ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի դեմ գործով հիշատակված ավելի քան 300 նշանավոր գործիչների անունները։ Ցուցակում ընդգրկված են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման և Ջո Բայդենը, նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին, բազմամիլիարդատերեր Բիլ Գեյթսը և Մարկ Ցուկերբերգը, երաժիշտներ Բոնոն և Բիյոնսեն, կինոռեժիսոր Վուդի Ալենը։               
 

ՈՒժեղ ազգը սկսվում է ոչ միայն բանակից ու տնտեսությունից, այլ նաև հավատքից

ՈՒժեղ ազգը սկսվում է ոչ միայն բանակից ու տնտեսությունից, այլ նաև հավատքից
15.02.2026 | 12:21

Փետրվարի 10-ին Ալլահշուքյուր Փաշազադեի այցը Վատիկան և հանդիպումը Ֆրանցիսկոս Պապի հետ չէր կարելի դիտարկել որպես սովորական միջկրոնական շփում։ Այն քաղաքական հստակ նպատակ ունեցող քայլ էր՝ միջազգային հանրության առաջ ամրագրելու այն վտանգավոր թեզը, թե իբր Հայ Առաքելական Եկեղեցին է խոչընդոտում «խաղաղությանը»։

Փաշազադեն փաստացի ներկայացրել է Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը, որի առանցքում հայկական կողմին մեղադրելու և սեփական գործողությունները լեգիտիմացնելու փորձն է։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Հայ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի բարձրաձայնած պահանջները որևէ ագրեսիվ բնույթ չունեն․ դրանք հիմնված են միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների վրա։

Այդ պահանջներն են՝

•անհապաղ վերադարձնել ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական պատանդներին,

•կանխել հայկական եկեղեցիների, վանքերի և սրբավայրերի ոչնչացումը Արցախում,

•ապահովել բռնի տեղահանված արցախահայության անվտանգ և արժանապատիվ վերադարձը,

•հրաժարվել նոր տարածքային պահանջներից և ուժի սպառնալիքից,

•ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

Սրանք խաղաղության հիմքերն են, ոչ թե պատերազմի կոչեր։ Սակայն հենց այս դիրքորոշումն է անհարմար նրանց համար, ովքեր փորձում են պարտադրել «խաղաղություն»՝ առանց արդարության և իրավունքների։

Ուշագրավ է, որ Փաշազադեի այցից ընդամենը չորս օր անց Հայաստանի ներսում սկսվեց քրեական վարույթ Գարեգին Բ-ի նկատմամբ։ Այս ժամանակային համընկնումը դժվար է դիտարկել որպես պատահականություն։ Տպավորություն է ստեղծվում, որ արտաքին ճնշումների և քարոզչական հողի ձևավորման ֆոնին փորձ է արվում լռեցնել այն ձայնը, որը միջազգային մակարդակով բարձրաձայնում է արցախահայության իրավունքների, գերիների ազատման և մշակութային ցեղասպանության մասին։

Եթե երկրի հոգևոր առաջնորդը հայտնվում է իրավական հետապնդման թիրախում հենց այն բանի համար, որ պաշտպանում է իր ժողովրդի իրավունքներն ու պատմական հիշողությունը, ապա դա արդեն ոչ միայն ներքաղաքական, այլև ազգային անվտանգության խնդիր է։ Այդպիսի քայլերը թուլացնում են հայկական դիրքերը միջազգային հարթակներում և ուժեղացնում հակառակ կողմի քարոզչական թեզերը։

Այսօր պայքարը միայն տարածքների կամ քաղաքական պայմանավորվածությունների շուրջ չէ։ Դա պայքար է ինքնության, պատմության, հավատքի և ազգային արժանապատվության համար։ Եվ երբ պահանջվում է պարզապես արդարություն, իսկ դրա դիմաց հնչում են մեղադրանքներ «խաղաղությանը խոչընդոտելու» մասին, ակնհայտ է դառնում, թե իրականում ով է շահագրգռված լռեցված ու անպաշտպան Հայաստան ունենալու մեջ։

Աստված պահապան լինի մեր ժողովրդին, մեր պետականությանը և մեր հոգևոր առաջնորդությանը։ Որովհետև ուժեղ ազգը սկսվում է ոչ միայն բանակից ու տնտեսությունից, այլ նաև հավատքից, հիշողությունից և արժանապատվությունից։

«Ճշմարտության Ձայն»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ