2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով՝ տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը: «Բոլոր կենսաթոշակառուներին և նպաստառուներին խնդրում և կոչ ենք անում մինչև 2026 թ․ մարտի 5-ը ներկայացնել վճարման եղանակի փոփոխության դիմումներ՝ առցանց՝ https://online.ssa.am հարթակի միջոցով կամ այցելելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն»,- ասվում է հաղորդագրությունում։               
 

Մենք այս ջրերում էլ չենք նավարկի

Մենք այս ջրերում էլ չենք նավարկի
07.11.2025 | 18:54

Մենք այս ջրերում էլ չենք նավարկի.

թևաբեկված են լաստերը բոլոր,

ուր-որ է քամու հոսքը կավարտվի,

ճայը կփնտրի ափերը մոլոր:

Իսկ փարոսները էլ չեն պեծկլտա,

խամրել է գույնը մերկ կրակների,

ո՞վ է արտասվում, ո՞վ պիտի խնդա,

ո՞վ թիրախներին պիտի կրակի:

Մեր հիշողության առագաստներին

արձագանքներ են քամիները հեզ,

մեր թևաբեկված կապույտ լաստերից

ջրասույզ եղանք խամ լողորդի պես:

Հիմա փարոսի առկայծումներում

լողում է ջրում խորտակված մի իղձ,

ջուրը մեղմորեն տանում է, բերում,

բայց ափ է հանում դեղին մի կսկիծ:

Մենք այս ջրերում էլ չենք նավարկի.

թևաբեկված են լաստերը բոլոր,

ուր-որ է քամու հոսքը կավարտվի,

ճայը չի գտնի ափերը մոլոր:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 7271

Մեկնաբանություններ