Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելը հույս ունի հաղթել Ռուսաստանին մարտադաշտում, և հեգնել, թե այն, ինչ չի հաջողվել Նապոլեոնին ու Հիտլերին, կհաջողվի եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին։«Դա սխալ, ոչ ճիշտ քաղաքական ռազմավարություն է՝ մարդկային զոհերի ահավոր քանակությամբ: Տնտեսական առումով կփլուզվի ոչ թե Ռուսաստանը, այլ Եվրամիության և այն երկրների տնտեսությունները, որոնք կմիանան նրանց»,- շեշտել է Օրբանը:               
 

Բանակցություններ՝ արցախահայության իրավունքները ներկայացնող և պաշտպանող քաղաքական սուբյեկտի առկայությամբ

Բանակցություններ՝ արցախահայության իրավունքները ներկայացնող և պաշտպանող քաղաքական սուբյեկտի առկայությամբ
14.12.2025 | 13:02

Վերջին շրջանում շրջանառվում է մի թեզ, ըստ որի՝ արցախահայության վերադարձը Արցախ «անիրատեսական գերնպատակ» է։ Այդ պնդումը հաճախ ուղեկցվում է Ադրբեջանի նախագահին վերագրվող հայտարարությամբ, թե արցախահայերը կարող են ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն և վերադառնալ՝ ապրելով նրա իշխանության ներքո։

Այս տրամաբանության շարունակությամբ հանրային դաշտում առաջ է քաշվում պարզեցված, բայց էությամբ սխալ հարցադրումը՝ «կգնա՞ք»։

Այս հարցը միտումնավոր շրջանցում է հիմնարար խնդիրը՝ ինչի շուրջ, ում հետ և ինչ պայմաններով է խոսվում վերադարձի մասին։

Ալիևը որևէ բանակցային գործընթաց չի վարում․ նա հանդես է գալիս բացառապես միակողմանի հայտարարություններով՝ բացառելով իրավահավասար երկխոսության հնարավորությունը։ Մինչդեռ վերադարձի հարցը կարող է քննարկվել միայն բանակցությունների շրջանակում, որտեղ գոյություն ունի արցախահայության իրավունքները ներկայացնող և պաշտպանող քաղաքական սուբյեկտ՝ Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև միջազգային զսպման ու երաշխավորման մեխանիզմներ։ Առանց այդ բաղադրիչների ցանկացած «առաջարկ» չի կարող դիտարկվել որպես լուծում․ այն պարտադրանք է։

Արցախ վերադարձի իրավունքը անիրատեսական ծրագիր չէ․ այն հիմնարար, միջազգային իրավունքով ճանաչված իրավունք է։ Այն «անիրատեսական», իսկ երբեմն նույնիսկ «վտանգ» է ներկայացվում միայն այն պարագայում, երբ բացակայում է քաղաքական կամքը այդ իրավունքը պաշտպանելու և դրա իրացման համար պայքարելու ուղղությամբ։

Հետևաբար «կգնա՞ք» հարցը կեղծ է իր բնույթով։ Իրական և քաղաքականապես բովանդակային հարցը հետևյալն է՝ կլինե՞ն արդյոք բանակցություններ, որոնց շրջանակում արցախահայությունը կդիտարկվի որպես իրավունքների կրող կողմ, այլ ոչ թե լռեցված և որոշումների ենթակա օբյեկտ։ Քանի դեռ այս հարցը չի դրվում օրակարգ, «անիրատեսականության» կամ «վտանգի» մասին խոսույթը ծառայում է միայն մեկ նպատակի՝ արդարացնել սեփական անգործությունը և օրինականացնել բռնի տեղահանումը։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 4101

Մեկնաբանություններ