր գործիք ԱՄՆ-ի միջոցով Իրանին առաջադրված:
Իրանն ուրանի զրոյական հարստացման պահանջը հրապարակայնորեն ու վճռականորեն մերժել էր դեռ օրեր առաջ, ինչպես և հրաժարվել էր կատարել իր հրթիռային ծրագրից հրաժարվելու կամ այն սահմանափակելու իսրայելա- ամերիկյան պահանջը: Իսլամական Հանրապետությունն իսկապես անկեղծորեն ձգտում էր ու ձգտում է արդարացի և իր ինքնիշխանությունը հարգելու պայմանով համաձայնության գալ, ինչի մասին է վկայում հավանաբար բանակցությունների ավարտից առաջ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաիի հայտարարությունը, որ իրանական պատվիրակությունը պատրաստ է մի քանի օր կամ նույնիսկ շաբաթներ մնալ Ժնևում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնության գալու համար: Նրա խոսքով՝ ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կարևոր դեր կխաղա Իրանի միջուկային դոսյեի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր համաձայնագրում, ուստի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի ներկայությունը Ժնևի բանակցություններում շատ օգտակար է: Սակայն բանակցությունները, ինչպես տեղեկանում ենք վերոնշյալ հրապարակումից, արդեն ավարտված են և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի, ինչպես նաև ԻՀՊԿ փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրիի հետևյալ հայտարարությունները հուշում են կողմերի միջև համաձայնության բացակայության մասին:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հայտարարությունները
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մոտ չի ստացվի ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը, ինչպես դա չի ստացվել նաև ամերիկյան նախորդ առաջնորդների մոտ: Նա հավելել է, որ նույնիսկ «ամենաուժեղ բանակը», ինչպիսին ամերիկացիներն են համարում իրենցը, կարող է այնպիսի հարված ստանալ, որ չշտկվի։
Խամենեիի խոսքով՝ ԱՄՆ-ն մեծ սխալ է թույլ տալիս՝ փորձելով նախապես որոշել Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի շուրջ Իրանի հետ բանակցությունների արդյունքը: Իրանական հրթիռների հեռահարությունն ու տեսակները չպետք է որևէ կերպ անհանգստացնեն ԱՄՆ-ին, դա նրանց գործը չէ, հայտարարել է Խամենեին:
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է նաև ԱՄՆ-ի նավերը «հատակ ուղարկելու» հնարավորության մասին: Ալի Խամենեին Ժնևում Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի բանակցությունների ֆոնին հայտարարել է, որ իրանական ռազմական ուժերն ունակ են խորտակել ամերիկյան նավերը Մերձավոր Արևելքում: «Интерфакс»-ի փոխանցմամբ , նրա ելույթը հեռարձակել է իրանական «Press TV» հեռուստաալիքը: Խամենեին հիշեցնելով Իրանի ուղղությամբ ավիակիր ուղարկելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, ասել է.
«Լավ, ավիակիրը, անշուշտ, վտանգավոր միջոց է։ Բայց ավիակիրից էլ ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է այն ուղարկել ծովի հատակ»:
Ալի Խամենեին հստակեցրել է, որ ԱՄՆ-ն, Դոնալդ Թրամփի պնդմամբ, ունի ամենաուժեղ բանակը, սակայն այն կարող է պարտվել ռազմական հակամարտությունում: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի դիմակայությունը շարունակվում է 47 տարի, սակայն Իսլամական Հանրապետությունը հաջողությամբ հաղթահարում է Սպիտակ տան ճնշումներն ու հարվածները: Գերագույն առաջնորդն ընդգծել է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն ոչինչ չի կարողացել անել Իրանի հետ և չի կարողանա դա անել ապագայում:
Մերձավոր Արևելքում ամերիկյան խմբավորումը Դոնալդ Թրամփի հրահանգով ուժեղացրել են երկրորդ ավիակիր խմբավորմամբ Այժմ այնտեղ տեղակայված են «USS Gerald R. Ford» և «USS Abraham Lincoln» ատոմային ծանր ավիակիրները, իսկ ավիախմբի քանակը հասել է 150 մարտական ինքնաթիռների։ Ի ուժեղացումն նրան, ուղարկվել է ռադարների կողմից գրեթե անտեսանելի 18 հատ 5-րդ սերնդի «F-35A Lightning II» սթելս- կործանիչ։ Բացի այդ, Հորդանանի «Մուվաֆակ Սալթի» ավիաբազայում հերթապահում են 12 F-35A կործանիչներ։
Ավելի վաղ տեղեկացվել էր , որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը, որոնք տեղակայված են Մեծ Բրիտանիայում, շարժվում են Մերձավոր Արևելքին ավելի մոտ: Բացի այդ, Վաշինգտոնը տարածաշրջան ՀՕՊ համակարգեր է տեղափոխում։ Աղբյուրներից մեկը նաև պատմել է Մերձավոր Արևելքում ամերիկյան մի շարք զորամիավորումների գտնվելու ժամկետների երկարաձգման մասին, որոնք պետք է լքեին տարածաշրջանն առաջիկա շաբաթներին: Ինչպես «Axios» պորտալին հղում կատարելով, այսօր գրել է «Комсомольская правда»-ն, ԱՄՆ-ը մեկ օրում Մերձավոր Արևելք է ուղարկել ավելի քան 50 կործանիչ: Ժնևում Իրանի հետ բանակցությունների ֆոնին ԱՄՆ-ն ավելի քան F-16 և F-35 կործանիչներ է տեղափոխել Մերձավոր Արևելք: Այս ամենն, անշուշտ, ահռելի ուժ է, որի կարողությունները չպետք է թերագնահատել…
ԻՀՊԿ–ի փոխծովակալի հայտարարությունը
Իրանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է «ամենակարճ ժամկետում» փակել Հորմուզի նեղուցը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալիռեզա Թանգսիրին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը փետրվարի 16-ից վարժանքներ են անցկացնում Հորմուզի նեղուցում:
ՆԱՏՕ–ում ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերի հայտարարությունը
ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր կրկնակի հարվածի սպառնալիքը պահպանվում է, քանի դեռ Վաշինգտոնի «արմադան» մնում է տարածաշրջանում. այս մասին այսօր, «РИА Новости»–ի փոխանցմամբ , հայտարարել է ՆԱՏՕ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը:
«Մի անգամ նա արդեն ոչնչացրել է նրանց միջուկային ծրագիրը «Կեսգիշերային մուրճ» գործողությամբ, և, անշուշտ, այդ սպառնալիքը պահպանվում է, քանի դեռ արմադան շատ մոտ է այդ տարածաշրջանին։ Տվյալ դեպքում բոլոր որոշումները կայացնում է նախագահ Թրամփը, բայց նա պատրաստ է դիվանագիտությանը շանս տալ և խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։ Եթե դա չաշխատի, ապա ինչպես նա (Թրամփը.- խմբ.) ասել է, դա շատ վատ օր կլինի Իրանի համար»,- ասել է Ուիթաքերը «Fox News» հեռուստաալիքի եթերում։
Ավիակիրների ներքո կատարված գործարք. զիջո՞ւմ, թե փոխզիջում՝ դեռ մնում է անորոշ
Եթե հավատանք «The Wall Street Journal» թերթի (WSJ) հրապարակմանը, ապա Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում պատրաստակամություն է հայտնել մինչև 3 տարի դադարեցնել ուրանի հարստացումը, իր պաշարների մի մասը (նշենք, որ խոսքը բարձր՝ մինչև 60 տոկոս հարստացված, բայց միջուկային էներգետիկայում չօգտագործվող ուրանի մասին է. միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ է առնվազն 80 տոկոս հարստացված ուրան) փոխանցել մեկ այլ երկրի, օրինակ՝ Ռուսաստանին, ինչպես նաև տնտեսության ոլորտում գործնական հարաբերություններ սկսել ամերիկյան կողմի հետ. այս մասին, РБК-ի փոխանցմամբ , գրել է WSJ-ը՝ հղում կատարելով իրանցի և ամերիկացի դիվանագետների շրջանում իր աղբյուրներին:
Ըստ WSJ-ի հրապարակման, որին հղում կատարելով գրել է «Московский комсомолец» -ը, Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների շրջանակներում կարող է գնալ ուրանի հարստացման ամբողջական դադարեցման և իր ռազմավարական պաշարները տեղափոխել երկրի սահմաններից դուրս: Թերթի տեղեկություններով՝ իրանցի պաշտոնյաները ոչ հրապարակային խորհրդակցությունների ընթացքում հասկացրել են, որ «կարող են առաջարկել մինչև 3 տարի ժամկետով դադարեցնել հարստացումը»:
«Axios» պարբերականի տեղեկացմամբ, Իրանը Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է տարաձայնությունների վերացման վերաբերյալ մանրամասն առաջարկներ պատրաստելու պատրաստակամության մասին: «Московский комсомолец»–ի փոխանցմամբ, Համապատասխան առաջարկությունները նախատեսվում է ներկայացնել առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։
Իր վերոնշյալ զիջումների փոխարեն, Թեհրանը, ինչպես գրել է «360» -ը, ակնկալում է տնտեսական պատժամիջոցների վերացում։ Իրանի փոխարտգործնախարար Համիդ Գանբարին հայտարարել է, որ սահմանափակումների վերացման դեպքում Իրանը պատրաստ է ԱՄՆ-ից ինքնաթիռներ գնել և ամերիկյան ներդրողներին հրավիրել տնտեսության նավթագազային և հանքարդյունաբերության ոլորտներ:
Արթուր Հովհաննիսյան