Ընդամենը 10 օր առաջ, երբ խոսում էի մանդատները վերցնելու անիմաստ լինելու մասին, արձագանքում էին հարյուրավոր ընկերներ: Հիմա արձագանքում են մատների վրա հաշված մարդիկ: Փաստորեն, ընդամենը 10 օր է հարկավոր կարծիք փոխելու, համոզվելու համար: Չեմ ցանկանում գրել կտեր ուտելու, որ ոչ մեկին չվիրավորեմ: Գիտե՞ք, միայն նիկոլական աղանդավորներն ու պետական ապարատը չեն մեղավոր, որ մուտանտը 8 տարի իշխանության է եղել, և, այսպես շարունակվելու դեպքում, մի 8 տարի էլ իշխանության կլինի, եթե այդքան երկար Հայաստանը գոյություն ունենա որպես պետություն:
Ես ամենևին դեմ չեմ մի բան որոշելուց առաջ ծանրութեթև անելուն, մտածելուն, տարբերակներ քննարկելուն և օպտիմալ տարբերակն ընտրելուն: Ես ուրիշ բան եմ ասում. դա պետք է արվեր նախօրոք, պետք էր կանխատեսել այսօրվա վիճակը: Երբ հարց է հնչեցվում, թե ի՞նչ է տալու մեզ մանդատներ չվերցնելը, ես փոխադարձ հարց եմ տալիս՝ ի՞նչ է տալու մեզ մանդատներ վերցնելը: Հարց տվողը մե՛նք պետք է լինենք, հարգելի ընդդիմադիր, պայքարող ընկերներ, ոչ թե մեզ պետք է հարց տան նրանք, ովքեր լրիվ այլ բան էին մեզ խոստանում: 2021 թվականի հետընտրական օրերի հետ դեժավյուի զգացողություն չունե՞ք արդյոք: Այն ժամանակ էլ էր ասվում, որ ԱԺ-ում ներկայությունը կօգտագործվի մուտանտին հեռացնելու համար: Հիմա երևի մտածում եք, որ այլ կե՞րպ է լինելու: Մտածեք, բայց այդ դեպքում մի մեղադրեք մուտանտին երրորդ անգամ ընտրածներին, գուցե իրենք էլ են մտածել, որ այս անգամ այլ կերպ է լինելու: Նորից եմ կրկնում՝ խոսքը միայն մանդատներ վերցնելու կամ չվերցնելու մասին չէ, խոսքը այս այլանդակ ընտրությունները լեգիտիմացնելու կամ չլեգիտիմացնելու մասին է: Մուտանտի այդքան երկար իշխանության մնալու և վերարտադրվելու մեղավորները միայն արտաքին ուժերը, պետական ապարատն ու դրա աղանդավորները չեն: Բավական է, դուրս է պետք գալ այս ճահճից: Դա անելը շատ դժվար է, բայց սկզբի համար գոնե դադարեք համոզվել, դադարեք ընդունել այն ամենը, ինչ ձեզ մատուցվում է որպես միակ ճշմարիտ տարբերակ: Հասկացեք, ձեզ արդեն երկար տարիներ հույս տալով ակտիվ են պահում: Հարցրել ե՞ք, թե ինչու: Որ հարմար պահը գա՞: Պահանջատեր եղեք, ոչ թե թողեք, որ ձեզ վրա մուննաթ գան: Մուննաթ եկողների մեջ նաև նրանք են, որ երբ դուք պայքարում էիք այս չարիքի դեմ, զրկանքներ էիք կրում, այսօրվա մուննաթ եկողները այդ չարիքի ձեռքն էին սեղմում և ժպտադեմ հանդիպումներ էին ունենում: Մեզ նման մարդիկ գործոն կդառնան այն ժամանակ, երբ կդադարեն ամեն ինչին համոզվել և հարմարվել: Ասելիք շատ կա, բայց թող զայրույթս մեղմանա՝ նոր մնացածը կասեմ:
Արամ Աբաջյան