Իշխանափոխությունից հետո առաջին քայլը՝ պետական ինքնապաշտպանություն, ոչ թե կեղծ մարդասիրություն
Իշխանափոխությունը ինքնին նպատակ չէ։ Այն ընդամենը միջոց է՝ վերականգնելու պետության ինքնիշխանությունը, անվտանգությունն ու ազգային արժանապատվությունը։ Իսկ եթե այդ փոփոխությունից հետո նոր իշխանությունը չգնա արմատական ու համակարգային քայլերի, ապա իշխանափոխությունն ընդամենը կդառնա դեմքերի ռոտացիա՝ նույն կործանարար հետևանքներով։
Այդ քայլերից առաջինը և ամենակարևորը պետք է լինի ՀՀ Քրեական օրենսգրքի արմատական վերանայումը՝ պետական դավաճանության, օտար պետությունների օգտին աշխատելու, ազգային անվտանգության խաթարման մասով։
Դավաճանությունը չի կարող «քաղաքական կարծիք» լինել
Վերջին տարիները ցույց տվեցին մի դառը ճշմարտություն․ Հայաստանում ձևավորվել է մարդկանց լայն շերտ, որոնք բացահայտ կամ քողարկված կերպով սպասարկում են թշնամու շահերը՝ տեղեկատվական դաշտում, պետական կառավարման համակարգում, «քաղաքացիական հասարակության» անվան տակ գործող կառույցներում։ Այս ամենը տեղի է ունեցել մեկ պարզ պատճառով․ դավաճանությունը Հայաստանում դադարել է լինել ծանրագույն հանցագործություն։
Երբ պետական գաղտնիք հանձնելը, բանակի դեմ աշխատելը, արտաքին թշնամու օրակարգը ներսում լեգիտիմացնելը չի բերում անխուսափելի ու դաժան պատժի, դավաճանությունը դառնում է շահավետ զբաղմունք։
Ինչու է անհրաժեշտ 1926 թ․ ՍՍՀՄ ՔՕ 58 հոդվածի վերականգնումը
Խոսքը ոչ թե խորհրդային նոստալգիայի, այլ պետական ինքնապաշտպանության մեխանիզմի մասին է։
58-1ա -«Измена Родине» (Հայրենիքի դավաճանություն)
Պետք է հստակ սահմանվի, որ օտար պետության օգտին ցանկացած գործողություն՝
•պետական գաղտնիքների փոխանցում
•թշնամական քարոզչության իրականացում
•արտաքին ուժերի հետ համակարգված քաղաքական գործունեություն
•բանակի, եկեղեցու, պետական ինստիտուտների դեմ համակարգված քայքայում,
համարվում է Հայրենիքի դավաճանություն, ոչ թե «խոսքի ազատություն»։
58-1բ - «Ответственность членов семьи изменника Родины»
Սա ամենաշատ քննադատվող, բայց ամենաարդյունավետ կետերից մեկն է։ Երբ դավաճանը գիտի, որ իր գործողությունների հետևանքները կրելու է միայն ինքը, նա հեշտությամբ ռիսկի է դիմում։ Երբ նա գիտի, որ իր դավաճանությունը կխոցի նաև իր ընտանիքի սոցիալական, իրավական ու քաղաքական կարգավիճակին, դավաճանների թիվը կտրուկ նվազում է։
Ձեր կարծիքով սա դաժանությո՞ւն է, իմ կարծիքով` ոչ, սա պետական իմունիտետ է։
Կեղծ մարդասիրությունը՝ ազգային անվտանգության թշնամի
Եթե իշխանափոխությունից հետո սկսվի «հաշտեցման», «ներելու», «բոլորին հասկանալու» գործընթացը՝
•առանց պատասխանատվության
•առանց վեթինգի
•առանց պատժի,
ապա մենք շատ արագ կստանանք հետևյալ պատկերը․ Ադրբեջանական և թուրքական գործակալների ամբողջ բանակ Հայաստանում, որոնք պարզապես կսպասեն հաջորդ հարմար պահին՝ նոր հարված հասցնելու համար։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել․ պետությունները կործանվում են ոչ թե արտաքին հարվածից, այլ ներքին անպատմելի դավաճանությունից։
Եզրակացություն
Իշխանափոխությունից հետո ընտրությունը լինելու է պարզ ու դաժան․
•կամ պետություն, որը պաշտպանում է իրեն կոշտ մեթոդներով
•կամ տարածք, որտեղ «մարդասիրության» անվան տակ ազատորեն գործում են թշնամու գործակալները
Հայաստանի համար երրորդ տարբերակ գոյություն չունի։
Հ.Գ.
Պետությունը, որը չի պատժում դավաճանին, ինքն է դատապարտում սեփական գոյությունը։ Եվ այստեղ, տեղին է հիշել հայ Ազգի Մեծանուն զավակ` Անդրանիկ Օզանյանին, «Որպեսզի թշնամիքդ քեզ հարգեն` պատժիր ազգիդ դավաճաններին»։
«Ճշմարտության ձայն»-ի ՖԲ էջից