Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ միջազգային կանոնների նախկին համակարգն այլևս չի գոչծում։ «Մեզ ավելի ու ավելի են հիշեցնում, որ ապրում ենք մեծ տերությունների մրցակցության դարաշրջանում։ Ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են հանդուրժել այն ամենը, ինչ պարտադրվում է իրենց: Եթե դուք սեղանի շուրջ չեք, ուրեմն ճաշացանկում եք»,- ասել է Քարնին։                
 

Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից. լարվածությունը գնալով մեծանում է. 2

Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից. լարվածությունը գնալով մեծանում է. 2
23.01.2026 | 12:19

Սկիզբը՝ այստեղ

Իրանին ամերիկյան հարվածի հավանականությունը կմեծանա տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումից հետո. այս մասին «Bloomberg»-ին պատմել են «Eurasia Group»-ի վերլուծաբանները: Առաջիկայում «USS Abraham Lincoln» ավիակրի գլխավորությամբ այնտեղ կհասնի ամերիկյան ավիակիր հարվածային խումբը։

«Fox News»-ը, հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնել է, որ առաջիկա օրերին և շաբաթներին տարածաշրջան կժամանեն ամերիկյան ռազմական ուժեր՝ օդով, ցամաքով և ծովով, որպեսզի հնարավորություն ընձեռեն Թրամփին, եթե վերջինս որոշի հարվածներ հասցնել Իրանին:

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական հզորության աճը շարունակվում է։ Ըստ «The War Zone» (TWZ) առցանց պարբերականի, դա Թրամփի վարչակազմին հնարավորություն է տալիս Իրանին մոտ ժամանակներս հարվածներ հասցնելու համար: Համաձայն նույն հրապարակման, «USS Abraham Lincoln» ավիակիր հարվածային խումբն անցել է Մալաքայի նեղուցով և շրջվել դեպի արևմուտք, Բենգալյան ծոցի կողմ: Դրանից հետո նավերի վրա անջատվել են տրանսփոնդերները:

Բացի վերոնշյալից, Մերձավոր Արևելք, ըստ հոդվածի, տեղափոխվում են լրացուցիչ մարտական և բեռնատար ինքնաթիռներ, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռներ: Առցանց թրեքերների տվյալներով ՝ «F-15E Strike Eagles» կործանիչները «KC-135 Stratotanker» լցավորող ինքնաթիռների ուղեկցությամբ Բրիտանական Լեյքենհիտից ուղևորվել են Մերձավոր Արևելք: ԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) երեքշաբթի հրապարակել է Մերձավոր Արևելքում F-15E -ի վայրէջքի լուսանկարները:

Այս կործանիչները, ինչպես նշել է TWZ-ն, հիմնական զենքն են Մերձավոր Արևելքում և տասը տարի գրեթե մշտապես առկա են Հորդանանում: Նրանք կարևոր դեր են խաղացել Իսրայելին իրանական անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների բազմաթիվ հարձակումներից պաշտպանելու գործում:

Պարբերականը հայտնել է նաև Մերձավոր Արևելք ուղևորվող «C-17 Globemaster III» բեռնատար ինքնաթիռների քանակի ավելացման մասին: Իրանի դեմ ցանկացած գործողություն կպահանջի հակաօդային պաշտպանության համակարգերի, նյութական միջոցների և զորքերի տեղափոխում ու կենտրոնացում: CENTCOM-ն X սոցցանցի իր էջում օրերս տեղադրել է EAGLS հակահրթիռային համալիրի լուսանկարը, որը բերվել է տարածաշրջան:

Ավելին. Պենտագոնը Մերձավոր Արևելք է տեղափոխել նաև «M1 Abrams» տանկեր ու «M2 Bradley» մարտական մեքենաներ։ Թեև, ինչպես ընդգծել է TWZ-ն, պարզ չէ, թե նրանք արդյոք կմասնակցե՞ն Իրանի դեմ հնարավոր գործողությանը: Պարբերականն ընդգծել է, որ ամբողջ աշխարհը քարացել է Մերձավոր Արևելքում «առաջին կրակոցի» սպասմամբ։

«Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե վաղն ինչ կբերի Իրանին, բայց մի բան պարզ է՝ ինչ էլ որ պատահի, Իրանն այլ կերպ կդառնա»,- օրերս ցինիկաբար իր երազանքն է արտահայտել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն։

Ըստ «The Wall Street Journal»-ի հրապարակման, ԱՄՆ-ի նախագահը կարող էր հետաձգել Իրանին հարվածը, քանի դեռ Մերձավոր Արևելք բավարար ռազմական ուժեր չեն տեղափոխվել: Փորձագետների կարծիքով, Իրանին ամերիկյան հարվածի հավանականությունը 2026թ. առաջին կիսամյակում բարձր կմնա:

Սպիտակ տանը նշել են, որ ռազմական սցենարը հնարավորներից միայն մեկն է։ Նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ ավիահարվածները նախագահի կողմից դիտարկվող «շատ ու շատ տարբերակների» շարքում են: Ինքը՝ Դոնալդ Թրամփը, իրանցի ցուցարարներին ավելի վաղ խոստացել է, որ «օգնությունն արդեն ճանապարհին է»։

Իսրայելական և ամերիկյան շահագրգիռ վերլուծաբանների կարծիքով, «Իրանն ի վիճակի չէ վերացնել բողոքի ցույցերի արմատական պատճառները», ինչը կարող է հանգեցնել խռովությունների վերսկսմանը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «սպառնալիքների և ռազմական ուժի կիրառման նոր պատրվակ» տալ: Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ- ն կհետևի Իրանին, նախքան ռազմական գործողությունների վերաբերյալ հետագա որոշումներ կայացնելը:

Հենց այստեղ հարկ է նշել, որ իսրայելական և ամերիկյան շահագրգիռ վերլուծաբանները և ԶԼՄ-ները նպատակ ունենալով սրել Իրանի իշխանությունների նկատմամբ տեղի բնակչության ընդդիմադիր հատվածի և Իրանից դուրս արևմտյան հասարակությունների դժգոհությունը, Իրանում գունավոր հեղափոխության փորձի և խժդժությունների հետևանքով զոհերի թիվը գրեթե երկու անգամ ուռճացված են ներկայացրել՝ շուրջ 5000, որից մոտ 500-ը՝ ուժայիններից, մինչդեռ Իրանի պաշտոնական աղբյուրներից ստացված թարմ տեղեկատվության համաձայն, իրականում զոհվել է 3117 հոգի:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ միջազգային արենայում, աշխարհաքաղաքական հարցերում իրենց դաշնակից Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը կանխելու համար ի՞նչ են անում Ռուսաստանը և Չինաստանը թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով: Նրանք, իհարկե, անտարբեր չեն, կատարել ու կատարում են որոշակի քայլեր, թեև, հեղինակիս համոզմամբ, ավելի կոշտ ու վճռական միջոցների դիմելու անհրաժեշտություն կա: Շատ կուզենայի այս հարցում սխալված լինել, և այն ամենը, ինչ արել և անում են Ռուսաստանը և Չինաստանը, բավարար լինեն Իրանին ամերիկյան հարվածը կանխելու համար: Այս ամենի մասին՝ առաջիկայում մեկ այլ հրապարակմամբ:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 275

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ