Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է այն փաստը, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են «խաղաղ և հանդարտ մթնոլորտում»։ «Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։               
 

Թերագնահատելու և սխալներ փնտրելու փոխարեն՝ սովորենք տեսնել բարին

Թերագնահատելու և սխալներ փնտրելու փոխարեն՝ սովորենք տեսնել բարին
04.06.2026 | 11:21

Երբ մարդու մեջ տեսնում եք այն գեղեցիկը, որով նա տարբերվում է մյուսներից, առանց վարանելու նրան ասացե՛ք այդ մասին։ Ձեր սրտից բխած անկեղծ գնահատականը նա հիշելու է և իր հետ տանելու է ամբողջ կյանքի ընթացքում։

Ավա՜ղ, մարդկանց մեծ մասը հեռանում է այս աշխարհից՝ այդպես էլ իրենց ողջության ժամանակ չլսելով ամենակարևորը՝ որ իրենք յուրահատուկ են, որ իրենք թանկ են, սիրված ու կարևոր։ Մինչդեռ մահից հետո նրանց մասին անվերջ գովեստներ են հնչում... Իսկ ապրած տարիներին նրանք անընդհատ լսում են միայն այն, թե ինչն է իրենց մեջ սխալ և թե ինչպես պիտի փոխվեն։

Բայց հիշե՛նք, անկեղծ խոսքերն ու գնահատականները մեծ ուժ ունեն։ Թե՛ լավ խոսքը և թե՛ վատ խոսքը դրոշմվում են հոգու մեջ։ Յուրաքանչյուր անգամ, երբ մարդը մտաբերում է իր հասցեին հնչած լավ խոսքն ու գնահատանքը, դա նրան ապրելու և դժվարությունները հաղթահարելու նոր ուժ է տալիս։ Իսկ երբ հիշում է վատ խոսքն ու դաժան գնահատականը, դա ճնշում է նրան, մեկուսացնում ու խլում արարելու կարողությունը։

ՈՒրեմն, թերագնահատելու և սխալներ փնտրելու փոխարեն՝ սովորե՛նք տեսնել բարին։ Եվ երբ դիմացինի մեջ նկատում ենք այդ գեղեցիկը, բարձրաձայնե՛նք այդ մասին։

Հեռու վանենք անտարբերությունն ու քննադատությունը, տա՛նք մարդկանց ապրելու ուժ, քանի դեռ այդ հնարավորությունն ունենք, քանի դեռ ուշ չէ:

Տեր Հայկ քահանա ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ