Երբ ծնողը փոքրիկի ձեռքը բռնած մտնում է եկեղեցի, նա պարզապես տարածք չի փոխում։ Նա երեխային տանում է այնտեղ, որտեղ լռությունը խոսում է, որտեղ լույսը սովորեցնում է չվախենալ խավարից, և որտեղ սիրտը սովորում է լսել։
Փոքր տարիքում մարդն աշխարհը ճանաչում է ոչ թե օրենքներով, այլ՝ կերպարներով։ Եթե նրա առաջին մեծ կերպարը Աստված է՝ որպես Սիրող Հայր, ապա ամբողջ կյանքում նա կփնտրի ոչ թե ուժ, այլ՝ սեր, ոչ թե շահ, այլ՝ ճշմարտություն։
Եկեղեցին երեխայի համար դառնում է այն վայրը, որտեղ ժամանակը դանդաղում է, որպեսզի հոգին հասցնի մեծանալ։ Այնտեղ երեխան սովորում է, որ ինքը միայն մարմին չէ, այլ նաև ներսի լույս ունի։ Իսկ մարդը, որ վաղ է հասկանում իր հոգևոր չափը, ուշ է դառնում դաժան։
Աստծու ճանաչումը մանկությունից չի նշանակում երեխային փակել աշխարհից։ Ընդհակառակը՝ նշանակում է նրան տալ ներքին կողմնացույց, որպեսզի աշխարհ մտնի առանց մոլորվելու։ Ով փոքրուց գիտի, որ կա մեկը, ով իրեն անվանում է անունով, նա չի վախենում բազմությունից և չի կորչում աղմուկի մեջ։
Աղոթքը երեխայի կյանքում դառնում է ոչ թե պարտք, այլ լեզու։ Լեզու, որով կարելի է ասել «շնորհակալ եմ», «ներիր», «վախենում եմ», «օգնի՛ր ինձ»։ Իսկ մարդը, որ ունի այդ լեզուն, չի խեղդվում իր լռության մեջ։
Երբ մենք երեխային եկեղեցի ենք տանում, իրականում նրան չենք տալիս միայն հավատք։ Մենք նրան տալիս ենք հիշողություն, որ աշխարհից վեր ինչ-որ բան կա, և աշխարհից ներս ինչ-որ լույս կա։ Եվ այդ երկուսի հանդիպման վայրն է մարդու սիրտը։
Երեխային Աստծուն ճանաչեցնելը ապագան ապահովագրել չէ։ Դա ապագան իմաստավորել է։
Տեր Հեթում քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆ