Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Ձայն բազմաց՝ ձայն Աստծո՞. արդյո՞ք դա այդպես է

Ձայն բազմաց՝ ձայն Աստծո՞. արդյո՞ք դա այդպես է
10.06.2026 | 11:21

Շատերն այս արտահայտությունն օգտագործում են՝ կարծելով, թե այն աստվածաշնչյան ծագում ունի։ Սակայն, «Ձայն բազմաց, ձայն Աստծո» արտահայտությունը (լատ. Vox populi, vox Dei - ժողովրդի ձայնը՝ Աստծո ձայն) Սուրբ Գրքում չի հանդիպում և աստվածաշնչյան խոսք չէ։ Այն ունի հասարակական-քաղաքական ծագում և հայտնի է դեռևս 8-րդ դարից։ Ավելին՝ հայտնի աստվածաբան և գիտնական Ալկուինը 798 թվականին Կառլոս Մեծ կայսրին ուղղված իր նամակում քննադատում է այդ գաղափարը՝ գրելով. «Չպետք է լսել նրանց, ովքեր սովորություն ունեն ասելու, թե ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է, որովհետև ամբոխի սանձարձակությունը միշտ շատ մոտ է խենթությանը»։

Աստվածաշնչում ամենամեծ ողբերգությունները, գերություններն ու պատուհասները տեղի են ունեցել հենց այն ժամանակ, երբ մեծամասնությունը (երբեմն՝ ողջ ժողովուրդը՝ իր առաջնորդներով հանդերձ) կայացրել է հավաքական սխալ որոշում՝ մերժելով Աստծուն և փոքրամասնություն կազմող մարգարեներին։ Ավելին, Աստվածաշունչը բազմաթիվ դրվագներում ցույց է տալիս, որ «բազմության ձայնը» շատ հաճախ սխալվում է, ընկնում մոլորության մեջ և հեռանում ճշմարտությունից։

Ահա մի քանի վառ օրինակներ հենց Սուրբ Գրքից.

1․ Նախ, Մովսեսին տրված օրենքում Աստված հստակ զգուշացնում է կուրորեն բազմությանը հետևելու վտանգի մասին. «Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր։ Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով...» (Ելք 23:2)։

2․ Երբ Մովսեսը Աստծո պատվիրանները ստանալու համար Սինա լեռան վրա էր, ժողովրդի մեծամասնությունը կորցրեց համբերությունը։ Նրանք դիմեցին Ահարոնին և պահանջեցին երկրպագության համար տեսանելի կուռք ստեղծել (Ելք 32:4)։ Այս կռապաշտության պատճառով Աստծո բարկությունը բորբոքվեց և ժողովրդից մոտ երեք հազար մարդ կոտորվեց Մովսեսի հրամանով (Ելք 32:27-28)։

3․ Երբ Մովսեսը 12 հետախույզ ուղարկեց Քանանի երկիրը քննելու համար, նրանցից տասը, այսինքն՝ մեծամասնությունը, վերադառնալուց հետո տագնապ ու վախի մթնոլորտ տարածեցին՝ ասելով, որ այնտեղի բնակիչները հսկաներ են, և իրենք չեն կարող հաղթել նրանց։ Միայն երկուսը՝ Հեսուն և Քաղեբը հորդորեցին վստահել Աստծուն (Թվեր 13-14)։ Աստված դատապարտեց այդ ամբողջ սերնդին և նրանք 40 տարի թափառեցին անապատում, և այդ մեծամասնությունից ոչ ոք, բացի հավատարիմ երկուսից, չմտավ Ավետյաց երկիր։

4․ Դարեր շարունակ Իսրայելը կառավարվում էր Աստծո կողմից՝ դատավորների միջոցով։ Սակայն ժողովրդի ծերերն ու մեծամասնությունը հավաքվեցին Սամուել մարգարեի մոտ և պահանջեցին իրենց վրա թագավոր կարգել, որպեսզի իրենք էլ նմանվեն բոլոր մյուս ազգերին (Ա Թագ. 8:20)։ Նրանք մերժեցին Աստծուն, որպես թագավոր, ինչը հետագայում դարձավ պետականության հետագա պառակտման, անիրավության և հոգևոր անկման սկիզբը, ընդհուպ մինչև Բաբելոնյան գերություն։

5․ Պատերազմ գնալուց առաջ Աքաաբ արքան հավաքեց շուրջ 400 կեղծ մարգարեների, որոնք բոլորը միաբերան հաճոյախոսում էին թագավորին և հաջողություն գուշակում։ Միայն մեկը՝ Միքիա մարգարեն ասաց ճշմարտությունը, որ պատերազմը կործանարար է լինելու, արքան սպանվելու է և հերքեց մեծամասնության մոլորեցնող կարծիքը, որն Աստծուց չէր (Գ Թագ․ 22)։

6․ Քրիստոսի խաչելությունը «բազմության ձայնի» ամենաողբերգական դրսևորումներից մեկն է։ Հավաքված ամբոխը, առաջնորդների կողմից գրգռված ու մոլորված, միաձայն գոռում էր. «Խա՛չը հանիր դրան» (Յովհ. 19:6) և պահանջում էր ազատ արձակել ավազակ Բարաբբային։ Այդ պահին բազմության ձայնը սատանայական կուրության ձայնն էր, ոչ թե Աստծո։

7. Քրիստոս Ինքն է հաստատում, որ մեծամասնությունը հաճախ ընտրում է սխալ ճանապարհը. «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ․ 7:13-14)։

Այնպես որ, քրիստոնեական և աստվածաշնչյան ընկալմամբ՝ Ճշմարտությունը երբեք չի որոշվում մեծամասնության թվով կամ բազմության ձայնով։ Աստծո ձայնը հաճախ հնչում է հենց միայնակ մարգարեների շուրթերով, որոնք կանգնում են մոլորված ամբոխի առաջ։ Իսկ Աստծուն հավատարիմ մարդիկ կազմում են փոքրամասնություն և կոչվում «փոքր հոտ» (Ղուկ․ 12:32)։ Քրիստոնյան յուրաքանչյուր հանրային հնչեցված կարծիք պետք է քննի Աստծո խոսքի և ճշմարտության լույսի ներքո, անկախ նրանից՝ այն փոքրամասնության, թե մեծամասնության կարծիք է։

Հանրային կարծիքը կամ մեծամասնության որոշումը ինքնին ճշմարտության չափանիշ չեն։ Երբեմն բազմությունը կարող է ճիշտ լինել, երբեմն՝ սխալ։ Քրիստոնեական չափանիշը ոչ թե մարդկանց թիվն է, այլ Աստծո ճշմարտությունը։ Փրկությունն ու ճշմարտությունը միշտ եղել են նրանց կողմը, ովքեր, նույնիսկ փոքրամասնություն կամ մենակ լինելով, հավատարիմ են մնացել Աստծուն, Նրա Եկեղեցուն ու սրբություններին։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 199

Մեկնաբանություններ