«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Աղվեսի գունազարդ պոչը. ԿԸՀ նախագահի պատասխանը և չփակված սողանցքը

Աղվեսի գունազարդ պոչը. ԿԸՀ նախագահի պատասխանը և չփակված սողանցքը
10.06.2026 | 15:14

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, արձագանքելով ընտրատեղամասերից քվեաթերթիկներ դուրս բերելու վերաբերյալ բարձրացված մտահոգություններին, հայտարարել է, որ գործող կարգը որևէ սահմանափակում չի նախատեսում, և քաղաքացին կարող է իր հետ դուրս տանել այնքան քվեաթերթիկ, որքան կցանկանա։ Ավելին՝ ԿԸՀ նախագահը սա ներկայացնում է որպես գործող կանոնակարգերից բխող բնական երևույթ։

Սակայն հենց այստեղ է «ԱՂՎԵՍԻ ԳՈՒՆԱԶԱՐԴ ՊՈՉԸ»։ Որևէ մեկը չի պնդում, թե ընտրախախտումն արդեն ապացուցված է։ Սակայն ժողովրդավարական ընտրակարգում կարևոր չէ միայն արձանագրել արդեն կատարված խախտումները։ Պակաս կարևոր չէ կանխել այն հնարավորությունները, որոնք կարող են ծառայել ընտրողի կամքի վերահսկման, ճնշման կամ կեղծիքի գործիք։

Եթե ընտրողը կարող է ընտրատեղամասից դուրս բերել չօգտագործված քվեաթերթիկ, ապա արդեն իսկ պիտի ստեղծվի վերահսկման մեխանիզմ: Բավական է որևէ ազդեցիկ պաշտոնյա, համայնքի ղեկավար կամ քաղաքական ուժ հանձնարարի քաղաքացիներին դուրս բերել որոշակի համարի քվեաթերթիկը։ Այդ քվեաթերթիկը կարող է դառնալ հաշվետվության միջոց։ Ոչ թե որպես ուղղակի ապացույց, թե ում օգտին է քվեարկել քաղաքացին, այլ որպես ապացույց, թե ում օգտին նա չի քվեարկել։

Հենց այդ պատճառով է մեր հարցադրումը։ Եթե լրատվամիջոցում հրապարակված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, և Արմավիրի մարզպետը իր շրջապատում պահանջել է դուրս բերել թիվ 3 քվեաթերթիկը, ապա խնդիրը ոչ թե միայն այդ հայտարարությունն է, այլ այն, որ նման պահանջն ԻՐՈՔ հնարավոր էր կատարել։ Ինչո՞ւ հենց թիվ 3։ Որովհետև տվյալ ընտրությունում այդ համարը պատկանում էր այն քաղաքական ուժին, որը շատերի կողմից դիտվում էր որպես իշխանության հիմնական մրցակից։ Եթե գլխավոր մրցակիցը մեկ ուրիշը լիներ, հնարավոր է պահանջվեր մեկ այլ համարի քվեաթերթիկ։ Դա է «մեխանիզմը»:

Եվ եթե այսօր որևէ մեկը հայտարարում է, թե նման դեպքեր չեն ապացուցվել, ինքնին դեռ չի նշանակում, որ դրանք չեն եղել։ Բազմաթիվ ընտրախախտումներ առանձնանում են հենց նրանով, որ դրանց ապացուցումը դժվար կամ գրեթե անհնար է դառնում։ Այդ պատճառով էլ ընտրական օրենսդրության և ընթացակարգերի նպատակը պետք է լինի ոչ թե միայն արդեն կատարված խախտումների բացահայտումը, այլ դրանց հնարավորության վերացումը։ ԿԸՀ նախագահի տրամաբանությունը հիշեցնում է այն գյուղացուն, որի պարկից ցորենը սողանցքով թափվում է դուրս։ Դա նկատելով՝ նա կամ պետք է փակի անցքը, կամ պետք է հաշտվի կորուստների հետ։ Ոչ ոք լուրջ չի ընդունի այն գյուղացուն, որը կասի՝ «սողանցքը կա, բայց թող հոսի, կանոնակարգը չի արգելում»։ Նույնը վերաբերում է նաև ընտրություններին։ Եթե գոյություն ունի կեղծիքի հնարավորություն, ապա պետության պարտականությունն է փակել այդ հնարավորությունը, ոչ թե արդարացնել դրա գոյությունը։

Հետևաբար հարցը շատ պարզ է. ինչո՞ւ ընտրություններից առաջ չեզոքացված չէր այդ ռիսկը։ Լուծումն էլ դժվար չէ։ Ընտրողը քվեարկությունից հետո պետք է իր հետ դուրս բերի բոլոր չօգտագործված քվեաթերթիկները։ Հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների և ներկաների ներկայությամբ դրանք պետք է հաշվարկվեին, թիվը ֆիքսվեր, որից հետո նետվեին հատուկ նախատեսված առանձին արկղի մեջ։ Այդ արկղը պետք է գտնվեր տեսանելի վայրում, ընտրական տեղամասի կենտրոնական հատվածում, և քվեարկության ավարտից հետո կնքվեր ու մյուս ընտրական նյութերի հետ փոխանցվեր պահպանման։ Այսպիսի պարզ մեխանիզմը գործնականում կվերացներ ընտրատեղամասից քվեաթերթիկներ դուրս բերելու հնարավորությունը և դրանով պայմանավորված բոլոր կասկածները։

Ժողովրդավարական ընտրությունների որակը որոշվում է ոչ միայն քվեների հաշվարկով, այլ նաև այն հանգամանքով, թե որքան քիչ են կեղծիքի հնարավորությունները։ Հետևաբար ցավը ոչ թե այն է, որ ինչ-որ մեկը դեռ չի ապացուցել տվյալ սխեմայի կիրառումը, այլ այն է, որ պետությունը չի վերացրել այդ սխեմայի հնարավորությունը։ Հենց այստեղ է ԿԸՀ նախագահի պատասխանի գլխավոր թուլությունը։ Նա փորձում է պաշտպանել կանոնակարգը, մինչդեռ հանրությունն իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ այդ կանոնակարգը նախապես չէր պաշտպանում ընտրությունների նկատմամբ վստահությունը։

Վահագն Հովակիմյանը երկար տարիներ եղել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակիցը և աշխատել նրա ղեկավարած մամուլի դաշտում։ Այդ պատճառով էլ հանրության մի մասի համար բնական է այն տպավորությունը, որ նա հաճախ հանդես է գալիս ոչ թե որպես ընտրական գործընթացի խիստ ու անաչառ պահապան, այլ որպես գործող իշխանության որոշումների պաշտպան։ Ճիշտ թե սխալ՝ այդ ընկալումն արդեն գոյություն ունի։ Եվ այն ավելի է խորանում, երբ ակնհայտ ռիսկերի վերաբերյալ հնչում են ոչ թե լուծումներ առաջարկող, այլ արդարացնող բացատրություններ։

Ընտրությունների նկատմամբ վստահությունը պահպանվում է ոչ թե այն ժամանակ, երբ պաշտոնյաները հայտարարում են, որ ամեն ինչ օրենքի շրջանակում է եղել, այլ այն ժամանակ, երբ օրենքն ու ընթացակարգերը փակել են բոլոր այն դռները, որոնց միջով կարող էր ներս մտնել կասկածը։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 171

Մեկնաբանություններ